Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիրդուսի թաղամասի բնակիչ. «Առանց օրինական ճանապարհ անցնելու՝ գաղտագողի քարուքանդ են անում»

Հունիս 11,2020 14:34

Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն Ֆիրդուսի թաղամասի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ ասվում է, թե Նիկոլ Փաշինյանի կառավարությունը շարունակում է նախորդ կառավարության գիծը՝ «գերակա շահ»-ից բխող բոլոր հետևանքներով, իսկ Ֆիրդուսի թաղամասում սկսված աշխատանքների առաջին դրսևորումն ամբողջովին կանգուն, սև տուֆե սրբատաշ քարից կառուցված Հանրապետության նրբանցք 9-րդ տան հիմնահատակ քանդումն էր՝ 19-րդ դարի վերջ – 20-րդ դարի սկիզբ թվագրվող շենքի ճակատի փլուզումը։

Հիշեցնենք, որ 2018թ․ մարտի 22-ի ՀՀ կառավարության N 332-Ն որոշմամբ «Երևան քաղաքի 33-րդ թաղամասի նկատմամբ ճանաչվել է բացառիկ` գերակա հանրային շահ»:

Aravot.am-ի հետ զրույցում Ֆիրդուսի թաղամասի բնակիչ, գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը նշեց, որ լինելով տեղի բնակիչ եւ 15 տարի աշխատելով քաղաքաշինական խորհրդում, բավականին տեղյակ է ամեն ինչից:

«Դա Երեւանի պատմական եզակի կենտրոնն է: Ճիշտ է, հիմա այն վիճակը չէ, եւ պետք է վերակառուցվի եւ քաղաքաշինական միջամտություն լինի: Խնդիրը 80-ական թվերին էլ բարձրացված եղել. Արմեն Զարյանը թաղամասի նախագիծ էր արել, այն ժամանակ որոշակի գործընթաց սկսվեց, բայց չավարտվեց: Միայն Ֆիրդուսի անունը Երևանում եզակի պատմական նշանակություն ունի, դա միակ փողոցն է, որը երեք հարյուր տարի պահպանել է իր անունը:

Ընդ որում` խնդիրը միայն կառույցների պահպանումը չէ, այլ քաղաքի կենտրոնում եղած փողոցի կերպարի պահպանումը, որը ժամանակին նշանավոր միջավայր է եղել: Ի դեպ, վերջին օրերին Անդրանիկը Հայաստանը լքելուց առաջ մի քանի օր ապրել է Ֆիրդուսի 6 հասցեում, եւ այնտեղից էլ հեռացել է: Շատերը Ֆիրդուսին կապում են թուրքական միջավայրի հետ, իրականում այդտեղ պարսկահպատակներ են առել: Մերոնք էլ մեր տունը պարսահպատակից են տունը առել»,-ասաց գեղանկարիչը:

«Այսօր խոսում են կոռուպցիայի դեմ պայքարելու մասին, բայց գերակա շահ կոչվածը մեր երկրում սնուցողն է եղել կոռուպցիայի: Դա հիմնականում արվել է Երեւանի կենտրոնի տնօրինման միջոցով, եւ սեփականությունը վերաբաշխելու խնդիր է լուծել: Անօրինականություն է կատարվում, ես այստեղի բնակիչ եմ եւ շատերի կյանքին եմ ծանոթ: Առանց մեր համաձայնությունն ունենալու, առանց մեզ հետ որեւէ թուղթ ու գիր անելու, մեր պահանջները բավարարելու, արդեն իմ եւ տասնյակ բնակիչների տարածքը տվել են մասնավոր կազմակերպության, օտար մարդու, որ ինքը տնօրինի: Դա մարդու իրավունքների խախտում է եւ ապօրինություն:

Անկախ նրանից ով է զբաղվում դրանով, նախագիծը պետք է անպայման անցնի Երեւանի քաղաքաշինական խորհրդով, հետո դրա հիման վրա հաստատված նախագծով սկսվի իրացում արվել, մարդկանց հետ պայմանագիր կապվել: Առանց օրինական ճանապարհն անցնելու, գաղտագողի քարուքանդ են անում: Հնարավոր է , որ ինչ-որ բաներ պետք է քանդվեն, բայց շինություններ կան, որ պետք է անպայման պահվեն»,-ասաց Հաղթանակ Շահումյանը:

Նշեց, որ այդ թեմայով իրեն նիստի են հրավիրել եւ քաղաքաշինական կոմիտեում, որտեղ Ֆիրդուսի թաղամասի եւ Կոնդի հարցն էր դրված, նաեւ մի անգամ էլ եղել է ԱԺ-ում: «ԱԺ-ում նաեւ տուժած մարդիկ կային՝ կենտրոնի իրացումների պատճառով, որոնց ելույթների արդյունքում եկան այն եզրակացության, որ առանձին- առանձին՝ եւ Կոնդի, եւ Ֆիրդուսի 33 թաղամասի հարցը, պետք է դրվի լուրջ քննարկման, եւ եթե կարիք կա օրենքի վերանայում լինի: Բայց ցավոք, վարակի, թե չգիտեմ ինչի պատճառով հարցը մնաց առանց ուշադրության»,-հավելեց նա:

Ի թիվս այլոց, թեմայի վերաբերյալ ֆեյսբուքի իր էջում գրառում էր կատարել արձակագիր Գեւորգ Տեր-Գաբրիելյանը; «Հենց հիմա, գիշերով, փորձում են քանդել Ֆիրդուսի հերթական (պատմական հուշարձան) աղյուսե շենքը: Ասում են՝ հետո ուրիշ տեղ կհավաքեն»: Նա գրել էր, որ մարդիկ փորձում են ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ ցույց տալ կատարվածը, սակայն նրանց արգելում են դա անել:

Իզաբելլա Սարգսյանն էլ ֆեյսբուքի իր էջում անդրադառնալով տասիններոդ դարի աղյուսաշեն շենքի ճակատագրին, գրել է «Աղյուսե շենքը պահպանել հնարավոր չէ, աղյուսները չեն համարակալում։ Այս ցինիզմը վերջ չունի։ Կառուցապատողն ասում է, որ քանդվելու է և վերջ․․. Մեկ էլ ո՞վ ինձ կբացատրի, եթե նախագիծը հաստատված չէ, ինչ նախագծով են առաջնորդվում, երբ ասում են, որ այդտեղ ճանապարհ է անցնելու։ Էս շենքը, որ փլվի, փլվելու է Երևանի քաղաքապետարանի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Տիգրան Ավինյանի մեղքով, ու մնալու է իրենց խղճին»։

Հավելենք, որ Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանի հրաժարականի հիմքում եւս այն խնդիրն էր, որ ինքը չէր կիսում կառավարության քաղաքականությունն ու առկա մոտեցումները՝ քաղաքաշինության բնագավառում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930