Օրեր առաջ մամուլը հեղեղված էր Մալաթիայում հնչած կրակոցների, վերջինիս մասնակիցների վերաբերյալ բազմաթիվ հոդվածներով: Որպես մասնակից հիշատակվում էր Աշոտ Ավետիսյանի՝ նույն ինքը «Նեպտունի Համիկի», որդու՝ Սարգիս Ավետիսյանի անունը, որը, չնայած այն բանին, որ ձերբակալվել էր, այժմ գտնվում է ազատության մեջ: Մամուլում հրապարակված հոդվածներում հիշատակվել է, որ Ավետիսյաններին աջակցություն է ցուցաբերվում ոստիկանության աշխատակիցների կողմից: Թերևս այս պնդումները անհիմն չեն, քանի որ առնվազն ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրությունները տեղեկացնում են, որ ծառայողական քննություն է սկսվել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ, որոնք ձերբակալված Սարգիս Ավետիսյանին ձերբակալվածների պահման վայր տեղափոխելու ժամանակ թույլատրել էին Աշոտ Ավետիսյանին՝ տեսակցել ձերբակալված որդու հետ և առանձնազրույց ունենալ:
Սակայն իրական խնդիրները և հովանավորչության առկայությունը փաստելու համար անգամ հետաքննության կարիք չկա, բավական է միայն իրադարձությունների պարզ վերլուծությունը: Այն, որ ոստիկանները թույլատրել էին օրենքով արգելված տեսակցությունը՝ արդեն իսկ հայտնի է հանրությանը, սակայն գաղտնիք չէ, որ անձի կալանավորման հարցը որոշում է ոչ թե ոստիկանությունը, այլ՝ քննչական մարմինը, իսկ նման միջնորդություն, բնական է, չի ներկայացվել դատարանին: Ավելին, եթե անգամ քննչական մարմիններն են թերացել կամ ինչ-ինչ պատճառներից ելնելով նման միջնորդություն չեն ներկայացրել, ապա նման լիազորություն ունի նաև դատախազությունը և կարող էր կալանավորման միջնորդությամբ դիմել դատարան: Նոր Հայաստանի պայմաններում, որտեղ, ըստ իշխանությունների պարբերական պնդումների, արմատախիլ է արվել համակարգային կոռուպցիան, դժվար է պատկերացնել, որ հնարավոր կլիներ կոռուպցիոն սխեմաներով հասնել նրան, որ չնայած այն բանին, որ մի քանի հոգով, որոնց թվում է նաև «Նեպտունի Համիկ»-ի որդին, ծեծի են ենթարկել և մարմնական վնասվածքներ պատճառել պապի հոգեհանգստի ժամանակ բակում միայնակ նստած անձին, որից հետո ոչ միայն «Նեպտունի Համիկ»-ի որդուն կալանավորելու միջնորդություն չի ներկայացվում, այլեւ նման միջնորդություն է ներկայացվում հակառակ կողմից միայնակ եղած, մարմնական վնասվածքներ ստացած և սգի մեջ գտնվող անձի համար: Բարեբախտաբար այդ միջնորդությունը դատարանը մերժել է, հավանաբար, բարոյական և մարդկային սկզբունքներից ելնելով: Բայց զավեշտալին այն է, որ այդ անձի պարագայում դատախազությունը գործի է դրել իր լիազորությունները, և դատարանի որոշումը բողոքարկել է Վերաքննիչ դատարան՝ ամեն գնով տուժողին կալանքի վերցնելու համար:
Բնական է՝ իրավապահ մարմինները այս ամենը շատ հիմնավոր կերպով կհերքեն և իրենց գործողությունները կպատճառաբանեն քրեական գործով ձեռք բերված ապացույցներով, վկաների ցուցմունքներով և այլնով, ու դա կանեն այնպես, որ մի պահ գուցե հավատանք նրանց, եթե չլինեին պետական մարմինների կողմից հովանավորչության անհերքելի և աղաղակող այլ փաստեր:
Դրանցից միայն մեկին անդրադառնանք: Աշոտ Ավետիսյանն իր մականունը «վաստակել» է իրեն պատկանող մի շարք օբյեկտներից, թերևս, առաջինի կամ գուցե ամենամեծի՝ «Նեպտուն» մարզասրահի պատճառով, որը գտնվում է Երևան քաղաքի Իսակովի 42/9 հասցեում և գործում է երկար տարիներ:
Կարդացեք նաև




















































