«Այլընտրանք» հասարակական կազմակերպությունը հինգշաբթի՝ օգոստոսի 27-ին, կառավարության շենքի դիմաց ցույց էր անում։ Նրանք իրենց հետ բերել էին պաստառներ, որտեղ համեմատել էին Հայաստանի և Վրաստանի իրավիճակը համավարակի դեմ պայքարում։ Նրանք սև ժապավեններ էին ամրացրել, որոնք խորհրդանշում էին երկու երկրներում կորոնավիրուսից մահերը՝ Հայաստանում՝ 1100-ից ավելի, Վրաստանում՝ 19։
Հասարակական կազմակերպության ղեկավար Նարեկ Մանթաշյանը, ցույց տալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի լուսանկարներն, ասաց․ «Այս ամենի պատասխանատուն ահա այս երկու անձնավորություններն են, որոնք իրենց անլուրջ տեսակով և անլուրջ վերաբերմունքով համավարակի նկատմամբ մեր պետությունը դարձրեցին ահա այսպիսի սևով պատված և սգվոր պետություն փաստացի, որովհետև 4 ամիսների ընթացքում այստեղ նստած ապաշնորհների պատճառով մոտավորապես 1100 և ավելի ընտանիքների լույս մարեց»։
Նա հայտարարեց, որ բոլոր մեղավորները պատասխան են տալու, բացվելու են բոլոր քրեական գործերը․ «Ցանկացած մահի համար, ինչպես դուք եք սիրում կրկնել, կոպեկ առ կոպեկ, մենք ասում ենք՝ մահ առ մահ պատասխան եք տալու, որովհետև այս մարած լույսերի, այս հանգած խաղաղ մարդկանց կյանքերը ձեր խղճերի վրա են»։

Կարդացեք նաև
Ըստ նրա՝ այս ամենի պատասխանատուն Հայաստանի Հանրապետության կառավարությունն է․ «Օր առաջ վարչապետի և կառավարության հրաժարականը մեզ կփրկի իրավիճակի ավելի վատթարացումից և լուծումներ գտնելու հնարավորություն կընձեռի»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ


















































