Ինչպես տեղեկացրել ենք, այսօր «Հանուն Հանրապետության» ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցության առաջին համագումարն էր: Կուսակցության հիմնադիր անդամ Ռուբեն Մեհրաբյանն իր ելույթում ասաց. «Այսօր փառահեղ տոն է՝ Հայաստանի Հանրապետության Անկախության տարեդարձը, օր, որի մասնակիցը 29 տարի առաջ դարձավ նաեւ իմ սերունդը»:


Նա ասաց, որ քաղաքական խմբերը, շարժումները, կազմակերպությունները մշտական փնտրտուքների մեջ են, թե որն է բանաձեւը եւ ինչպես ձերբազատվեն այս չարիքից: Բանաձեւը գտնվեց 2018-ի գարնանը. «Անուրանալի է այն համազգային վճռականությունը ու ամենաբարձր քաղաքացիական գիտակցությունը, որը դրսեւորվեց հայ ժողովրդի կողմից այդ օրերին: Միջազգային հանրության կողմից հասցեագրված ուղերձները թույլ տվեցին, որ մեր երկիրը խուսափի արտաքին թյուրընկալումներից ու արտաքին միջամտությունից: Թավշյա հեղափոխությունը պատմական հնարավորություն բացեց հայ ժողովրդի առաջ, մեր երկիրը դուրս բերվեց ավտորիտար բռնապետության ճանկից ու կրկին բռնեց ժողովրդավարության ճանապարհը ու այս բացառիկ հնարավորությունը մսխելը մեզ չի ներվելու ապագա սերունդների կողմից: Այժմ եկել է ժամանակ, որ մենք իրագործենք ժողովրդավարական բարեփոխումներ իրագործելու անշրջելի ինստիտուտների ձեւավորման ճիշտ բանաձեւը: Ողջ պետական կառավարման համակարգը, հատուկ ծառայությունները, իրավապահ մարմինները,իհարկե, դատական համակարգը արմատապես բարեփոխելու խնդիր կա, սա այն է, ինչին արժանի է հայ ժողովուրդը ու այն է, ինչ պարտավոր է անել ՀՀ ցանկացած ազատ եւ ժողովրդավարական ընտրություններում քվե ստացած իշխանությունը: Իսկ այն, ինչ այսօր արվում է, մեղմ ասած՝ հեռու է բավարար լինելուց»:
Կարդացեք նաև
Ռուբեն Մեհրաբյանը նաեւ ընդգծեց. «Մինչ օրս պետությունը, օրենսդիր մարմինը չի տվել պետության բռնազավթման քաղաքական գնահատականը, իրերը չի կոչել իրենց անուններով, դրանով թույլ է տվել, որ պետության բռնազավթում իրականացրած տարրերը իրենց համարեն առնվազն նույն բարոյական հարթության վրա, ինչ պետության ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհը հարթող ուժերը»:
Մեհրաբյանը հայտարարեց. «Մեր՝ «Հանուն Հանրապետության» կուսակցության ստեղծումն օրվա հրամայական է: Մենք գալիս ենք մեր օրակարգով, որի առանցքում է բոլոր ոլորտներում ժողովրդավարական բարեփոխումների անշրջելիության ինստիտուցիոնալ երաշխիքների ձեւավորումը»: Ըստ նրա, դա է միակ գրավականը, որ առհավետ փակվի ճանապարհը այն բոլոր տարրերի համար, ում մտքով կանցնի հերթական անգամ օգտվել ժողովրդավարության հնարավորությունից՝ նրա գերեզմանափորը դառնալու համար, մեր անկախությունը, ինքնիշխանությունը վաճառելու համար. «Այլեւս երբե՛ք: Մենք գաղափարակիցներով գալիս ենք համոզված, գալիս ենք հաստատուն քայլերով այս օրակարգն իրականություն դարձնելու համար՝ փոփոխվող աշխարհակարգի պայմաններում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































