«Երեք տարի առաջ Իսրայելում ստեղծվել է Ռեստորանային սպորտի համաշխարհային ֆեդերացիան (WFRS), Ֆեդերացիայի նախագահն էլ Ալեքս Ռաբինովիչն է: Ինչ վերաբերվում է Հայաստանին, մեր ֆեդերացիան ստեղծվել է անցյալ տարի»,-Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց Ռեստորանային սպորտի հայկական ֆեդերացիայի փոխնախագահ, Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը: Հավելեց, որ ամեն տարի իրականացվում է ռեստորանային սպորտի առաջնություն, թիմերը պարտադիր մասնակցում են 3 մասնակցով` խոհարար, մատուցող եւ սոմելիե:

Նրա ձեւակերպմամբ, բոլոր հարթակները պետք է օգտագործել հայկական մշակույթն ու խոհանոցը ներկայացնելու, աշխարհին ընկալելի դարձնելու համար. «Սա եւս պակաս կարեւորության հարթակ չէ, որպեսզի կարողանանք մեր խոհանոցը ներկայացնենք, հատկապես որ այն աշխարհի ամենահամեղ եւ ամենաբազմազան խոհանոցներից է: Սա նաեւ զբոսաշրջային իմաստով ավելի բարենպաստ իրավիճակ ունենալուն կնպաստի, վերջիվերջո խոհանոցը որպես զբոսաշրջային արդյունք, առաջնակարգ տեղերում է: Խոհանոցը կարող է զբոսաշրջիկին երկրորդ, երրորդ անգամ նույն երկիր բերել` համի հիշողությամբ»:
Մրցույթը կամփոփվի սեպտեմբերի 12-13-ին: Սեդրակ Մամուլյանը հույս ունի, որ Հայաստանը առանց մրցանակի չի մնա:
Կարդացեք նաև
Մեր հարցին` ինչո՞ւ Հայաստանում լավագույն խոհարարներն ու ռեստորանները Միշլենի աստղի հավակնություններ չունեն, Սեդրակ Մամուլյանը պատասխանեց. «Դա հատուկ արարողակարգ է, որ իրականացվում է հասարակական շարժման միջոցով, բայց մենք այլ ճանապարհ ենք ուզում տեսնել: Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպությունը երկու տարի առաջ նախաձեռնել է ազգային խոհանոցի զարգացման ռազմավարական հայեցակարգ, ծրագիր, որի իրականացման դեպքում նախանշել ենք մեզ համար հետաքրքիր որակավորման մի գործընթաց: Այն կիրականացնենք, եւ մեր խոհարարներն ու ռեստորաններն այդ որակավորման աստիճանակարգով հաստատ կանցնեն:
Ինչ խոսք, չեմ ուզում անտեսել նաեւ արդեն կայացած Միշլենի աստղի գաղափարը, դա էլ պետք է արվի, բայց ես հակված եմ, որ ունենանք մեր գնահատման ազգային համակարգը»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































