ՈՒԵՖԱ ազգերի լիգայի՝ այսօր կայանալիք Հայաստան-Էստոնիա հանդիպման նախօրեին կայացած հեռավար մամուլի ասուլիսում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը նշել է, որ դիտել է Էստոնիա-Վրաստան խաղը եւ եկել եզրակացության, որ մեր խմբում հավասար թիմեր են խաղում եւ հաղթանակի գործում կարող է մեծ դեր խաղալ նաեւ մարզական բախտը: Նա կարեւորել է պաշտպանությունում հուսալի խաղը եւ ստեղծվող գոլային պահերի օգտագործումը:
Իսպանացի մասնագետը, որը եղել է ակումբային մարզիչ եւ առաջին անգամ է ազգային հավաքական գլխավորում, այդ երկու աշխատանքների տարբերության մասին ասել է, որ հավաքականում ֆուտբոլիստների հետ աշխատելու շատ քիչ ժամանակ կա, իսկ Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղում իր ֆուտբոլիստները այդ կարճ ժամանակում ցույց տվեցին, որ ամբողջությամբ նվիրվում են խաղին:
Կապառոսը ոչինչ չի ասել նաեւ այսօրվա խաղում հավաքականի մեկնարկային կազմում փոփոխություններ կատարելու մտադրության մասին, մանավանդ պաշտպանությունում՝ նշելով, որ առջեւում 24 ժամ կա եւ դեռ ժամանակ ունի հասկանալու, թե ինչպես են խաղալու:
Հենրիխ Մխիթարյանի բացակայության մասին հարցին, թե Հս. Մակեդոնիայի հետ հանդիպման օրը նա «Ռոմայի» կազմում մասնակցել է ընկերական հանդիպման եւ գոլի հեղինակ դարձել, մինչդեռ, ինքը հայտարարել էր, թե Մխիթարյանն իրեն հեռախոսով տեղեկացրել էր, իբր լավ մարզավիճակում չէ, Խոակին Կապառոսը պատասխանել է. «Դատելով նրա հետ իմ զրույցից՝ կարող եմ ասել, որ իմ կարծիքով որեւէ կոնֆլիկտ չկա, Հենրիխը պատրաստ է մյուս հավաքին գալ Երեւան, միանալ թիմին եւ ամբողջությամբ նվիրվել մեր հավաքականին»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ