«Այո, Ադրբեջանն, ըստ էության, փոխում է ռազմական գործողությունների նախկին ամբողջ տրամաբանությունը»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանը:
Նա փաստեց՝ ապրիլյան պատերազմի ժամանակ ականատես ենք եղել տարբեր տեսակի զինտեխնիկայի կիրառմանը, որոնք պատմության մեջ առաջին անգամ էին կիրառվում ու անդրադառնալով ներկայիս իրավիճակին՝ ասաց. «Այս անգամ այդ գործընթացներն ավելի զարգացում են ապրել: Փաստացի, Վարդենիսի ուղղությամբ ակտիվությամբ և քաղաքացիական ավտոբուսը խոցելով՝ Ադրբեջանն ընդլայնում է ռազմական գործողությունների աշխարհագրությունը: Ալիևը փաստացի գնում է վա բանկ իշխանության պահպանման համար, քանի որ Բաքվի բռնապետական ռեժիմի համար որևէ նշանակություն չունեն մարդկային կյանքերը, Ալիևն իր առաջ իշխանության պահպանման խնդիր է դրել»:
Տաթև Հայրապետյանը վստահեցրեց՝ առաջին խոշորագույն պարտությունը, որը հաստատ մեր զինված ուժերը հասցնելու են ադրբեջանական բանակին, Ալիևի համար ճակատագրական հետևանքներ է ունենալու. «Ըստ էության այս արկածախնդրությունը շատ թանկ է արժենալու Ադրբեջանի համար, քանի որ իրենք վերադարձ են կատարելու իննսունականների ներքաղաքական խժդժությունների ժամանակաշրջան, որտեղ ուղղակի իշխանությունները փոխվում էին ռազմական գործողություններին, հայկական զորքերի հաջողություններին զուգընթաց»:
Ըստ պատգամավորի՝ Թուրքիայի գործողություններն իսկապես մտահոգիչ են, բայց նաև դա հնարավորություն է աշխարհին ցույց տալու, որ Թուրքիան չի հրաժարվում իր նախկին քաղաքականությունից. դեռևս հարյուր տարի առաջ Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանության ձեռագիրն ենք նկատում. «Ուղղակի մենք բարեբախտաբար ունենք պետություն, հզոր բանակ, դիվանագիտական ներուժ այս ամբողջը միջազգային հանրությանը տեղ հասցնելու համար: Դատելով միջազգային հանրության արձագանքներից՝ աշխարհը հստակ գիտակցում է՝ ով է ագրեսորը, Թուրքիայի բացառիկ ապակայունացնող դերը և եկող զգուշացումները Թուրքիային, կարծում եմ, կարևոր գործընթացների սկիզբն են: Թուրքիան ամբողջ աշխարհում խաղում է ապակայունացնող դերակատարություն և առավել ևս այս տարածաշրջանում: Էրդողանի հայտարարությունները գերազանցում են Ալիևի հայտարարություններին, տպավորություն է, որ Ադրբեջանի բանակի գերագույն գլխավոր հրամանատարը հենց էրդողանն է և նա է հրամաններ արձակում: Թուրքական նման պահվածքը չի կարող անպատիժ մնալ»:
Կարդացեք նաև

Ըստ Տարոն Հովհաննիսյանի՝ Թուրքիայի նպատակը Հարավային Կովկասում իր ազդեցությունը մեծացնելն է. «Ուղիղ միջամտությունից դեռ խուսափում են՝ հաշվի առնելով Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հետ շահերի բախումը, հնարավոր ռիսկերը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































