Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետեկամուտները ողջ ժողովրդին հանել են իշխանության դեմ»,-առեւտրով զբաղվողներին չի գոհացնում ՊԵԿ-ի պատասխանը, պահանջում են Փաշինյանին

Սեպտեմբեր 16,2020 14:00

Առեւտրով զբաղվող մի քանի տասնյակ տնտեսվարողներ այսօր կրկին կառավարության առջեւ էին: Նրանց չի գոհացնում ՊԵԿ ղեկավարության պատասխանը: Տնտեսվարողները պահանջում են համավարակի այս պայմաններում մաքսային վճարը առնվազն 1 տարի թողնել նույնը:

Նրանց խոսքով, աշխարհի ոչ մի երկիր այս իրավիճակում հարկային-մաքսային վճարները չի ավելացրել. «ՊԵԿ-ի երկու արձագանքը փոփոխություն չտվեց, ոչ մի արդյունք չկա, որոշումը չեն փոխում: Ընդհանրապես այս ճգնաժամի պայմաններում ոչ մի թանկացման մասին խոսք անգամ չի կարող լինել, ցույց տվեք մի երկիր, որտեղ հարկային բեռի ավելացում է եղել: Չկա նման երկիր: Պետեկամուտները ողջ ժողովրդին հանել են իշխանության դեմ: Բոլորը վրդովված են: Եթե անցյալ տարի 7,5 տոկոս տնտեսական աճի պայմաններում անցում չկատարեցին կիլոգրամից հատով մաքսազերծման կարգին, այս ճգնաժամի ժամանակ ի՞նչ անցման մասին է խոսքը»:

 

Ցույցի մասնակիցները կոչ արեցին այլ տնտեսվարողներին էլ միանալ. «Մենք ընդամենը պահանջում ենք, որ մաքսազերծման նախկին գինը կիրառեն: Մենք նպաստ չենք ուզում, օգնություն չենք ուզում, չենք ուզում՝ մեր տոկոսները ջրեն, ընդամենն ուզում ենք մեզ համար գլուխներս կախ աշխատենք, հացի խնդիրը լուծենք: Մեզ ասում են՝ թանկանալու է՝ 1,5-ից երկու անգամ, բայց անգամ այդքանով թանկացումը մեզ համար կլինի կործանարար»:
Նրանք պահանջում էին վարչապետին եւ չէին ցանկանում, որ նրանց ընդունեն ՊԵԿ-ի ներկայացուցիչները, քանի որ, նրանց բնորոշմամբ, երկու հանդիպումներ էլ անպտուղ են անցել:
Հիշեցնենք, որ այս տարվանից, ԵԱՏՄ կանոնակարգերով պայմանավորված, ներմուծվող ապրանքների մաքսազերծումը մի քանի անգամ թանկացել է: Ըստ ՊԵԿ-ի, նոր կարգով կիրառում են հսկիչ գներ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930