«Սփյուռքից եւ հիմնականում Ռուսաստանից արդեն հայերը հավաքվել են, որ գան Հայաստան, մասնակցեն մարտերին»,- Այսօր ԱԺ հատուկ նիստի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:
Նա վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց՝ քայլեր ձեռնարկվո՞ւմ են, որ մեր քաղաքացիներին տեղափոխենք Հայաստան: Վարչապետը պատասխանեց, որ կորոնավիրուսի հետ կապված նաեւ կոմունիկացիոն խնդիրներ կան, բայց մենք մեր ողջ ներուժը պետք է օգտագործենք, այդ թվում՝ սփյուռքի:
Փաշինյանը նաեւ կարեւորեց, որ խորհրդարանական ուժերը, սփյուռքի անհատները, բոլորը պետք է միջազգային հանրությանը տեղ հասցնենք այն ինֆորմացիան, թե որ կողմն է նախահարձակ եղել:

Կարդացեք նաև
Վարչապետը նաեւ տեղեկացրեց, որ այսօր առավոտյան Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել ու անելիքներ կան տնտեսական մասով, հոգեբանական մասով. «Միջազգային հանրությունը սկսել է արձագանքել: Այդ արձագանքներն ինչպիսին են՝ հիմնականում չեզոք են, բացի Թուրքիայի արձագանքից, որն ակնհայտորեն լարում է իրավիճակը եւ իրավիճակի մեջ ներգրավվելու հայտեր է ներկայացանում, եթե չասենք, որ արդեն ներգրավված է ու մենք պետք է այս տեղեկատվությունը կիսենք ու միջազգային հանրությանը ճիշտ ներկայացենք»:
ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանի խոսքով՝ «Պետք է թշնամին հասկանա, որ ջախջախիչ հարված է ստանալու, անկախ նրանից, որ սատարում է իրեն Թուրքիայի պես պետություն: Զիջումներ չպետք է լինեն»:
Փաշինյանն էլ ասաց, որ մենք ամուր կամք ունենք. «Լայնամասշտաբ ռազմական գործողություններ են ընթանում: Մենք պետք է հասկանանք, որ սա ֆիլմ չէ, որտեղ անպայման հեփի էնդ է լինում, այդ happy end-ը մենք պետք է ապահովենք՝ քայլելով սրի միջով, նաեւ հրի միջով, անհնարինության միջով, քայլելով հուսահատության միջով, որովհետեւ դա է հաղթանակի ճանապարհը, մյուս ճանապարհները՝ հետաձգել, էլի հետաձգել, խուսանավել, հետո շարունակել, էլի խուսանավել…Պետք է մի անգամ կանգնենք եւ պաշտպանենք ինքներս մեզ, մեր իրավունքները, ընդ որում, չլինելով մոլագար, դեստրուկտիվ, ոչ ադեկվատ, չկորցնելով միջազգային հանրության անդամի պարտականությունների եւ իրավունքների մասին մեր պատասխանատվությունը: Մենք պետք է արձանագրենք սա ճիշտ: Արձանագրենք եւս մի բան՝ չկա պարտություն, քանի դեռ ինքդ քեզ պարտված չես ճանաչել: Եվ չկա հաղթանակ, որը նախ քո հոգում եւ մտքում չի ծնվում: Եկեք պայմանավորվենք մի բան, ինչ էլ լինի՝ մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչում ու չենք դադարի քայլել, ընթանալ՝ ինչ էլ լինի: Չենք դադարի պայքարել՝ հանուն մեր ազգային հաղթանակի, հանուն Հայաստանի, Արցախի հաղթանակի, հանուն հայ ժողովրդի հաղթանակի, հանուն Մոնթեի, Վազգեն Սարգսյանի հաղթանակի հանուն Մովսես Գորգիսյանի, Ջիվան Աբրահամյանի հաղթանակի: Այսօր մենք ունենք կենդանի հերոսներ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































