Մենք պարտավոր ենք հիշել, թե 2020թ. Արցախյան պատերազմի ժամանակ որ պետությունն ինչ դեր խաղաց, ով կրավորական դեր խաղաց, ով ինչ էր ասում, հայտարարում, սեպտեմբերյան վավերագրերն ավելի քան խոսուն են, դեռ կան։ Ներկայացնենք www.aravot.am–ից հատվածներ։
«Մոսկվան կոչ է արել անհապաղ դուրս բերել ահաբեկիչներին և վարձկաններին Ղարաբաղից»
Ռուսաստանը մտահոգված է Սիրիայից և Լիբիայից ղարաբաղյան հակամարտության գոտի գրոհայիններ տեղափոխելու մասին լուրերից և կոչ է անում օտարերկրյա ահաբեկիչներին և վարձկաններին անհապաղ դուրս բերել տարածաշրջանից։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։ «Ըստ ստացվող տեղեկությունների՝ ղարաբաղյան հակամարտության գոտում մարտական գործողություններին մասնակցելու համար իրականացվում է ապօրինի զինված խմբավորումների գրոհայինների տեղակայում, մասնավորապես Սիրիայից և Լիբիայից։ Խորապես մտահոգված ենք այդ գործընթացների կապակցությամբ, որոնք ոչ միայն ավելի են սրում իրավիճակը հակամարտության գոտում, այլ նաև երկարաժամկետ սպառնալիք են ստեղծում տարածաշրջանի բոլոր երկրների համար։ Կոչ ենք անում շահագրգիռ պետությունների ղեկավարությանը գործուն միջոցներ ձեռնարկել օտարերկրյա ահաբեկիչներին և վարձկաններին հակամարտության գոտուց անհապաղ դուրս բերելու համար»,- հայտնել են գերատեսչությունից։
Կարդացեք նաև
«BBC-ն զրուցել է սիրիացի վարձկանի հետ, որը խոստովանել է, որ հայտնվել է Ադրբեջանում՝ Թուրքիայի տարածքով»
Նա պատմել է, որ հավաքագրվել է «Սիրիական ազգային բանակ» թուրքամետ կազմակերպության հրամանատարներից մեկի կողմից։ Նրա խոսքով` իրեն առաջարկել են ռազմական օբյեկտների պահպանությամբ զբաղվել, ամսական վճարել երկու հազար դոլար։ Նա Ադրբեջանում հայտնվել է Թուրքիայի տարածքով։ Սիրիացին մասնակցել է Արցախում ռազմական գործողություններին, նա տեսել է սիրիացի 10 զոհերի դիակները և մոտ 70 սիրիացի վիրավորներ, որոնց բժշկական օգնություն չի տրվել։
«Զոհրաբ Մնացականյանը Սերգեյ Լավրովին մտահոգություն է հայտնել Թուրքիայի կողմից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների հավաքագրման, Ադրբեջան տեղափոխման և մարտական գործողություններում ներգրավելու առնչությամբ»
Սեպտեմբերի 30-ին տեղի ունեցավ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը: ԱԳ նախարար Մնացականյանն իր ռուս գործընկերոջը համապարփակ ներկայացրեց Արցախի հետ շփման գծի երկայնքով Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրության վերջին զարգացումները: Այս համատեքստում նախարար Մնացականյանը խստորեն դատապարտեց Թուրքիայի՝ անմիջական ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական ներգրավվածությունն Ադրբեջանի կողմից իրականացվող մարտական գործողություններում ինչպես Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծում, այնպես էլ՝ հայ–ադրբեջանական սահմանին։
«ԱՄՆ կոնգրեսականները դատապարտել են Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան»
ԱՄՆ Կոնգրեսի բազմաթիվ անդամներ՝ ինչպես Սենատից, այնպես էլ Ներկայացուցիչերի պալատից, հայտարարություններ են տարածել, որոնցով դատապարտում են Ադրբեջանին և Թուրքիային՝ ազատ և անկախ Արցախի Հանրապետության դեմ ռազմական հարձակման համար, հարձակում, որն ընդլայնվեց նաև դեպի Հայաստան: «Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը ԱՄՆ Կոնգրեսին կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել Բաքվում Ալիևի ռեժիմին տրամադրվող ԱՄՆ ռազմական օգնությունը դադարեցնելու և Թուրքիայի դեմ լայն ռազմական և տնտեսական պատժամիջոցներ կիրառելու համար», – ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը: Հարձակումից հետո առաջին 48 ժամվա ընթացքում Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը և իր աջակիցները ավելի քան 100 000 նամակ են ուղարկել Սպիտակ տուն, մասնավորապես, հորդորելով դադարեցնել ԱՄՆ ռազմական օգնությունն Ադրբեջանին, պատժել ՆԱՏՕ–ի «դաշնակից» Թուրքիային:
«Հունաստանը պահանջել է Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստ գումարել»
Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը ԵԱՀԿ–ում նախագահող Ալբանիային ուղղված իր նամակում գրել է հետևյալը․ «Հունական նախաձեռնությունը նպատակ ունի ԵԱՀԿ շրջանակներում քննարկում անցկացնել ներգրավված երկու կողմերի մասնակցությամբ և քննարկել ճգնաժամը լիցքաթափելու բոլոր հնարավոր ուղիները: Մեր նպատակն է վերսկսել ԵԱՀԿ Մինսկի խմբում բանակցությունները հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ»։
«Ֆրանսիան անընդունելի և վտանգավոր է համարում Թուրքիայի ռազմաշունչ հայտարարությունները»․ Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պլանավորում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիներ որոնելու հարցով հեռախոսային բանակցություններ վարել Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին Մակրոնը հայտարարել է այսօր՝ Լատվիա կատարած այցի ընթացքում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Այս թեմայով զբաղվում է միջնորդների միջազգային իրավասու խումբը՝ ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի, որի մեջ մտնում են Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ–ն: Մենք մեր գործընկերների հետ կապի մեջ ենք առաջին ժամերից` արտգործնախարարների և իմ մակարդակով: Այսօր երեկոյան ես նախատեսում եմ կապվել նախագահ Պուտինի հետ և կարծում եմ վաղը` նախագահ Թրամփի հետ, որպեսզի այս թեմայով մտքեր փոխանակենք և լուծումներ գտնենք»,- ասել է Մակրոնը և հավելել, որ Մինսկի խմբի նախարարներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն նաեւ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ։ Նա շեշտել է, որ «իր գնահատականներում շարունակում է մնալ չափազանց զգույշ, բայց պարզ է, որ սա սուր հակամարտություն է»։
«Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մեկնաբանությունը»
Ադրբեջանա–ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության աճի վերաբերյալ սեպտեմբերի 29-ին տեղի ունեցած փակ քննարկումների արդյունքներով ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի անդամները խստորեն դատապարտել են ուժի գործադրումը և իրենց աջակցությունն են հայտնել ՄԱԿ–ի Գլխավոր քարտուղարի կոչին` անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, նվազեցնել լարվածությունը և վերադառնալ կառուցողական բանակցությունների: ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի անդամներն իրենց լիակատար աջակցությունն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կենտրոնական դերին:
«Երկխոսությունն ու համագործակցությունը տևական լուծումների հասնելու միակ ուղին են». Չեռնոգորիայի նախագահ
Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի թվիթերյան գրառումը. «Կիսում եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերսկսված մարտական գործողությունների առիթով հնչեցված լուրջ մտահոգությունները։ Մենք միանում ենք ԵՄ խորհրդի՝ ռազմական գործողությունների դադարեցման, հետագա էսկալացիայի կանխման և առանց նախապայմանների բանակցություններին վերադառնալու կոչին։ Երկխոսությունն ու համագործակցությունը տևական լուծումների հասնելու միակ ուղին են»։
«Ուժը կորցրած է ճանաչվել Հայ–ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստին մասնակցելու նպատակով ՌԴ պատվիրակություն գործուղելու որոշումը»
«28 սեպտեմբերի 2020, 1103 –Ա Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի օգոստոսի 26-ի N 966-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի՝ 1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի օգոստոսի 26-ի «Հայ–ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստին մասնակցելու նպատակով Ռուսաստանի Դաշնություն պատվիրակություն գործուղելու մասին» N 966-Ա որոշումը:
Նիկոլ Փաշինյան»։
«Այս պատերազմի հասցեատերերից մեկը հենց Իրանն է, քանի որ այն ուղղված է նաև Իրանի դեմ». Արայիկ Հարությունյան
«Արայիկ Հարությունյանի կարծիքով՝ այդ նույն վարձկանները փորձանք են դառնալու Ադրբեջանի ժողովրդի համար: Փաստմանը՝ ՀՀ–ն քննարկում է Արցախի անկախության ճանաչման հարցը և հարցին՝ ի՞նչ եք Դուք մտածում, Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Բոլոր հարցերը քաղաքական՝ հետագա մեր հարաբերությունների և ընդհանուր առմամբ մեր քաղաքական օրակարգի հետ կապված ընթացքում են, և որոշումը լինելու է այնպիսին, որ ապագայում քաղաքական դաշտում միջազգային հանրության կողմից Արցախի ճանաչման հարցում՝ ինքնորոշման իրավունքի իրացման առումով մենք խնդիրներ չունենանք»։
«Արցախյան հակամարտության լուսաբանումը իտալական մամուլում»
«Վերջին օրերին Արցախի հակամարտության սրացման առնչությամբ Իտալիայի Արտաքին գործերի նախարարությունը սեպտեմբերի 27–ին տարածել էր հայտարարություն, որում իր անհանգստությունն էր հայտնում երկու երկրների շփման գծի երկայնքով տեղի ունեցող բախումների առնչությամբ և երկու կողմերին կոչ էր անում անհապաղ դադարեցնել բռնությունները և ամեն ջանք գործադրել կանխելու համար հետագա սրացման ռիսկերը՝ մասնավորապես ԵԱՀԿ հովանու ներքո»։
շարունակելի
«Առավոտ» օրաթերթ
19.09.2026





















































