«Սովորաբար, նման գործողությունների Ադրբեջանը դիմում է բանակցություններին նախորդող փուլերում կամ միջազգային կառույցների ներկայացուցիչների՝ տարածաշրջան այցերի ժամանակ: Սակայն այս անգամ ոչ թե Արցախի, այլ հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից իրավիճակի լարման եւ կոնֆլիկտի աստիճանի բարձրացման գործոններն Ադրբեջանի համար ներքաղաքական բնույթ են կրում: Ադրբեջանը փորձում է արտաքին թշնամի գտնել եւ դրա միջոցով ուշադրությունը շեղել ներքին քաղաքական խնդիրներից»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի կողմից իրականացվող գործողություններին՝ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը:

Մարգարովի բնորոշմամբ՝ հայկական կողմը միշտ ցուցաբերել է պատրաստակամություն՝ շարունակելու բանակցային գործընթացը, սակայն այս պարագայում հայ-ադրբեջանական սահմանի մասին է խոսքը, ինչն այլ լարվածություն է ի հայտ բերում՝ տարածաշրջանային անկայունության տեսանկյունից. «Ադրբեջանը խախտում է հայ-ադրբեջանական սահմանը, ինչի հետեւանքը կարող է լինել այն, որ միջազգային հանրությունը համապատասխան ուղերձ կստանա Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության մասին. այն կարող է լինել դատապարտված: Դրա համար ՀՀ-ն լուրջ տեղեկատվական ներուժ պետք է գործադրի եւ թույլ չտա, որպեսզի Ադրբեջանի «վաճառած» փաստերը եւ տեղեկատվական հոսքերը ոչ նպաստավոր պայմաններ ստեղծեն հայկական կողմի համար»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































