Մի շարք իրավապաշտպան հասարակական կազմակերպություններ, քաղաքացիական հասարակությանը միավորող կառույցներ այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առաջ բողոքի ցույց էին անում: Նրանք գրասենյակին փոխանցեցին բողոք-նամակ՝ միջազգային կառույցներից պահանջելով դատապարտել Ադրբեջանի կողմից Թուրքիայի մասնակցությամբ սեպտեմբերի 27-ից Արցախի եւ Հայաստանի դեմ իրականացվող ագրեսիան:
«Այն կառույցները, որոնք նման իրավիճակներում խոսում են մարդու իրավունքներից, դատարկ հայտարարությունների փոխարեն պետք է գնան լուրջ քայլերի եւ Թուրքիայի ագրեսիայի դեմ կոնկրետ քայլեր ձեռնարկեն, այլապես այս կոնֆլիկտը տարածաշրջանի համար հումանիտար ճգնաժամի վերածվելու միտում ունի»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց բողոքի ցույցի նախաձեռնողներից Լուսինե Խառատյանը: Նրա բնորոշմամբ՝ ահաբեկչական գործոնին հատուկ բռնությունը, բռնաբարությունը, սպանությունը, գողությունը, եւ այս ամենն ամփոփող իրավիճակը վտանգավոր է ոչ միայն Արցախի եւ Հայաստանի, այլեւ տարածաշրջանի եւ աշխարհի համար:
Կազմակերպիչներից Անահիտ Սիմոնյանն էլ նկատեց՝ Ադրբեջանը շարունակում է թիրախավորել խաղաղ բնակչությանը. «Ադրբեջանի ԱԳՆ-ն երեկ այս առիթով հայտարարություն տարածեց՝ բացարձակ չստանձնելով պատասխանատվություն: Իրավիճակը զավեշտալի է, իսկ մարդու իրավունքների պաշտպանության մանդատը ստանձնած միջազգային իրավապաշտպան կառույցների լռությունը՝ անընդունելի: Սա նշանակում է, որ սահմանի երկու կողմում մարդկային կյանքերի կորստի փաստն անտեսվում է: Միջանկյալ կեցվածք որդեգրելը եւ չասելը, որ ագրեսիան սկսել է Ադրբեջանը, իսկ Թուրքիան՝ աջակցել տեռորիզմի տարածմանը, նշանակում է՝ նպաստել այս ամենին»:
Սիմոնյանը հույս հայտնեց, որ ՄԱԿ-ի գործընկերները, Եվրոպայի խորհուրդը եւ միջազգային իրավապաշտպան կառույցները պատշաճ կարձագանքեն Ադրբեջանի եւ Թուրքիայի ագրեսիային:
Կարդացեք նաև

https://www.facebook.com/nina.karapetyants/videos/3753118358034600/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































