Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ այլ միֆեր, արդեն ոչ թե Սերժ Սարգսյանն է իր այսօրվա ասածներով փարատել, այլ հանձնաժողովի անդամները». Թեւան Պողոսյան

Օգոստոս 19,2020 21:40

Երկու տարվա լռությունից հետո, պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի այսօր կայացած մամուլի ասուլիսը ԱԺ նախկին պատգամավոր, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թեւան Պողոսյանն ընդունել է ի գիտություն:

Ասուլիսը, հիշեցնենք, վերաբերվում էր 2016 թվականի ապրիլյան պատերազմին:

Պաշտոնաթող նախագահի ասուլիսում, ըստ մեր զրուցակցի, ուղերձները շատ էին. որ 2016 թվականին փորձել են ամեն ինչ անել եւ այնպես չէ, որ դա հաղթանակ չէր ու մենք պետք է այդպես էլ ապրենք, որ 2016-ը հաղթանակ էր, որի համար պետք է շնորհակալ լինենք բոլորին՝ ովքեր լումա են ներդրել այդ հաղթանակում՝ զինվորներ, սպաներ, որ ազգը միասնական էր՝ հայերը՝ Երեւանից սկսած մինչեւ սփյուռք, հանգանակություններ էին անում, քաղաքական հայտարարություններ էին անում եւ այլն:

Ուղերձ էր, որ Ադրբեջանը միշտ կարող է պատերազմը հրահրել, որ անվտանգության մարտահրավերը կա եւ մենք միշտ պետք է պատրաստ լինենք նմանատիպ խնդիրների: Կային Ադրբեջանին ուղղված ուղերձներ, միջազգային ատյաններին, նույն ԵԱՀԿ Մինսկի խմբին ուղղված, ՌԴ-ի հետ հարաբերությունների մասով եւ այլն, բայց հարցը, Թեւան Պողոսյանի գնահատմամբ, այն է, թե այդ բոլորը ինչպե՞ս կօգտագործենք՝ հայկական շահերը առաջ մղելու իմաստով:

Ասուլիսի քաղաքական ուղերձներին, մեր զրուցակիցը չի անդրադառնում, դրանք թողնում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների մեկնաբանմանը:

Թեեւ Սերժ Սարգսյանը վերջերս, իր տեսաուղերձներից մեկում հայտարարեց, որ անցյալին վերադարձ չկա, բայց այսօրվա ասուլիսը տպավորություն չէ՞ր ստեղծում, որ Սերժ Սարգսյանը քաղաքական հայտ է ներկայացնում եւ իրեն ու ՀՀԿ-ին չի տարանջատում միմյանցից՝ Aravot.am-ի հարցին Թեւան Պողոսյանը պատասխանեց. «Չէ՞ որ ինքը ՀՀԿ-ի անդամն է եւ կուսակցության ղեկավարը, ինչպե՞ս տարանջատի»:

Ըստ Թեւան Պողոսյանի, անցյալին, բնականաբար, որեւէ առումով եւ իմաստով վերադարձ չկա, ամենին պետք է նայել զարգացման, մոտեցումների եւ տեսակետերի մշակման-վերամշակման տեսանկյունից. «Անցյալին վերադարձ, թե հասկանում ենք, թե ո՞ր քաղաքական ուժը կգա իշխանության, եկեք դա թողնենք ՀՀ քաղաքացուն, որը հաջորդ ընտրությունների ժամանակ ըստ ներկայացված քաղաքական հայտերի՝ կընտրեն: Այդ կուսակցության անունն ի՞նչ է լինելու, դա ինձ համար կարեւոր չէ»:

Այս համատեքստում, Թեւան Պողոսյանը հարցադրում է հնչեցնում՝ ՀՅԴ-ն 123 տարեկան է՝ ի՞նչ, կամ՝ ՀԱԿ-ը, կամ՝ սոցիալ-դեմոկրատները կամ նույն ՀՀԿ-ն. «Այն Հայաստանում, որում մենք ապրում էինք 1991-2008, 2008-2018 թվականներին, այլեւս դրան վերադարձ չկա, բայց դա չի նշանակում, որ մարդիկ Հայաստանում ուրիշ չեն լինելու»: Մեր զրուցակիցը նկատի ունի՝ չեն զարգանալու եւ ապագային նայելով չեն ապրելու, այլ անցյալին են հայացքով շրջվելու: Համենայնդեպս, ինքը չէր ցանկանա, որ այդպես լիներ, մանավանդ համաշխարհային տարբեր ճգնաժամերի ֆոնին: Իսկ ապագան ճիշտ կառուցելու համար, այժմ պետք է ճիշտ հասկանալ անցյալի իրողությունները:

Մեր հաջորդ դիտարկմանը՝ ապրիլյան պատերազմի հետ կապված բոլոր մտահոգությունները, որոնք կային այն ժամանակ եւ այս ընթացքում՝ 80-ականների զենք, բահերով եւ քլունգներով կռիվ, զինվորների սնունդի պակաս, հետախուզության տեղյակ-անտեղյակ լինելու հետ կապված եւ այլն, փարատվեցի՞ն Սերժ Սարգսյանի տված պարզաբանումներով, Թեւան Պողոսյանն արձագանքեց՝ հիշեցնելով, որ 2016-ին ինքը «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր էր եւ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի անդամ ու նմանատիպ հարցերին պատասխաններ տվել է, այժմ էլ նույն կարծիքին է. 80-ականների զենքը ոչ թե արտադրանքի առումով է ասվել, այլ ասվել է ալեգորիկ նշանակությամբ, այն առումով, որ մենք միշտ կազմ պատրաստ ենք:

«Շատ այլ միֆեր, արդեն ոչ թե Սերժ Սարգսյանն է իր այսօրվա ասածներով փարատել, այլ հանձնաժողովի անդամները՝ մի քանի անգամ, արդեն մեկ, երկու, երեք ամիս առաջ, ասում էին, որ շատ եղած տեղեկություններ, չեն համապատասխանում իրականությանը»,- ասում է Թեւան Պողոսյանը՝ հավելելով, որ այս առումով, վերջակետն իր համար դրվելու է ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցի հրապարակումից հետո: Իհարկե, դրանում գաղտնի մաս է լինելու, բայց դա իր համար կարեւոր է, ոչ թե էջը շրջելու առումով, այլ դասերը սովորելու եւ առաջ գնալու: Իսկ խնդիրները սրողներ եւ շահարկումներ անողներ, միշտ էլ գտնվելու են:

Նկատեցինք, որ այժմ ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների կողմից հերքվող շատ հայտարարություններ այն ժամանակ շրջանառության մեջ դրվեցին նույն անձանց կողմից, ովքեր այսօր բարձրաստիճան պաշտոնյաներ են եւ հերքողներն էլ իրենք են եւ հետաքրքրվեցինք՝ այս առումով ի՞նչ հետեւություններ անել:

Թեւան Պողոսյանը կարծում է, որ այն ժամանակ այդ գործիչները եղել են ընդդիմադիր, ունեցել են մտահոգություններ եւ փորձել են իրենց մտահոգությունները շրջանառության մեջ դնելով՝ դրանք շրջանցել: Իսկ այսօր, կարծում է, որ տեղեկատվական անվտանգության առումով պետք է դասեր քաղել, քանի որ արցախյան պատերազմը դեռ սերունդներով գնալու է, տարբեր սրացումներ են լինելու, որոնց պետք է պատրաստ լինենք, որպեսզի նման ճգնաժամերի մեջ այլեւս չհայտնվենք եւ ցանկացած լսած բանը «հալած յուղի տեղ» չընդունենք:

Հարցրեցինք՝ ինչպե՞ս ընդունեն, ընկալեն եւ հասկանան ՀՀ քաղաքացիները այժմ վարչապետ, այն ժամանակ ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ-ին ուղղված մեղադրանքը՝ ապրիլյան քառօրյա պատերազմը հրահրելու մասով:

Թեւան Պողոսյանն այսպես է բացատրում՝ Նիկոլ Փաշինյանն այն ժամանակ մտավախություն է ունեցել, որ կարող է այդպես եղած լինի: Ասում է՝ դա է ընդդիմության ամբողջական աշխատանքը՝ կան խնդիրներ, դրանց մասին պետք է բարձրաձայնել եւ հետեւողական լինել: Առաջարկում է հարցին նայել մեկ այլ տեսանկյունից եւս. միգուցե օրվա իշխանությունները պետք է ամեն ինչ այնպես ներկայացնեին, որ նման խնդիրներ չառաջանային: Խնդիրը հիմա, մեր զրուցակիցը համարում է այն, որ այսօրվա իշխանությունները այնպես ներկայացնեն իրողությունները, որ որեւէ մեկը չփորձի մտածել, թե նման բաներ հնարավոր են:

Հիշեցնում է՝ ամենը գալիս էր նրանից, որ 2013-ին ունեցանք մեկ օրվա մեջ Մաքսային միությանն անդամակցելու հարց, որը ներկայացվեց բացառիկ ճնշումների արդյունք, բայց ոչ ոք չփորձեց հարցերը մանրամասնել, ներկայացնել դրա դրական կողմերը, որ մարդիկ լսեին եւ հասկանային: Կառավարությունները պետք է ունենան թափանցիկության այն աստիճանը, որ մարդկանց մոտ միֆեր չառաջանան, որոնք թե Թուրքիան, թե Ադրբեջանը, թե ՌԴ-ն, թե Արեւմուտքը փորձելու են սեփական շահի տեսանկյունից օգտագործել:

Այս առումով, մեր զրուցակիցը ուշագրավ է համարում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ BBC-ի վերջին հարցազրույցում լրագրողի հարցի ձեւակերպումը, որը կրկնեց երկու անգամ՝ «շարունակելո՞ւ եք մնալ ՌԴ-ի տակ» եւ նկատում, որ տեղեկատվական անվտանգության տեսանկյունից այնպիսի ամրություն պետք է ունենաք, որ կարողանանք ասել՝ ՀՀ-ՌԴ ռազմավարական հարաբերությունները Հայաստանի շահերից են բխում, որովհետեւ մենք ունենք հարեւան Թուրքիա, որը 105 տարի է ժխտում է ցեղասպանությունը, հիմա էլ կանգնում է Ադրբեջանի կողքին եւ ինձ վրա մատ է թափ տալիս: Շահագրգիռ կողմերը, որոնք չեն ցանկանում Հայաստանն ավելի հզոր տեսնել շատ են եւ, ըստ Թեւան Պողոսյանի, սա մենք պետք է հասկանանք ու ճիշտ գնահատենք իրողությունները:

Իսկ առհասարակ, Թեւան Պողոսյանը նկատում է՝ հայկական քաղաքական մշակույթ է ձեւավորվել. մեր պաշտոնաթող նախագահները երկար չեն խոսում: Պաշտոնաթող թե նախագահների, թե այլ կարեւոր պաշտոններ զբաղեցրած անձանց խոսքին՝ անցյալի իրադարձությունների վերաբերյալ, Թեւան Պողոսյանի կարծիքով, հանգիստ պետք է վերաբերվենք, ընկալենք այնպես, որ պատմական տեսանկյունից կարողանանք ճիշտ գնահատել ասվածը եւ սերունդներին փոխանցել այնպես, որ հետագայում եղածից ճիշտ դասեր քաղվեն՝ արդեն իրազեկ լինելով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31