33-րդ թաղամասի կամ Ֆիրդուսի թաղամասի հետ կապված իրավական գործընթացը սկսել է 2006-2007 թվականներին, նաեւ 2008 թվականին, երբ կառավարության որոշումներով գերակա հանրային շահ է հռչակվել։ Այսօր այս մասին Ֆիրդուսի 1 հասցեում գտնվող տան բակում Ֆիրդուսի (33-րդ) թաղամասի պաշտպանության նախաձեռնող խմբի կազմակերպած ասուլիսում ասաց «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը՝ նշելով, որ այս գործընթացը ձախողվել է դեռեւս 2007-2008 թթ.-ին հռչակված եւ կնքված պայմանագրերով: Ըստ նրա, տարածքի ձեռք բերող է հայտարարվել «Սիթի Սենթր Դիվելոփմենթ» ընկերությունը, որի հիմնադիրը հանդիսանում է Էդուարդ Մելիքյանը, այնուհետեւ այդ գործընթացում, որպես կառուցապատող ներգրավվել է «Գլենդել Հիլզ» կազմակերպությունը, որը ծրագիրը չի իրականացրել: Նրա խոսքով, այս գործընթացներում որեւէ ֆինանսական երաշխիքներ այդ կազմակերպությունները չեն ներկայացրել, որ ծրագիրը կիրականացվի:

Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ըստ գրականագետ Տիգրան Ամիրյանի, որը նաեւ «Ֆիրդուսի. տեղի հիշողությունը» գրքի հեղինակն է, նախաձեռնող խումբը կազմված է քաղաքացիներից, ճարտարապետներից, պատմաբաններից, իրավապաշտպաններից ու իրավաբաններից, որոնք մտահոգված են Ֆիրդուսի եւ առհասարակ Երեւանի պատմամշակութային ժառանգությունը պահպանելու խնդրով:

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցի խոսքով, այսպիսի տարածքների իրացումը՝ սկսած Հյուսիսային պողոտայի ծրագիրն իրականացնելու ժամանակաշրջանից, ներկայացվում է որպես «սարայներ»: Նրան զայրացնում է նաեւ ներկա իշխանության պահվածքը, որը նույն արտահայտությամբ պատճառաբանում է Ֆիրդուսի տարածքի իրացումը. «Ինչի՞ հետ համեմատած են համարում, որ Երեւանի 100 տարվա պատմություն ունեցող շինությունները, դրանք «սարայներ են»: Եթե նոր դուսպրծուկ օլիգարխների տների հետ են համեմատում, այո, սրանք «սարայներ» են, որովհետեւ այս տները չունեն ոսկեզօծ զուգարաններ, ոսկեզօծ բռնակներ»:
Aravot.am-ի հարցին՝ արդյոք բնակիչները համաձա՞յն են, որ իրենց տների իրացումը կրկին հետաձգվի, քանի որ տասնյակ տարիներ է սպասում են, որքա՞ն բնակիչ է միացել նախաձեռնությանը եւ այլն, պարոն Ամիրյանը պատասխանեց, որ նրանք անընդհատ գտնվում են հոգեբանական ճնշման տակ. «2000-ականներից սկսվեց տխուր գործընթաց. համայնքը քայքայվեց: Գերակա շահ ճանաչելուց հետո, բնակիչները իրավունք չունեն ոչ մի աշխատանք իրականացնելու: Երբ կառուցապատողները սկսում են ապամոնտաժել տարբեր շինություններ, իսկ հարևանությամբ շարունակում են ապրել մարդիկ, այդքան էլ նորմալ չէ: Բնակիչները ստիպված են լինում լքել իրենց տները, որովհետեւ տներն ու բակերը վերածվում են շինհրապարակի: Բացի դրանից, օրը մի քանի անգամ դուռը թակում են կառուցապատողները և հիշեցնում են, որ սա իրենց սեփականությունը չէ, սա գերակա շահ ճանաչված հող է և անընդհատ խոսում են հողատարածքների մասին: Բնակիչները չեն կարողանում ազատ արտահայտել իր կամքը՝ ուզո՞ւմ են մնալ այդտեղ, թե՝ ոչ:
Ֆիրդուսի բնակիչ Արա Շահումյանը գտնում է, որ գերակա շահն այն չէ, որ բնակչից վերցնեն ու բիզնես նպատակով տան օլիգարխին: Նրա խոսքով, գերակա շահ հասկացողությունը պետք է լինի գերակա պետության համար ինչ-որ մի կարեւոր օբյեկտ կառուցելու` մագիստրալ, կայարան, օդանավակայան:
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ


















































