Լրահոս
Օրվա լրահոսը

«Մահ առ մահ պատասխան եք տալու». ցույց կառավարության դիմաց

Օգոստոս 27,2020 14:15

«Այլընտրանք» հասարակական կազմակերպությունը հինգշաբթի՝ օգոստոսի 27-ին, կառավարության շենքի դիմաց ցույց էր անում։ Նրանք իրենց հետ բերել էին պաստառներ, որտեղ համեմատել էին Հայաստանի և Վրաստանի իրավիճակը համավարակի դեմ պայքարում։ Նրանք սև ժապավեններ էին ամրացրել, որոնք խորհրդանշում էին երկու երկրներում կորոնավիրուսից մահերը՝ Հայաստանում՝ 1100-ից ավելի, Վրաստանում՝ 19։

Հասարակական կազմակերպության ղեկավար Նարեկ Մանթաշյանը, ցույց տալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի լուսանկարներն, ասաց․ «Այս ամենի պատասխանատուն ահա այս երկու անձնավորություններն են, որոնք իրենց անլուրջ տեսակով և անլուրջ վերաբերմունքով համավարակի նկատմամբ մեր պետությունը դարձրեցին ահա այսպիսի սևով պատված և սգվոր պետություն փաստացի, որովհետև 4 ամիսների ընթացքում այստեղ նստած ապաշնորհների պատճառով մոտավորապես 1100 և ավելի ընտանիքների լույս մարեց»։

Նա հայտարարեց, որ բոլոր մեղավորները պատասխան են տալու, բացվելու են բոլոր քրեական գործերը․ «Ցանկացած մահի համար, ինչպես դուք եք սիրում կրկնել, կոպեկ առ կոպեկ, մենք ասում ենք՝ մահ առ մահ պատասխան եք տալու, որովհետև այս մարած լույսերի, այս հանգած խաղաղ մարդկանց կյանքերը ձեր խղճերի վրա են»։

«Այլընտրանք» Հ/Կ անդամ Գարեգին Պետրոսյանի խոսքով՝ Հայաստանը կորոնավիրուսի դեմ պայքարը այնպես է տապալել, որ հետ է աֆրիկյան երկրներից․ «Մենք հետ ենք Բելառուսից, որտեղ բացարձակ ոչ մի բան չի արվել և որտեղ կա մահվան ընդամենը 657 դեպք։ Մեզ մոտ իսկապես կա տապալված խայտառակ հակաճգնաժամային քաղաքականություն։ Մենք տապալել ենք ոչ միայն առողջապահական առումով այս ամենը, մենք զուգահեռաբար տապալել ենք և երկիրը կանգնեցրել ենք սոցիալ-տնտեսական և առողջապահական լրջագույն ճգնաժամի առաջ։ Երբ Վրաստանում հակաճգնաժամային հասկանալի հատուցումներ են արվում բնակչությանը, մեզ մոտ կազմել են խաչբառեր, որոնք կարդալուց շատ դժվար է հասկանալ՝ դու մտնո՞ւմ ես թիրախային օգնություն ստացող խմբի մեջ, թե՞ ոչ»։

Ըստ նրա՝ այս ամենի պատասխանատուն Հայաստանի Հանրապետության կառավարությունն է․ «Օր առաջ վարչապետի և կառավարության հրաժարականը մեզ կփրկի իրավիճակի ավելի վատթարացումից և լուծումներ գտնելու հնարավորություն կընձեռի»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31