Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր բացահայտումներ Ռոզի Արմենի ընտանիքի մասին

Հուլիս 03,2020 13:00

Վերջերս «Առավոտը» Թեհրանի «Ալիք» օրաթերթում, Փարիզի «Նուվել դ,Արմենի» հանդեսում տպագրված գրող, հրապարակագիր, բանասիրական գիտությունների թեկնածու Արտակ Վարդանյանի հոդվածից տեղեկացավ երգչուհի Ռոզի Արմենի հոր կյանքի հետաքրքիր մանրամասներին: Պարզվում է, որ Նախիջեւանի Ճահուկ գյուղում ծնված Խուրշուդ Հովհաննիսյանը կռվել է Գարեգին Նժդեհի ինքնապաշտպանական ջոկատներում եւ նրա հետ էլ 1921 թվականին հեռացել Հայաստանից:

Սիրված երգչուհու ընտանիքի մասին այլ մանրամասներ իմանալու համար զրուցեցինք Արտակ Վարդանյանի հետ:

– Պարո՛ն Վարդանյան, ի՞նչն էր առիթը, որ հետաքրքրություն առաջացավ «պեղել» Ռոզի Արմենի արմատները:

– Բոլոր հարցազրույցներում սիրված երգչուհին հաճախ է խոսել իր արմատների մասին: Մայրը՝ Նվարդ-Նռանե Ալոզյանը, ծնվել է Անկարայի մոտակայքում գտնվող Ստանոզ հայաբնակ գյուղում, իսկ հայրը՝ Խուրշուդ-Խորեն Հովհաննիսյանը ծնվել է Նախիջեւանում:

Պատմաբան-նախիջեւանագետ Արգամ Այվազյանն իր «Նախիջեւան. հայկազունք» հանրագիտակում տեղ գտած՝ Ռոզի Արմենի կենսագրականում նշել էր, որ Ռոզիի հայրը ծնունդով Նախիջեւանի Աստապատ գյուղից է եղել: Որոշ նախիջեւանցիներ, սակայն, պնդում էին, որ երգչուհու հոր ծննդավայրը ոչ թե Աստապատն է, այլ Այլապատը, երրորդ տարբերակի համաձայն՝ Նախիջեւանին մերձակա մեկ այլ գյուղ՝ Շմրթանը:

Ինձ՝ որպես ծնունդով նախիջեւանցու եւ «Նախիջեւան» հայրենակցական միության նախկին նախագահի, հետաքրքրում էր, թե վերջապես ո՞ր տարբերակն է իրական, եւ ո՞րն է ճանաչված երգչուհու նախնիների բնօրրանը:

Մի քանի տարի առաջ առիթ ունենալով անձամբ հանդիպելու երգչուհուն՝ հարցրի. «Նախիջեւանի ո՞ր գյուղից էր հայրիկը»: «Իր փասփորթին մէջ միայն գրուած էր՝ Նախիջեւան: Ես ալ շատ կուզեի իմանալ»,- եղավ պատասխանը: Եվ քանի որ պատահաբար էի հանդիպել նրան՝ Անկախության օրվա տոնակատարության ժամանակ, չկարողացա երկար խոսել: Սակայն մեր սկսած զրույցը պարբերաբար շարունակվեց վերջերս՝ Ֆրանսիայի Բուրդոնե ավանի իր առանձնատանը ապրող երգչուհու հետ իմ հեռախոսազրույցներում:

Ռոզի Արմենի ծնողներն ու եղբայրը

Այդ զրույցների ժամանակ տիկին Ռոզին, կրկին վերանայելով հոր փաստաթղթերը, որոշ տեղեկություններ եւս հայտնեց նրա մասին: Հայրը ծնվել է 1896 թվականի մայիսի 10-ին, վախճանվել է 1980 թվականի հուլիսի 14-ին: Հոր հայրը՝ Մարգար Հովհաննիսյանը, 1905 թվականի հայ-թուրքական ընդհարումների ժամանակ ութամյա տղայի աչքի առաջ սպանվել է տուն ներխուժած կովկասյան թուրքերի կողմից՝ պատից կախված իր իսկ սրով, մայրը՝ Թագուհի Գեւորգյանը ավելի վաղ է վախճանվել: Ռոզիի եղբայրը՝ Մարգարը, պապի անունն է կրել, իսկ քույրը՝ Թագուհին, տատի անունն է կրում:

Մինչեւ անցյալ դարի վերջերը կանգուն՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին

Ես էլ իմ հերթին հիշեցի եւ երգչուհուն պատմեցի հոր ծննդավայրի վերաբերյալ չորրորդ տարբերակ-վարկածը՝ իմ ամենաավագ հայրենակիցներից մեկի՝ 1883 թվականին Նախիջեւանի Առինջ գյուղում ծնված եւ 1983-ին Երեւանում վախճանված Շամիր Ստեփանի Տեր-Հովհաննիսյանի վկայությունը: Նա 1903 թվականին ավարտելով Երեւանի արական գիմնազիան՝ ուսուցիչ էր նշանակվել Նախիջեւանի Ազնաբերդ, ապա Առինջ գյուղերի նորաստեղծ դպրոցներում եւ աշխատել մինչեւ 1909 թվականը, այնուհետեւ տեղափոխվել էր Երեւան եւ հետագա ողջ կյանքում աշխատել որպես հաշվապահ: Շամիր Տեր-Հովհաննիսյանը պատմում էր, որ 1910-ական թվականների վերջերին Երեւանում նրա հարեւանն է եղել Ռոզի Արմենի հայրը՝ Խուրշուդ Հովհաննիսյանը, ծնված Նախիջեւանի Ճահուկ (Ջահրի) գյուղում: Նրանք ապրել են կողք կողքի՝ ներկայիս Վարդանանց փողոցի սկզբնամասում:

Խուրշուդ-Խորեն Հովհաննիսյանը

«Կրնայ ըլլալ»,- լսելով ինձ՝ պատասխանեց տիկին Ռոզին:- «Հայրիկս իր անցեալին մասին երբեք չէր պատմեր մեզի: Մենք ալ շատ չէինք ուզեր «փորփրել» իր անցեալը: Միայն գիտէինք, որ քանի մը տարի լեռներուն մէջ կռիւներու մասնակից եղած է, ապա Արաքսին վրայէն Պարսկաստան, Պուլկարիա, յետոյ ալ Ֆրանսա անցած է: Երբ կը հարցնէինք. «Ինչո՞ւ Հայաստանէն հեռացած էիր», կ՚ըսէր. «Ես կարմիրներու դէմ կռուած էի, ինչպէ՞ս կրնայի Խորհրդային Հայաստանին մէջ ապրիլ»:

Մեր զրույցից պարզ դարձավ, որ այդ «լեռներուն մեջ կռիւները» ամենայն հավանականությամբ Լեռնահայաստանի ինքնապաշտպանական կռիվներն են եղել, որտեղ Սպարապետ Գարեգին Նժդեհի հրամանատարությամբ կռվել են նաեւ վրեժով լցված բազմաթիվ հայրենազուրկ նախիջեւանահայեր: Երգչուհու հայրը, փաստորեն,  կռվել է Գարեգին Նժդեհի ազատագրական ջոկատներում եւ հետագայում, քաջատեղյակ լինելով Սպարապետ Նժդեհի ու նրա զինակիցների հանդեպ Խորհրդային Միությունում ծավալված հալածանքներին, մշտապես զգուշացել է բացահայտվելուց:

– Իսկ ինչպե՞ս է պատահել, որ «կարմիրներու դէմ կռուած» հոր աղջիկը՝ Ռոզին բազմաթիվ անգամ համերգների է հրավիրվել Խորհրդային Հայաստան, ելույթներ ունեցել նաեւ միութենական հանրապետություններում:

– Այդ մասին պատկան մարմինները Երեւանում տեղեկացել են միայն 1967 թվականին, երբ երգչուհին երրորդ անգամ էր համերգների եկել, այս անգամ՝ ծնողների եւ քրոջ հետ: Մի քանի «քաղաքավարի» երիտասարդներ հենց հյուրանոցում երկար զրուցել են Խուրշուդ Հովհաննիսյանի հետ, ձայնագրել զրույցը, եւ այդ ուղեւորությունից հետո գրեթե մեկ տասնամյակ Ռոզին չի հրավիրվել Հայաստան: Իրավիճակը հետագայում «հարթվել է» նշանավոր բռնցքամարտիկ Վլադիմիր Ենգիբարյանի ջանքերով:

Այս տեղեկությունները միանշանակ հաստատում է Ռոզի Արմենի երեւանաբնակ զարմիկը՝ ճարտարապետ Ռոբերտ Այդինյանը, որը Հովհաննիսյանների ընտանիքի մտերիմն է եղել, եւ որին Երեւանում Խուրշուդ-Խորեն Հովհաննիսյանը անձամբ է պատմել իր կյանքի զանգեզուրյան շրջանի, ապա Նժդեհի զորքի կազմում Պարսկաստանով Եվրոպա անցնելու մասին:
     Նախիջևանյան համայնապատկերներ

Ռոբերտը պատմում է, որ Երեւանում Ռոզիի հոր հետ մի քանի օր շրջել են քաղաքի կենտրոնական մասերում, նա կարոտով եւ հուզմունքով է նայել փողոցներին, շենքերին ու մարդկանց եւ հաճախ կրկնել. «Շատ է փոխվել քաղաքը»: Երեւանում գտնվելու վերջին օրը Խուրշուդ Հովհաննիսյանը Ռոբերտին անսպասելի հարցրել է. «Զանգեզուրում եղե՞լ ես»: «Այո»,- պատասխանել է նա: «Գիտե՞ս, որ բոլշեւիկները Զանգեզուրն էլ էին ուզում Ադրբեջանին բռնակցել»: «Գիտեմ»,- պատասխանել է Ռոբերտը: «Իսկ գիտե՞ս, թե ում շնորհիվ Զանգեզուրը Հայաստանի կազմում մնաց»: «Իհարկե, գիտեմ: Այստեղ բոլորը չգիտեն դա, բայց շատերը գիտեն»,- առանց Գարեգին Նժդեհի անունը տալու ասել է Ռոբերտը: Եվ այստեղ Ռոզիի հայրը նրան ասել է մի բան, որ շատ քչերին է խոստովանել. «Ես էլ եմ նրա հետ կռվել եւ նրա հետ հեռացել Հայաստանից»:

– Ինչպե՞ս պարզեցիք, որ Ռոզի Արմենի հոր ծննդավայրի՝ հենց Ձեր լսած վարկածն է ճիշտ:

– Մեր հերթական հեռախոսազրույցին ուզում էի Ռոզիին ուղղակի պատմել նաեւ հոր հավանական ծննդավայրի՝ անցյալում համանուն գավառի կենտրոն եւ բավական հայտնի բնակավայր եղած Ճահուկ գյուղաքաղաքի մասին, երբ անբացատրելի մղումով որոշեցի նախքան այդ՝ մի անգամ էլ վերանայել պատմաբան-վիճակագիր Ա.Դո-ի (Հովհաննես Տեր-Մարտիրոսյան) «Հայ-թուրքական ընդհարումը Կովկասում (1905-1906թթ.)» գրքում նկարագրված իրադարձությունների՝ Ճահուկ գյուղի հատվածը: «Գուցե ինչ-որ բան գտնեմ իրենց ընտանիքի կամ տոհմի մասին»,- մտածեցի: Եվ, պատկերացնո՞ւմ եք, ոչ միայն գտա Ճահուկում թուրքերի իրականացրած գազանությունների մանրամասն նկարագրությունները, այլեւ գրքի վերջում ներկայացված ճահուկցի 51 զոհերի ցանկում՝ Ռոզի Արմենի պապի անուն-ազգանունը: 35-րդ զոհը անհավատալիորեն… «Յովհաննէսեան Մարգար» անուն-ազգանունն էր կրում (էջ 461). նրա զոհվելու օրը՝ 1905 թվականի մայիսի 12, եղել է 45 տարեկան: Այլեւս կասկած չմնաց, որ երգչուհու հոր ծննդավայրը հենց Ճահուկ ավանն է եղել:

– Փաստորեն, Ձեր համառ պրպտումները դրական արդյունք են տվել:

– Այդպես է ստացվում: Երբ այդ ամենի մասին հեռախոսով պատմեցի Ռոզիին, տեղեկացրի նաեւ, որ Ճահուկ ավանը բավական նշանավոր հայեր է տվել՝ կաթողիկոս Ղազար Ա Ճահկեցի, գեղանկարիչ Սեդրակ Առաքելյան, լեգենդար հետախույզ Հայկ Հովակիմյան, բանաստեղծուհի Վարսենիկ Աղասյան, դերասան Օրի Բունիաթյան, արմատներով ճահկեցի էր նաեւ ականավոր լեզվաբան Գեւորգ Ջահուկյանը: Ասացի, որ մինչեւ անցյալ դարի վերջերը գյուղի կենտրոնում դեռեւս կանգուն էր Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, իսկ մերձակա Ճահուկ լեռան վրա՝ նշանավոր Ճահուկ բերդը:

«Ինծի համար շատ հաճելի է հայրիկիս ծննդավայրին մասին այդ ամէնը լսելը»,- պատասխանեց երգչուհին եւ պատմեց, որ թեեւ հայրը շատ էր ուզում կրկին Հայաստանը տեսնել, այնուամենայնիվ, 1967-ին հայտնի պատճառներով շատ երկար տատանվելուց հետո միայն համաձայնեց իր հետ Հայաստան գալ:

Ի դեպ, նախիջեւանցիներն իրավամբ հպարտությամբ են լցվում իրենց երկրամասից սերված երեւելի հայերի՝ Արամ Խաչատրյանի, Կոմիտասի, Գարեգին Նժդեհի, Ռուբեն Մամուլյանի, Վիլեն Գալստյանի, Անրի Թրուայայի, Մանուկ Աբեղյանի, Քրիստափոր Միքայելյանի, Դավիթ եւ Հենրիկ Մալյանների, Մայքլ Առլենների, Հովնաթանյանների, Լազարյանների եւ շատ-շատերի մասին խոսելիս: Այս անուններին ավելանում է նաեւ մեծանուն երգչուհի Ռոզի Արմենի անունը, որի հայրական ճյուղի արմատները նույնպես հայերիս պատմական հայրենիքի նշանավոր այս հատվածից են սերված:

Զրույցը վարեց

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
02.07.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031