Լրահոս
Օրվա լրահոսը

«Բաքուն մոռանում է, որ Իրանն ու Ռուսաստանն իր անմիջական հարեւաններն են»

Օգոստոս 08,2020 13:30

Տավուշյան էսկալացիային հաջորդած տարածաշրջանային հնարավոր փոփոխությունների, մասնավորապես՝ թուրք-ադրբեջանական տանդեմի ակնկալիքների մասին «Առավոտ»-ը զրուցել է Իրանի Իսլամական Հանրապետության «Կովկասյան ուսումնասիրությունների կենտրոնի» ավագ փորձագետ Սալար Սեյֆոդդինիի հետ:

– Պարոն Սեյֆոդդինի, վերլուծելով հուլիսյան սրացումների ֆոնին Թուրքիայի՝ Ադրբեջանին սատարող հայտարարությունները եւ այս օրերին ընթացող թուրք-ադրբեջանական զորավարժությունները, ի՞նչ եզրահանգումներ կառանձնացնեք պաշտոնական Անկարայի վարքագծից՝ կապված տարածաշրջանում կայունության հնարավոր խաթարման հետ:

– Նախ արձանագրենք, որ հուլիսի կեսերին ՀՀ-ի եւ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը Հայաստանի սահմանամերձ շրջաններից Տավուշում մի քանի օր տեւած պատերազմական գործողությունների մեջ ներգրավվեցին։ Սովորաբար, նման գործողությունները տեղի են ունում Արցախում, սակայն այս անգամ դրանք բավականին հեռու էին հակամարտության հիմնական գոտուց։ Երկու երկրները նախորդ տարիներին եւս բախումներ ու լարվածություններ են ունեցել, որոնց աշխարհագրությունը բավականին ցրված է եղել՝ ընդգրկելով Տավուշը, ՀՀ-ին սահմանակից Նախիջեւանի Սադարակի հատվածը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի սահմանները։ Սակայն այս նոր բախումներն իրենց բնույթով, կարծես թե տարբերվում են հրադադարի պարզ խախտումներից։ Չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանն ի սկզբանե այս բախման վերաբերյալ  հանդես եկավ բավականին հավասարակշիռ դիրքերից, այնուամենայնիվ, դա չխանգարեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ-Թայիփ Էրդողանին, որպեսզի նա իր հայտարարություններում անուղղակիորեն ակնարկի այս բախումներում Ռուսաստանի դերի մասին, իսկ այնուհետեւ, անդրադառնալով Նուրի փաշայի հրամանատարությամբ Օսմանյան բանակի կողմից Հարավային Կովկասի գրավմանը, որն այս տարածաշրջանում հանգեցրեց ցեղասպանական գործողությունների, հայտարարի բառացի հետեւյալը. «Անցյալում մեր օսմանցի պապերի գործողությունները մեզ համար վարքագծի օրինակ են»։ Ինչպես հիշում ենք, հուլիսի 23-ին ռուսական ուժերը հայկական բանակի հետ միասին կազմակերպեցին եւ հաջողությամբ անցկացրին համատեղ զորավարժություններ, ինչին անմիջապես հաջորդեց պաշտոնական Բաքվի՝ թուրքական բանակի հետ համատեղ զորավարժություններ հյուրընկալելու հայտարարությունը, չնայած նշվում է, որ դրանք պլանային են եղել։

Ռուսաստանն իր հերթին, կարծես թե, որոշակի անհանգստություններ ունի բնական գազի արտահանման Բաքու-Անկարա նոր ծրագրերից, որոնք կարող են հանգեցնել սեփական գազի արտահանման ծավալների նվազմանը։ Ռուսաստանից Թուրքիա բնական գազի ներմուծման ծավալները կրճատվել են մոտ մեկ քառորդով։ Նույն իրավիճակն է նաեւ Իրանի հետ կապված։ Թուրքիան ընթացիկ տարվա սկզբում կարողացել է զրոյի հասցնել Իրանից բնական գազի ներմուծումը: Ապա գնալով ավելի առաջ՝ Թուրքիան հայտարարեց, որ մոտ ապագայում Նախիջեւանն իր գազի կարիքները Իրանի փոխարեն Թուրքիայից է հոգալու: Մինչեւ այս Բաքուն, գոնե առերեւույթ, ձգտում էր տարածաշրջանային եւ համաշխարհային ուժերի միջեւ հավասարակշռություն պահպանել։ Սակայն, ամենայն հավանականությամբ, հասել է այն պահը, որ այս հավասարակշռությունը կարող է խախտվել։ Այս հարցի կարեւորությունը Իրանի, Ռուսաստանի եւ Հայաստանի շահերի ու ազգային անվտանգության տեսանկյունից էլ ավելի մեծ կարեւորություն է ստանում, երբ ուշադրություն ենք դարձնում այն հանգամանքին, որ Թուրքիան տարածաշրջանում աշխարհաքաղաքական ծրագրեր է առաջ տանում՝ նեոօսմանյան մոդելի հիման վրա, որի դասական օրինակը՝ դեպի տարածաշրջան Oսմանյան Նուրի փաշայի կատարած արշավանքի հետ համեմատականներ անցկացնելն ու վերջինիս գործողություններով հպարտանալն էր։ Թուրքիայի այս գործողություններն, ըստ էության, տարածաշրջանը պատերազմից բացի, որեւէ այլ տեղ չեն տանում։

– Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ հիմքեր կան կարծելու, որ մեր տարածաշրջանում ապագայում աճելու է ռազմական էսկալացիայի վտանգը: Ներկայում ո՞ր գործոններն են ազդում դրա վրա:

– Հարավային Կովկասում ռազմական իրադարձությունների վերլուծության եւ ուսումնասիրության համար կարեւոր նշանակություն ունեն երկու գործոններ, որոնք տարածաշրջանի ինդիկատոր են համարվում։ Երբ այս երկու գործոններն էլ ակտիվանան, լարվածությունը կարող է հասնել իր բարձրակետին։ Առաջինը ճգնաժամի՝ դեպի այլ շրջաններ տարածման ներուժն է, երկրորդը՝ արտաքին ուժերի ուղիղ «միջամտության» հարցը։ Այժմ Թուրքիայի ռազմական ուժերի՝ տարածաշրջան մուտքի, ինչպես նաեւ տարածքային վեճերը դեպի հակամարտության տարբեր կետեր տարածման հետ մեկտեղ՝ ճգնաժամի առաջացման ավելի մեծ հիմքեր են ի հայտ եկել, որոնք չկառավարվելու դեպքում միջազգային բնույթ կարող են ստանալ, եւ Իրանի սահմանները նույնպես վտանգի տակ կհայտնվեն։ Փաստացի պատերազմական իրավիճակում գտնվող երկու երկրներում զորավարժությունների անցկացումը չափազանց վտանգավոր քայլ է, քանի որ մի քանի շաբաթ առաջ ռազմական բախումներում ներգրավված սահմանների շրջանում դրանց անցկացումն, անշուշտ, ամեն պահի իրական պատերազմի փոխարկվելու մեծ ռիսկայնություն ունի։ Նախիջեւանի հյուսիսային սահմանը Երեւանից ընդամենը 40 կմ հեռավորության վրա է գտնվում, եւ դրա որոշ բնակավայրեր, ինչպիսիք են, օրինակ, Սադարակը, մոտ են Քարվաճառի միջանցքի՝ Հայաստանը Արցախի Հանրապետությանը կապող հիմնական ճանապարհին։ Հետեւաբար, այս տարածքներում Թուրքիայի ներկայությունն իր մեջ սպառնալիքներ է պարունակում։

– Վերոնշյալն ինչպիսի՞ կարեւորություն ունի Հայաստանի բարեկամ Իրանի համար, որը պաշտոնական մակարդակում մշտապես հանդես է գալիս չեզոք եւ բանակցային ճանապարհը ողջունող դիրքորոշմամբ:

– Իհարկե, Իրանի տեսանկյունից իր սահմաններին հարող շրջաններում բախումները կանգնեցնելը մեծ նշանակություն ունի։ Այս առումով պետք է նշել, որ որպես արտաքին ուժ՝ Թուրքիայի միջամտությունը սահմանների արտաքին պաշտպանության վրա բացասական ազդեցություն կարող է ունենալ։ Համեմատության համար կարող ենք ասել, որ անցած տարիների ընթացքում Սիրիայում, Լիբիայում եւ Իրաքում Թուրքիայի ներկայությունը եւ Սիրիայի հյուսիսային տարածքների թուրքական օկուպացիան իրավիճակն առավել խոցելի են դարձրել եւ որեւէ կերպ չեն նպաստել այդ հատվածներում խաղաղության հաստատմանը։ Խնդիրն էլ ավելի խճճված է դառնում, եթե ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ Թուրքիայի կառավարության աշխարհայացքը ազգային պետությունից փոխվել է կայսերականի, եւ միջազգային պայմանագրերի ու սահմանների արժեքը կամ դրանց նշանակությունը Թուրքիայի համար կորցրել են կարեւորությունը։ Մասնավորապես, 1926թ.-ի Անկարայի պայմանագրին հակառակ՝ Մոսուլի եւ Քիրքուքի նկատմամբ տարածքային պահանջների կրկնվող պնդումները ապագա ճգնաժամերի առաջացման ներուժի օրինակներից մեկն են միայն։ Սաադաբադի պայմանագիրը տարածաշրջանի չորս երկրների հետ Թուրքիայի մյուս կարեւոր համաձայնություններից է, որը եւս մշտապես խախտվում է՝ առնվազն Իրանի հետ կապված 7-րդ հոդվածով։ Ինչ վերաբերում է Նախիջեւանին, ապա մեծ նշանակություն ունեն Օսմանյան ժամանակներից մինչ այսօր դրա նկատմամբ Թուրքիայի աշխարհաքաղաքական նկրտումները, որոնց մի մասը բյուրեղացվել է 1921թ.-ի Կարսի պայմանագրում։ Մյուս կողմից ակնհայտ է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը հսկայական ջանքեր են գործադրում՝ ազատվելու Իրանից եւ Ռուսաստանից ունեցած էներգետիկ կախվածությունից։ Թեեւ այս ամենը բարձրաձայն չի հայտարարվել, սակայն Տավուշյան մարտերը եւ դրան նախորդած ու հաջորդած օրերին տեղի ունեցած դեպքերն այդ ամենի խոսուն վկան են։ Այս ամենը հաշվի առնելով եւ վերլուծելով Թուրքիայի քայլերը՝ կարող ենք նշել, որ, ամենայն հավանականությամբ, այս երկիրը որոշել է այնպիսի գործընթացների մեջ ներգրավվել, որոնք հնարավոր է՝  Իրանի դժգոհությունն էլ առաջացնեն, ուստի այս պարագայում լավագույն նախաքայլը էներգետիկ ոլորտում կախվածության նվազեցումն է։ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ առկա քաղաքական, ռազմական եւ անվտանգային գործընթացները այնքան են հակասում Իրանի շահերին, որ էներգետիկ կախվածության ցանկացած աստիճան դարձել է բացառելի։ Բաքուն իր գործողությունները պլանավորելիս երբեմն մոռանում է, որ Իրանն ու Ռուսաստանն իր անմիջական հարեւաններն են։ Եթե այս երկիրը Թուրքիայի հետ 15 կմ-անոց սահման ունի, այն էլ՝ Նախիջանի հատվածում, ապա Իրանի եւ Ռուսաստանի հետ՝ մոտ 20 անգամ ավելի։ Եթե ադրբեջանական հանրապետությունը նպատակ ունի ուժերի հավասարակշռության փոփոխման միջոցով իր տարածքային խնդիրները լուծել եւ տարածաշրջանը վերածել Թուրքիայի ազդեցության գոտու, ապա պետք է հաշվի առնի, որ անկայունության եւ իր համար խնդիրների նոր ժամանակաշրջան կարող է սկսվել, որը, հակառակ սպասումների, ոչ միայն չի նպաստելու խնդրի կարգավորմանը, այլեւ ընդլայնելու է հակամարտության ակտիվ աշխարհագրական շրջանը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից դեպի Նախիջեւան ու Տավուշ։ Հաջորդ տարբերակը Թուրքիայի կողմից ցուցադրական քայլերը, բանավոր աջակցությունն ու հայտարարություններն են։ Բաքուն շատ անգամներ է ստացել Թուրքիայի աջակցությունն արտաքուստ եւ հռետորաբանության մակարդակում։ Այս տեսանկյունից հիշատակված զորավարժությունները ավելի շատ կարող են միտված լինել տնտեսական ծրագրեր ու կապիտալ, հատկապես՝ Կասպից ծովից ածխաջրածնային ռեսուրսներ ներգրավելուն, քան լուրջ քայլեր կատարելուն։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.08.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31