«Լա՞վ եք ժողովուրդ»,-այսօր Գանձակ համայնքում ճանապարհաշինարարական աշխատանքներին ծանոթանալիս նորոգվող ճանապարհի հարակից տան բնակիչներից հետաքրքրվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ի պատասխան ասացին՝ «լավ ենք, բայց՝ անաշխատանք»: Վարչապետը տեսնելով կարտոֆիլի տնամերձ այգին՝ արձագանքեց՝ խի՞ եք անաշխատանք, հենա էդքան կարտոշկա եք ցանել:
Վարչապետին ուղեկցող մարզի պաշտոնյաները պարզաբանեցին՝ էս տարի խոպան չեն գնացել:


Այսօր եղանակային պայմաններից ելնելով ասֆալտապատման աշխատանքներ չէին կատարվում:
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանը դիմելով Գեղարքունիքի մարզպետին ու շինարարին ասաց՝ եթե այս որակի ասֆալտ է արվում, պիտի գծանշում էլ արվի:
«Նախատեսված է»,- արձագանքեց շինարարը: Վարչապետին հայտնեցին, որ սելավատարն էլ հիմնովին նորոգվել է: Այս համայնքում սուբվենցիոն ծրագրով նաեւ զբոսայգի են բարեկարգելու: Արմեն Պողոսյանն ասաց, որ Արծվանիստում մանկապարտեզի երկրորդ մասնաշենք են կառուցել: Այս համայնքում մանկապարտեզի տարիքի 70 երեխա է հերթագրված:
Գանձակում 7 կիլոմետր էլ լուսավորության հարց են լուծել:

Հավաքված գյուղացիներին Փաշինյանը կոչ արեց դիմակ կրել ու նրանց դիմակ բաժանեց. «Կգան կտուգանեն խայտառակ կլինենք»,-ասաց վարչապետը: Գանձակում համայնքապետն ասաց, որ գյուղատնտեսական խնդիր ունեն՝ չսուբսիդավորվող պարարտանյութը: Բնակիչներն էլ նշեցին՝ լավ կլինի գյուղերին ավելի շատ ուշադրություն դարձնել: Գյուղացիները վարչապետին խնդրեցին գոմերի ծրագրում փոփոխություն անել՝ կառավարության որոշումով սահմանված 300 մետր հեռավորության վրա գոմ կառուցելու պահանջը փոփոխել: Նշեցին, որ այդքան հեռավորությունը գյուղի համար նպատակահարմար չէ, քանի որ նման պահանջի դեպքում գոմը պետք է կառուցվի սարերում: Այս համայնքի բնակիչներից մեկն էլ Նիկոլ Փաշինյանին խնդրեց գյուղում լաբորատորիա հիմնել, որպեսզի կարողանան բույսերին ու անասուններին համակած հիվանդությունն արագ պարզել ու դեղամիջոց գտնել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ


















































