Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ փոխնախագահն արձագանքում է հագուստ ներմուծողների դժգոհություններին․ «Անցնում ենք ճշգրիտ հայտարարագրմանը եւ հավասարությանը հագուստի շուկայում»

Սեպտեմբեր 09,2020 18:45 Share

«Մենք անցում ենք կատարում ամբողջությամբ ճշգրիտ հայտարարագրման, որը ապահովելու է հավասարություն հագուստի շուկայի դաշտում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանն՝ անդրադառնալով հագուստ ներմուծող տնտեսավարողների դժգոհություններին։

Տնտեսավարողներն այսօր բողոքի ցույց էին անում կառավարության շենքի մոտ․ «Հիմնական խնդիրը գնային քաղաքականությունն է, թե մաքսային մարմիններն ինչպես են գների ուսումնասիրություն իրականացնում։ Մենք աշխատում ենք տնտեսվարողների հետ եւ ուսումնասիրում ենք տեղական շուկան եւ այն երկրների շուկան, որտեղից ապրանքները ներմուծվում են։ Նրանք Թուրքիայից են ներմուծում։ Այսօր երկու ժամ աշխատեցինք նրանց հետ, բոլոր հարցերը քննարկեցինք, ներկայացրեցինք, թե մոտավորապես մաքսային մարմիների հաշվարկներն ինչ գներ են նախատեսում, բոլորը խելամիտ սահմաններում են, եւ տնտեսվարողներն էլ դա ընդունեցին»։

Շուշանիկ Ներսիսյանը վստահեցրեց՝ մաքսային գներն էականորեն վերանայվել են եւ գնային քաղաքականությունը հօգուտ տնտեսվարողի է․ «Նրանք էլ ընդունեցին, որ գրեթե ամբողջությամբ համապատասխանում է իրականությանը, թե կոնկրետ ապրանքի համար, որքան գումար են վճարում Թուրքիայում։ Օրինակ՝ ջինսե տաբատի դեպքում մաքսային մարմինները հաշվարկել են՝ մեկ տաբատի համար միջինով մոտ 7 դոլարի սահմաններում է մուծում արվում Թուրքիայում։ Ներմուծողները համաձայնեցին, որ համապատասխանում է, նաեւ մի քանի այլ աշխատանքային հարցեր քննարկեցինք, դրանց տեղում լուծում տվեցինք, կամ շուտով կտանք»։

ՊԵԿ փոխնախագահը վստահեցրեց՝ այն, որ տնտեսվարողները դժգոհում են, որ մաքսայինում պարզել են, որ մոտ վեց անգամ թանկանում է մաքսային արժեքը, այդպես չէ։ Տիկին Ներսիսյանը պարզաբանեց․ «Մաքսային մարմնում ոչ բոլոր աշխատակիցներն են տեղյակ նոր գներից, միգուցե նրանք մոտեցել են այն աշխատակցին, որը տեղյակ չի եղել նոր գներից։ Բայց խոստանում եմ՝ կապահովեմ, որ մաքսային մարմնում բոլորը կտիրապետեն նոր գներին։ Գներն իրականում բարձրանում են 1,5-2 անգամ, 6 անգամ բարձրացում չկա։ Ջինսե 3500 դրամանոց տաբատի համար 1200 դրամ է մաքսային մուծումը, սա նույնիսկ իրականությունից ցածր գին է, խանութում 5000 դրամանոց ջինսե տաբատ չկա»։

Շուշանիկ Ներսիսյանը հիշեցրեց՝ կիլոգրամներով մաքսազերծումը դա պարզապես միջանկյալ լուծում էր տնտեսավարողների համար, մինչեւ նրանք երկու տարվա ընթացքում կհարմարվեն նոր գներին։

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930