Լրահոս
Օրվա լրահոսը

Զարեհ Սինանյան. «Իրենք կամ բացասական մարդիկ են եւ սիրում են մեղադրել կամ վճարված են. գիտեք հայաստանյան իրականությունը». «Հայկական ժամանակ»

Հուլիս 28,2020 09:30

Հուլիսի 23-ի եւ 24-ի հայ-ադրբեջանական բախումներից հետո իրավիճակը Ռուսաստանում հանդարտվել է: Թեեւ դեռ կան նաեւ ձերբակալված հայ երիտասարդներ, սակայն նրանց հարցերով զբաղվում են փաստաբանները:

Հնարավոր նոր զարգացումների, դրանք կանխելու ջանքերի շուրջ զրուցել ենք ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ:

– Սահմանին մարտական գործողությունների օրերին ձեզ մեղադրում էին, որ չեք համախմբում Սփյուռքը, հայ համայնքին չեք ուղղորդում աշխարհին տեղեկացնել Ադրբեջանի կողմից իրականացվող գործողությունների մասին, իսկ հետո, երբ այդ թեմայով բողոքի ակցիաներ սկսվեցին տարբեր երկրներում Ադրբեջանի դեսպանատների առջեւ, որից հետո ադրբեջանցիները սկսեցին հաշվեհարդար տեսնել, հիմա էլ ձեզ մեղադրում են իրավիճակը չվերահսկելու, դրա հանդարտեցնելուն ուղղված քայլերը ուշացնելու համար: Ընդունո՞ւմ եք նման քննադատությունները:

– Ես ամեն մի անհիմն ու անհեթեթ մեկնաբանության ուշադրություն չեմ դարձնում, ճիշտն ասած դրա ժամանակը չունեմ. մարդիկ եթե տեղյակ չեն՝ ինչ է արվում, դա ուրիշ հարց է: Այսպիսի իրավիճակներում, երբ խոսքը գնում է երրորդ պետության ներքին գործերին ինչ-որ չափով միջամտելու մասին, պետք է շատ զգույշ լինել, պետք է շատ նրբանկատ լինել: Իսկ թե ինչ է արվում՝ ինչ-որ պետք է արվում է, միշտ էլ արվել է եւ կարվի ապագայում: Մեղադրանքներ ես կարդացել եմ եւ քմծիծաղով եմ մոտեցել դրանց: Մարդիկ կային, որ ասում էին՝ Սինանյանը էս պահին պիտի Մոսկվայում լիներ: Լավ, ինչո՞ւ Մոսկվայում եւ ոչ ասենք Բեռլինում, որտեղ դեսպանի մեքենա են այրել, կամ Լոս Անջելեսում, որտեղ ֆիզիկական բախում է եղել, կամ Սան Ֆրանցիսկոյում, որտեղ դպրոցն են վանդալիզմի ենթարկել, եւ այլն: Աշխատել է պետք եւ ոչ թե ձեւացնել, աշխատանքի իմիտացիա ստեղծել: Կրկնում եմ՝ խոսքը գնում է երրորդ պետության տարածքում տեղի ունեցող դեպքերի մասին:

Ինչո՞ւ մենք չենք կոորդինացնում համայնքին. իսկ ո՞վ ասաց՝ չենք կոորդինացնում, իսկ ի՞նչ մեխանիզմներ գոյություն ունեն ամբողջ մի համայնք կոորդինացնելու համար: Օրինակ ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում, որտեղ մեկ միլիոն հայ է բնակվում, գործում են տարբեր խմբեր, շատերն իրարից անտեղյակ, իրար հետ անհաղորդ: Բնական է, որ այդ բախումների առաջին օրերից կապի մեջ ենք եղել ե՛ւ դեսպանատան հետ ե՛ւ համայնքային կառույցների հետ ե՛ւ անհատների հետ ե՛ւ շատ լավ հասկացել ենք, թե ինչքանով է իրավիճակը վերահսկելի, ինչքանով այն վերահսկելի չի:

– Հիմա նաեւ Նիկոլ Փաշինյանն է քննադատության թիրախում, թե Մոսկվայում հայերին անտեր թողեց: Իրականում ի՞նչ պետք է արվեր եւ ինչ արվեց, որպեսզի այս խաղաղությունը հաստատվեր:

– Կրկնում եմ, որ այդ մեղադրանքները հնչեցնողները այսպես թե այնպես, այս հարցով, թե այն հարցով, պատեհ, թե անպատեհ՝ մեղադրելու են: Իրենց գործը մեղադրելն է: Իրենք կամ բացասական մարդիկ են եւ սիրում են մեղադրել կամ վճարված են. գիտեք հայաստանյան իրականությունը: Ինչ-որ պիտի արվեր, արվեց եւ դրա ամենալավ ապացույցը այսօրվա խաղաղ եւ համեմատաբար վերահսկելի իրավիճակն է: Իրավիճակը այնքան չէր բարդացել, որ Հայաստանի վարչապետը խառնվի: Թեեւ նա իր հարցազրույցում կարծիք հայտնեց տեղի ունեցողի մասին: Չգիտեմ ինչ էին ակնկալում վարչապետից, որ գա եւ անձամբ մասնակցի ինքնապաշտպանությա՞նը: Ծիծաղելի է, մանկամիտ մտքեր են արտահայտում եւ պետք չի ուշադրություն դարձնել:

-Ի՞նչ կանխատեսումներ ունեք: Կշարունակվի՞ լարվածությունը, թե՞ այն կարելի է անցյալ համարել:

– Որեւէ պետություն՝ կլինի Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ուկրաինան, թե մեկ ուրիշը, շահագրգռված չի, որպեսզի իր տարածքում ազգային փոքրամասնությունները իրենց ազգային խնդիրները լուծեն: Ուստի երրորդ պետությունների տարածքում նման զարգացումները լուրջ ներուժ չունեն: Իսկ քանի դեռ մենք կարողանում ենք պաշտպանել մեր իրավունքները Արցախում, Հայաստանի սահմանին, քանի մենք կարողանում ենք հաղթական լինել կռվի դաշտում՝ ադրբեջանցիները փորձելու են գտնել այլ տարածքներ, այլ միջոցներ, որտեղ կարողանան ամենապրիմիտիվ մակարդակով վրեժխնդիր լինել հայերից: Հետեւաբար նման բաներ կարող են լինել, բայց ոչ մեծ մասշտաբների: Իսկ եթե լինեն էլ՝ մեր կոչը մեկն է՝ զերծ մնալ սադրանքներից, բայց միշտ վերապահելով ինքնապաշտպանության իրավունքը:

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031