«Հայրենիք մի՛ սպասեք օտարից եւ ճակատագրից, եթե դա ձեր արյունով պաշտպանելու չափ հայրենասեր չեք». Գարեգին Նժդեհ
20-րդ դարում
Նիկողայոս Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարանում ցուցադրվում է թանկագին մի մասունք՝ բացառիկ մի գորգ, որը սովորական կենցաղային իր չէ. այն սյունեցու լեռնային ոգու արձագանքն է, միաժամանակ լուռ եւ խոսուն վկան Հայի պատմության, նրա գոյատեւման, արարելու մշակույթի անտիպ մի օրագիր:
«Ծաղկավոր» բրդյա գորգը (222×122 սմ) հյուսել է մորս` քիմիկոս, վաստակաշատ մանկավարժ Քնարիկ Սահակյանի տատիկը` Սոփի Մելիք-Թանգյան-Գասպարյանը` մեծահարուստ Կարապետ-Բեկ Մելիք-Թանգյանի դուստրը: Ու երբ 1921 թ. գարնանը Գարեգին Նժդեհը այցելել է Բռնակոթ, մի քանի օրով սիրով եւ ջերմությամբ հյուրընկալվել է հենց նրանց տանը, որովհետեւ միայն նրանք ունեին օթախ` հյուրատուն` ճաշակով կահավորված, ժամանակի համար հազվագյուտ ձվաձեւ հայելիով, կարպետներով, մետաքսե կերպասներով եւ «Ծաղկավոր» գորգով (1910-ական թթ.), որի վրա հանգիստ է առել պետական գործիչը, «Ցեղակրոն» ազգային գաղափարախոսության հիմնադիրը, Լեռնահայաստանի հիմնադիր-վարչապետը, սպարապետը, փիլիսոփան, մտածողը: Ի դեպ, Սիսիանում հյուրին մեծարելու նշան է համարվել նրա անկողինը գորգի վրա բացելը: Եվ այսօր գորգի անձնագրում նշված է նաեւ` «Նժդեհի գորգ»՝ Սոփի նախատատիկիս լուսանկարով:
Կարդացեք նաև
Ցավոք, պահպանվել է միայն գորգի կեսը. գույները բնական ներկանյութերից են, հիմնագույնը` մուգ շագանակագույն: Գեղազարդված է ուշ վիշապագորգերին բնորոշ հորինվածքով` կրկնված եռապատիկ: Հորինվածքները երիզված են թռչնակերպ ոճավորումներով: Ունի երեք գոտի. լայն գոտին գեղազարդված է աստղազարդերով եւ Սիսիանի գորգագործական դպրոցին հատուկ թռչնակերպ ինքնօրինակ հյուսվածքներով: Կարապետ-Բեկ Մելիք-Թանգյանի երկհարկանի տան պատշգամբից ոգեշունչ ելույթ է ունեցել Նժդեհը` հակախորհրդային ուղերձով՝ բոլշեւիկներին անվանելով «կարմիր թուլաներ»:

1949 թ., Ջավահիր Մելիք- Թանգյան- Խաչիբեկյան- Սահակյան, Տաճատ Սահակյան, Քնարիկ Սահակյան, Աշոտ Սահակյան
Իսկ հորս` պատմաբան, պրոֆեսոր Տաճատ Սահակյանի մայրը` Ջավահիր Մելիք-Թանգյան-Խաչիբեկյան-Սահակյանը` նույնպես հայտնի գորգագործ, ով 20-րդ դարասկզբի բոլոր ազգամիջյան կռիվների քաջ մասնակիցն է, հայ կամավորական չորրորդ գնդի հրամանատար, ազգային ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի Արշակ Գավաֆյանին (Քեռի) եւ եղեռնից մազապուրծ հայ գաղթականներին իր օջախում գրկաբաց ընդունող ավանդապաշտ հայուհին` դաշույնը միշտ կողքից կախած, ում տեսել եմ միայն լուսանկարներում, իր զանգեզուրյան մաքրամաքուր տարազի գլխանոցում պահել է Գարեգին Նժդեհի թռուցիկները, մի հանգամանք, որի պատճառով խորհրդային տարիներին հորս մասին «անոնիմկաներ»` անստորագիր նամակներ էին գնում ՉեԿա (ЧК)…
Իմ նախնիների համար Զանգեզուրի գոյամարտը ազգային-ազատագրական պայքարի դրսեւորում էր, որը մղվում էր երկրամասը Ադրբեջանի մաս կազմելու վտանգից պաշտպանելու համար: Ըստ պատմաբանների` Գարեգին Նժդեհի ղեկավարությամբ Զանգեզուրի գյուղացիության պայքար-գոյամարտն ունի պատմական մեծ նշանակություն, ինչի շնորհիվ այսօր Զանգեզուրը ներկայիս Հայաստանի անբաժանելի հատվածն է, երկրի ողնաշարը, անառիկ բերդը: Ժամանակակիցներից մեկն իր հուշերում գրում է. «Նժդեհի անունը, իրոք, պաշտամունքի առարկա է դարձել սյունեցիների համար: Մի հեքիաթային հերոս է նա, ով իր կրակ ձին հեծած ամեն տեղ է: Նրա խոսքը պատգամ է, նրա ներկայությունը` հույս եւ ոգեւորություն: Սյունյաց ժողովուրդը «Խուստուփի Արծիվ» է անվանում Նժդեհին` ի հիշատակ այն օրերի, երբ նա բարձրացել էր Խուստուփ լեռը, որտեղ` 3206 մետր բարձրությունից Պրոմեթեւսի նման պահեց ազատության կայծը, մինչեւ որ մի օր էլ իջավ այդ բարձունքից եւ հրդեհեց ողջ Սյունիքը ազատության եւ անկախության բոցով»:
Մանկական հիշողությունիցս չի ջնջվում հորս խիստ բացասական արձագանքը Համո Բեկնազարյանի «Զանգեզուր» (1938 թ.) ֆիլմի առնչությամբ, որտեղ Նժդեհը (դերակատար՝ Ավետ Ավետիսյան), ցավոք, ներկայացվում է որպես խեղճ, կամազուրկ, փախուստի դիմող կերպար: Հետաքրքիր է` ինչ զգացումներ ու մտորումներ ուներ մեծանուն ու տաղանդաշատ ռեժիսորը նկարահանման հրապարակում… Անշուշտ, բռնապետության գաղափարական մամլիչ բռունցքը սեղմում էր նաեւ մաքուր արվեստի կոկորդը, եւ արվեստագետը չէր կարողանում հոսանքին հակառակ գնալ: O tempora, o mores! Դեռեւս մ.թ.ա. առաջին դարում Ցիցերոնի խոսքը ժամանակների եւ բարքերի մասին չի կորցնում իր արդիականությունը:
21-րդ դարում
2026թ. ապրիլի 7-ին «Նարեկացի» արվեստի միության ազդագրի կանչով ներկա էի պատմաբան, աշխարհագրագետ, երկրաբան Գոռ Ղազարյանի «Լեռնահայաստանի Հանրապետությունը» խորագրով բանախոսությանը, որն, ըստ էության, «Լեռնահայաստանի Հանրապետություն՝ 1920 դեկտեմբերի 25 -1921 հուլիսի 13» պատմաաշխարհագրական գիտական քարտեզի շնորհանդեսն էր: Մինչ օրս Լեռնահայաստանի վերաբերյալ նման քարտեզ չի կազմվել:
Երիտասարդ գիտնական Գոռ Ղազարյանի աշխատանքն իրապես գովեստի ու բարձր գնահատականի է արժանի: Ի դեպ, երբ նրան հարցրի, թե իր արմատներն ուր են տանում, պատասխանեց` «Մարտունի` պատմական Սյունիք»: Քարտեզը կազմելու համար հիմք է ծառայել նրա` «Լեռնահայաստանի Հանրապետության սահմանները» պատմագիտական, պատմաաշխարհագրական ուսումնասիրությունը` հրատարակված 2025 թվականին: Որպես քարտեզի հեղինակ` Գոռ Ղազարյանը ներկայացրեց նաեւ կազմող Գեղամ Բադալյանին, խմբագիր Սամվել Դանիելյանին: Քարտեզը լույս է տեսել «Սյուն» հիմնադրամի, «Ղողանջ» ՀԿ-ի, «Սովորենք պատմությունից» նախագծի ջանքերով եւ աջակցությամբ: Քարտեզը մեր օրերում իրողություն է նաեւ ականավոր հայ գիտնականներ, պրոֆեսորներ Թադեւոս Հակոբյանի, Բաբկեն Հարությունյանի, Արամ Սիմոնյանի, Արտակ Մովսիսյանի գիտական հսկայածավալ ժառանգության, պատմաբան, նախիջեւանագետ, մատենագետ, հայագետ, մշակութաբան Արգամ Այվազյանի, հուշարձանագետ Սամվել Կարապետյանի աշխատությունների շնորհիվ:
Բանախոսը մանրակրկիտ եւ ճշգրիտ շարադրեց Ինքնավար Սյունիք-Լեռնահայաստանի հռչակման պատմական նախադրյալները, տարածաշրջանային քաղաքական տեղաշարժերը, Տաթեւի վանական համալիրում Համազանգեզուրյան առաջին եւ երկրորդ համագումարների, Դավիթբեկյան ուխտերի պատմությունը, քարտեզի հրատարակման նախապատրաստությունը, գիտական եւ կրթական արժեքը, պատմական եւ այժմեական մեծ նշանակությունը: Սույն քարտեզը նաեւ ազգային ինքնության պահպանման յուրօրինակ անձնագիր է:
Տպագրվել է քարտեզի ընդամենը 300 օրինակ՝ երկու ձեւաչափով՝ A1 եւ A3՝ մասշտաբ` 1:800 000 եւ 1:400 000: Քարտեզը պարունակում է շուրջ 400 պատմաաշխարհագրական կետեր. քաղաքներ, գյուղեր, շրջկենտրոններ, ավերակ բնակավայրեր, վանքեր-եկեղեցիներ, բերդեր-ամրոցներ, լեռնագագաթներ, լեռնանցքներ, գետանցումներ, կամուրջներ….
Կարծում եմ` նման քարտեզ-ձեռնարկը պիտի ունենար ավելի մեծ տպաքանակ՝ աշխարհասփյուռ հայերի համար, եւ ոչ միայն:
«Նարեկացի» արվեստի միությունն արդեն չորրորդ անգամ է իր հյուրընկալ հարկի ներքո ներկայացնում Գոռ Ղազարյանին. 2019-ին` «Ցեղաշունչ քանդակագործը. Կառլեն Նուրիջանյան» փաստագրական ֆիլմի շնորհանդեսով, 2021-ին` «Գարեգին Նժդեհ. Իմ պատասխանը» գրքի գինեձոնով, 2023-ին` «Լեռնահայաստանի կազմավորման գործընթացը, պետական կարգն ու սահմանները» դասախոսությամբ: Իր խորին երախտագիտությունը հայտնելով՝ Գոռ Ղազարյանը քարտեզի շրջանակված օրինակներ նվիրեց «Նարեկացի» արվեստի միությանը, աջակիցներին, հայրենահաղորդ հայրենակիցներին: Իսկապես, «Թո՛ղ Լեռնահայաստանի նման քարտեզներ շատ լինեն»՝ մաղթեց նախագծի մասնակիցներից Սեդա Ավագյանը: Ներկաներից Արա Շահինյանը, որ տեխնիկական եւ կոմերցիոն առումով իր նպաստն է բերել քարտեզի ծնունդին, ասաց. «Այս քարտեզը դաս է՝ հասցեագրված ապագա սերունդներին, այս քարտեզը մի փոքր հաղթանակ է, որ պիտի մեծացնենք ու իրական դաշտում կերտենք հաղթանակները` Նժդեհի ազգային գաղափարախոսությամբ»:
Երախտապարտ սյունեցիների ձայնն է հնչում՝ ուղղված Գարեգին Նժդեհին. «Հայոց դաշտերում չի աճում այն ազնիվ դափնեվարդը, որ արժանի լիներ հաղթական ճակատդ զարդարել…»:
Սահականուշ Տաճատի ՍԱՀԱԿՅԱՆ
բանասեր, թարգմանիչ




















































