«Իմ քայլի» պատգամավոր Մերի Գալստյանն այսօր ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրեց նոր օրենքի նախագիծ՝ «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին»: Սա մայր օրենքի նախագիծ է, որի համահեղինակն է նաեւ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը:
Նպատակն է բացառել կենդանիներին ցավ պատճառելը, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, ներկայացվում են կենդանիների վաճառքի, բուծման, կենդանիների քնեցմանը ներկայացվող պահանջները, կացարաններում պահելու պայմանները եւ այլն:
Մերի Գալստյանն ասաց. «Ներմուծվել է շների նույնականացման՝ անձնագրեր ունենալու պահանջը, ինչը արդյունավետ է լինելու նրանց կորելու դեպքում տերերի նույնականացման հարցում, դա կարեւոր է լինելու նաեւ թափառող կենդանիների կարգավորման տեսանկյունից»:

Կարդացեք նաև
Մերի Գալստյանը պատասխանեց, որ այս օրենքը չի կարգավորում վայրի կենդանական աշխարհի հետ կապված որեւէ իրավահարաբերություն, այս օրենքը բացառապես տնային, թափառող կենդանիների, ծառայողական, սպորտային, ժամանցային ցուցադրության համար նախատեսված կենդանիներին է վերաբերում: Դա «Կենդանական աշխարհի մասին» օրենքի կարգավորման տիրույթում է:
Հիշեցնենք, որ նմանատիպ մի օրենք՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին, հեղինակել էր ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Մերի Գալստյանը պատասխանեց, որ բյուջեի հետ կապված հաշվարկներ եղել են, թե մեկ թափառող շուն կացարանում պահելը որքան է արժենալու. «Հարցերը փորձել ենք հավասարակշռության տրամաբանության հիման վրա կառուցենք: Պետք է ապահովվի թե՛ բնակչության անվտանգությունը, նաեւ կենդանիների պաշտպանությունը: Կենդանիների հետ մեր համակեցությունը պետք է լինի համերաշխ ու անվտանգ: Մենք ուսումնասիրել ենք միջազգային փորձը ու գիտենք, որ իրենք տարիներով են հասել նրան, ինչը հիմա օրինակելի է համարվում»:
Պատգամավորը հորդորեց այս նախագիծն այսօր քվեարկության չդնել, քանի որ կառավարության հետ դեռ աշխատում են նախագծի վրա: Քվեարկությունը կլինի ավելի ուշ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































