Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարը մտքեր փոխանակեցին Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շուրջ

Հունիս 30,2020 15:21

Հունիսի 29-ին տեղի ունեցավ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ։

Զրուցակիցները հանգամանալից մտքեր փոխանակեցին նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված խնդիրների և դրանց հաղթահարման ուղղությամբ ազգային մակարդակով ձեռնարկվող քայլերի շուրջ՝ ընդգծելով համավարակի դեմ պայքարում միջազգային համերաշխության և համագործակցության կարևորությունը։ Այդ համատեքստում նախարար Մնացականյանը շնորհակալություն հայտնեց ԱՄՆ կառավարությանը՝ Հայաստանին ցուցաբերվող ֆինանսական աջակցության համար։

Զոհրաբ Մնացականյանը և Ֆիլիպ Ռիքերն անդրադարձան երկկողմ օրակարգի մի շարք հարցերի: Կարևորվեց հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության և Առևտրի ու ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի շրջանակներում ինչպես հեռավար, այնպես էլ՝ համավարակից հետո անմիջական ձևաչափով շփումների շարունակումը և ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը:

ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարը մտքեր փոխանակեցին Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շուրջ, որը ներառում է կոռուպցիայի դեմ պայքարի, արդարադատության, իրավապահ ոլորտները: Այս համատեքստում նախարար Մնացականյանը բարձր գնահատեց ԱՄՆ կողմից ցուցաբերվող շարունակական աջակցությունը:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև քաղաքացիների հետ ընդունման հարցերով համագործակցությանը: ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարը հայտնեց, որ արժևորելով այդ ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկված քայլերը՝ ԱՄՆ Ազգային անվտանգության դեպարտամենտը դուրս է բերել Հայաստանը ռիսկային երկրների ցանկից և ներառել քաղաքացիներին հետ ընդունման հարցերով համագործակցող երկրների ցանկում:

«Կրոնական ազատությունների դաշինքի» շրջանակներում համագործակցության համատեքստում նախարար Մնացականյանը ներկայացրեց մերձավորարևելյան տարածաշրջանում կրոնական և էթնիկ փոքրամասնությունների պատմամշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ Հայաստանի կողմից նախաձեռնված ծրագրերը:

Զոհրաբ Մնացականյանը և Ֆիլիպ Ռիքերը քննարկեցին նաև միջազգային և տարածաշրջանային կարևորության մի շարք հարցեր:

Հայաստանի ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատարը մտքեր փոխանակեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումների շուրջ:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930