Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի իշխանությունների օրակարգը պատերազմն է

Օգոստոս 05,2020 12:00

«Առավոտ»-ի զրուցակիցն է՝ «Հելսինկյան նախաձեռնություն-92»-ի ԼՂՀ կոմիտեի համակարգող, խաղաղության եւ մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր, արցախցի իրավապաշտպան Կարեն Օհանջանյանը

– Պարոն Օհանջանյան, ի՞նչ եք կարծում, հուլիսի 12-ին Ադրբեջանն ինչո՞ւ սանձազերծեց ռազմական գործողություններ Հայաստանի սահմանին: Ո՞րն էր դրա նպատակը, ի՞նչ խնդիր էին ցանկանում լուծել:

– Եթե նայենք հայ-ադրբեջանական սահմանի որ մասում է Ադրբեջանը սկսել զանգվածային ագրեսիան, ապա ակնհայտ է դառնում նպատակը՝ զավթել ռազմավարական դիրքերը, որպեսզի հսկեն Հայաստանի հետ սահմանի զգալի մասը: Միաժամանակ, վերջին տասնամյակներում դա երկրի տարածքային ամբողջականության առաջին մարտահրավերն էր, որը հանդիսանում է Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը եւ ՀԱՊԿ մշտական անդամը: Պետք էր ստուգել Ռուսաստանի, ՀԱՊԿ եւ միջազգային հանրության ռեակցիան: Եվ այդ հանկարծակի սադրանքի երրորդ էլեմենտը կայանում էր նրանում, թե որքան են Հայաստանի զինված ուժերը մարտունակ եւ պատրաստված՝ ինչպես ռազմական-տեխնիկական ապահովության, այնպես էլ հոգեբանական հարցում:

– Հուլիսյան ռազմական գործողություններից հետո Ադրբեջանում տեղի ունեցած իրադարձություններն ինչպե՞ս կգնահատեք: Երթ անցկացվեց ի պաշտպանություն բանակի, որը հետո, շատերի գնահատմամբ, անկանխատեսելի զարգացում ունեցավ. խորհրդարանի շենք ներխուժեցին, որից հետո մինչ օրս Ադրբեջանում ձերբակալություններ են շարունակվում ընդդիմադիրների շարքում: Ի՞նչ է կատարվում Ադրբեջանում ձեր կարծիքով: Հնարավո՞ր եք համարում ներիշխանական պայքարը, կլանների միջեւ պատերազմը:

– Արցախի անկախության հռչակումից հետո երեք անգամ այցելել եմ Ադրբեջան մի քանի օրով: Ադրբեջանի մասին լավ գիտեմ: Ես շատ ընկերներ եւ ընդդիմախոսներ ունեմ, որոնց հետ մենք հանդիպում ենք տարբեր միջազգային հարթակներում եւ նրանցից ստանում եմ թարմ տեղեկություններ: Հետեւաբար, կարող եմ հստակ ներկայացնել տեղի ունեցած իրադարձությունները: Ադրբեջանն այն երկիրն է, որտեղ իշխանափոխության հանկարծակիության փաստը, առնվազն այսօր, բացառվում է 99 տոկոսով: Ադրբեջանում հնարավոր չէ, որպեսզի մարդկանց ամբոխ դուրս գա փողոց՝ «Վերադարձնել Արցախը» պահանջով եւ այլն: Այդ ակցիան պլանավորված էր իշխանությունների կողմից՝ ագրեսիան արդարացնելու նպատակով, որպեսզի միջազգային հանրությունը լինի այն կարծիքի, որ Ադրբեջանի զինված ուժերի ակցիան բխում էր հասարակության օրակարգից:

«Հելսինկյան նախաձեռնություն-92»-ի ԼՂՀ կոմիտեի համակարգող, խաղաղության եւ մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր, արցախցի իրավապաշտպան Կարեն Օհանջանյանը

Այլ հարց է, երբ ցույցերի ժամանակ այդ ամբոխի մեջ մտել են նաեւ ընդդիմադիր ուժերը, ովքեր ցանկացել են օգտել իրավիճակից, որպեսզի փողոցներ հանեն դժգոհ մարդկանց, ովքեր հոգնել են ապրել Ալիեւների դինաստիայի ներքո: Այդ պատճառով էլ իրականացվում են ադրբեջանական ներկա իշխանության ընդդիմադիրների ձերբակալություններ: Այդ «բողոքական» շարժումը ցույց տվեց, որ Ալիեւի իշխանությունը այդքան էլ ամուր չէ: Եվ ես կարծում եմ, որ նրանք զերծ են մնալու ցույցեր կազմակերպելուց: Դա կարող է այլ բանի վերածվել եւ վերջ դնել Ալիեւների դինաստիային:

– ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարեց, որ՝ «Մենք բոլորս պետք է ի վերջո դուրս գանք հրադադարի ռեժիմի խախտումների մասին շարունակական հայտարարությունների շրջապտույտից եւ պետք է հրադադարի ռեժիմի պահպանման վստահելի մոնիթորինգի միջազգային համակարգ ստեղծվի»: Հնարավո՞ր եք համարում այդպիսի համակարգի ստեղծումը, երբ ակնհայտ է, որ պաշտոնական Բաքուն տարիներ առաջ, նույնիսկ 2016թ. ապրիլյան պատերազմից առաջ՝ մերժել է միջնորդների այդ գաղափարը:

– Ես ողջունում եմ վարչապետի գաղափարը, դա կարող է նվազեցնել լարվածությունը սահմանին եւ փրկել շատ զինվորների եւ քաղաքացիական անձանց կյանքեր երկու կողմերում: Այդ գաղափարը նոր չէ, այն միշտ առաջարկվում էր բանակցությունների ժամանակ՝ միջազգային միջկառավարական ինստիտուտների շրջանակներում: Եվ Ադրբեջանը միշտ հրաժարվում էր ընդունել այն: Կարծում եմ, այս անգամ եւս Ադրբեջանի իշխանությունները հրաժարվելու են այդ առաջարկից, քանի որ նրանք ունեն բոլորովին այլ օրակարգ՝ պատերազմ:

– Պաշտոնական Երեւանը հայտարարում է, որ Ադրբեջանը պետք է հետ կանգնի իր մաքսիմալիստական մոտեցումներից, պետք է ընդունի, որ խաղաղ բանակցությունները չունեն այլընտրանք, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը, Հայաստանի եւ Արցախի բնակչության անվտանգությունը չեն կարող զիջվել որեւէ պարագայում: Ադրբեջանի դիրքորոշումը հայտնի է: Ինչպե՞ս եք պատկերացնում բանակցությունների շարունակումն այս փակուղային իրավիճակում: Եվ բանակցային պրոցեսում Արցախի մասնակցությունն այս փուլում հնարավոր համարո՞ւմ եք:

– Հարկ է նշել, որ Հայաստանի ոչ մի նախագահ երբեք այդքան անկեղծ չի խոսել դրա մասին, ինչի մասին ամբողջ հայ ժողովուրդը կցանկանար լսել՝ հատկապես արցախյան մասը: Կարող եմ ուղղակի կոմպլիմենտ անել վարչապետ Փաշինյանին նման քաջության համար: Ինչ վերաբերում է բանակցություններին: Քանի դեռ չկա խաղաղ համաձայնություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եւ արցախա-ադրբեջանական հիմնախնդիրը կարգավորված չէ, դա նշանակում է, որ Ադրբեջանը եւ Հայաստանը՝ ներառյալ Արցախը, գտնվում են պատերազմի մեջ: Բանակցությունը ռազմական գործողությունները, լայնամասշտաբ ռազմական օպերացիաներ սկսելը զսպելու գործիքներից մեկն է:

Դրանում շահագրգռված են ինչպես հիմնախնդրի կողմերը, այնպես էլ միջազգային միջկառավարական կազմակերպությունները, որոնց պարտքն է թույլ չտալ տարածաշրջանում ռազմական գործողություններ սկսելը, որը կարող է հրահրել անվերահսկելի գործընթացներ տարածաշրջանում՝ հանդիսանալով միջազգային հանրության համար ռազմավարական: Քանի դեռ դա այդպես է, իսկ ես համոզված եմ դրա մեջ, բանակցությունները շարունակվելու են, Հայաստանին եւ Ադրբեջանին պարտադրելու են դա անել: Իսկ, եթե դու գնում ես բանակցության, ապա պետք է պատրաստ լինես քննարկել հարցեր, որոնք կենսական կարեւորություն ունեն հակառակորդի համար: Դրանում է կայանում բանակցությունների տրամաբանությունը: Խնդիրը կայանում է նրանում, որ քննարկելով նման հարցեր, ինչպես ես պաշտպանելու քո շահերը՝ վնաս չհասցնելով ունեցած ձեռքբերումներին եւ հայտարարված հռչակագրերին: Երբ խոսում են բանակցությունների սկզբունքների մասին՝ նոր կամ հին,… բոլորը նույնն են: Արդյունքում բանակցային գործընթացում ոչինչ չի փոխվել: Առաջին օրվանից մինչեւ վերջին օրը Ադրբեջանը եւ Հայաստանը քննարկում են նույն հարցերը, նույն սկզբունքները, որոնց ժամանակ առ ժամանակ տրվում են նոր անվանումներ (մադրիդյան, ընդհանուր պետության եւ այլն):

Իսկ ինչ վերաբերում է բանակցություններին Արցախի մասնակցությանը, դա շատ ցանկալի է եւ պարտադիր, քանի որ առանց նրանց մասնակցության բանակցությունները զրկված են իմաստից: Ցանկացած որոշում պետք է ընդունվի Արցախի ժողովրդի կողմից: Իսկ մենք ցանկացած որոշում առանց մեր մասնակցության ի գիտություն չենք ընդունելու: Եվ դրա մասին բոլորը գիտեն: Այդ իսկ պատճառով, քանի դեռ մեզ չեն հրավիրել բանակցությունների, դա նշանակում է, որ ոչ հիմնախնդրի կողմերը, ոչ միջազգային հանրությունը, ընդհանուր առմամբ, պատրաստ չեն լրջորեն լուծել մեր խնդիրը:

Իսկ, եթե հայկական կողմերը ուզում են բանակցություններին Արցախի մասնակցությունը, ապա՝ Արցախի նոր իշխանությունը պետք է հայտարարի, որ չի ընդունում միջազգային միջկառավարական ինստիտուտների շրջանակում ոչ մի բանակցություն, որտեղ Արցախի իշխանության ներկայացուցիչները չեն մասնակցում: Ավելի քան համոզված եմ, որ միջազգային հանրությունը քայլեր կձեռնարկի նման հայտարարությունից հետո: Մենք շատ կարեւոր գործոն ենք հարավկովկասյան տարածաշրջանում եւ նման վերաբերմունքը տարածաշրջանում կայունության սպառնալիք կնշանակի, իսկ դա անթույլատրելի է:

– Եվ վերջում ներարցախյան թեմայով մեկ հարց. ի՞նչ մթնոլորտ է Արցախում, իշխանությունների գործունեությունն ինչպե՞ս է գնահատում հասարակությունը, արցախցիները գո՞հ են նոր նշանակումներից: Հասարակության հույսերն արդարանո՞ւմ են: Պարոն Օհանջանյան, ի՞նչ իրավիճակ է Արցախում հայ-ադրբեջանական վերջին սահմանային լարվածությունից հետո՝ իշխանական վերնախավում եւ հասարակության շրջանում:

– Կցանկանայի նշել, որ մինչեւ ապրիլյան պատերազմը սկսվելը, հատկապես դրանից հետո, Արցախում աննախադեպ միջոցներ են ձեռնարկվել՝ Ադրբեջանի եւ նրա միջազգային հովանավորների հնարավոր լայնամասշտաբ ագրեսիվ գործողությունները մոնիթորինգի ենթարկելու եւ կանխելու համար: Պետք է նշեմ Արցախի նախկին անվտանգության խորհրդի քարտուղարի՝ Արշավիր Ղարամյանի, եւ ԱՀ պաշտպանության նախկին նախարար Լեւոն Մնացականյանի դերը հակառակորդի կողմից վտանգի ազդարարման ժամանակակից համակարգի ստեղծման գործում, ինչն այսօր փաստորեն բացառում է ռազմական գործողությունների հանկարծակի սկսելը: Հենց այդ աշխատանքի շնորհիվ է, որ հակառակորդն այս անգամ նախընտրել է Արցախի եւ Ադրբեջանի միջեւ ամբողջ սահմանագծի երկայնքով ձեռնպահ մնալ լայնամասշտաբ պրովոկացիայից:

Ինչ վերաբերում է Արցախում տիրող ընդհանուր իրավիճակին, հարկ է դիտարկել երեք հիմնական ուղղություններ. կորոնավիրուսի եւ դրա դեմ պայքարի հետ կապված իրավիճակը, երկրի սոցիալ-տնտեսական հիմքի զարգացումը, ընտրություններից հետո քաղաքական էլիտայի ձեւավորումը եւ հասարակության վերաբերմունքը այս բոլորի նկատմամբ:

Ինչ վերաբերում է կորոնավիրուսին, կցանկանայի նշել նախկին նախագահ Բակո Սահակյանի դերը, ով իր հրամաններով եւ գործադիր մարմինների գործողություններով՝ համագործակցելով քաղաքացիական հասարակության հետ, կանխել է վարակի մասսայական տարածումը: Չնայած այսօր կարծես ջինը դուրս է եկել: Ներկայիս նախագահը գիտակցում է հանրապետությունում վարակի՝ պանդեմիայի անցնելու վտանգը, փորձում է պահպանել հավասարակշռությունը, տնտեսական աճի տեմպերը եւ բնակչությանն ապահովել սոցիալական վճարներով՝ չսահմանափակելով քաղաքացիների անձնական ազատությունը: Հարկ է նշել, որ մեր հասարակությունն անտեսում է միջազգային կազմակերպությունների պահանջները եւ առաջարկությունները COVID-19 վերաբերյալ: Եթե դրան գումարենք նաեւ այն հանգամանքը, որ պատասխանատու նախարարները, ովքեր պետք է հետեւեն եւ քարոզեն պահպանել սոցիալական հեռավորությունը եւ կրել դիմակներ, հասարակական վայրերում հայտնվում են առանց դիմակների (օրինակ, դա վերաբերում է ԱՀ առողջապահության նախարարին), հետեւաբար հասարակության մոտ առաջանում է անտարբեր վերաբերմունք ԱՀԿ առաջարկությունների եւ ՀՀ ու ԱՀ կառավարությունների պահանջների նկատմամբ: Այնուամենայնիվ, իշխանություններին դեռ հաջողվում է պահպանել հիվանդացության երկրաչափական աճը:

Համեմատելով իրավիճակը տնտեսության զարգացման բնագավառում պանդեմիան հաղթահարած այլ պետությունների ցուցանիշների հետ՝ մեզ մոտ չի նկատվում տնտեսության անկում: Ամենուրեք իրականացվում են կառավարության կողմից մշակված սոցիալ-տնտեսական բնագավառի զարգացման ծրագրերը: Իհարկե, այստեղ էական դեր է խաղում Հայաստանի կառավարության կողմից օգնությունը՝ հատկապես Նիկոլ Փաշինյանի, ով հետեւողականորեն աջակցում է մեր իշխանություններին՝ բարձրացնելու պետության բարեկեցության մակարդակը եւ, առաջին հերթին, ընդհանուր պետության անվտանգության մակարդակը՝ հատկապես ֆիզիկական անվտանգությունը:

Ինչ վերաբերում է քաղաքական էլիտային եւ հասարակությանը, պետք է դժգոհություն հայտնեմ՝ կապված նոր նախագահի կողմից կառավարության ձեւավորման հետ: Առաջին հերթին, ինձ համար պարզ չէ նրա որոշումը Սամվել Բաբայանին երկրի անվտանգության խորհրդի քարտուղար նշանակելու պաշտոնում՝ նրան տրամադրելով մեծ լիազորություններ եւ տասնյակ անգամ ավելի շատ աշխատողներ, քան տվյալ կառույցի նախկին ղեկավարներն ունեին, ովքեր մեր Սահմանադրության համաձայն ունեն միայն խորհրդատվական բնույթ: Առաջին պատերազմի տարիներին Սամվել Բաբայանն իրեն դրսեւորել է որպես Արցախի զինված ուժերի հմուտ հրամանատար: Այդ պատերազմը մենք առավելապես նրա շնորհիվ ենք հաղթել: Սակայն պետականության հիմքերի դեմ նրա կատարած ահաբեկչական հանցագործությունները նախագահին զրկում են նրան բարձր պետական պաշտոնի նշանակելու բարոյական իրավունքից: Ես չեմ թաքցնում իմ տեսակետը եւ կարծում եմ, որ դա հսկայական վնաս է հասցնում միջազգային հանրության կողմից չճանաչված պետության հեղինակության վրա: Նախագահի հաջորդ անհասկանալի նշանակումը Մասիս Մայիլյանին արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակումն էր: Ինչպես կարելի է մարդուն, ով բոյկոտել է ընտրությունները, իսկ դա հնարավոր չէ այլ կերպ որակել, քան Արցախի Սահմանադրության բոյկոտ, նշանակել երկրի առանցքային պաշտոնում, որից հիմնականում կախված կլինի երկրի միջազգային ճանաչումը: Այդ երկու նշանակումները մեծամասամբ առաջացրել են որոշակի տարընթերցումներ երկրի հասարակական մտքում: Այնուամենայնիվ, կառավարությունը ձեւավորված է, եւ նոր կառավարությանը հաջողություն եմ մաղթում իրականացնելու այն ծրագրերը, որոնց համար ընտրողն իր ձայնը տվել է Արայիկ Հարությունյանին: Ուզում եմ նաեւ նշել, որ նոր նախագահի կառավարման օրոք իշխանության հետ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների շփումը դարձել է հաճախակի:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
04.08.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31