Գոհար Մեժլումյանը կրթությամբ միջազգայնագետ է, սակայն ներկայումս սցենարիստ է աշխատում հեռուստատեսություններից մեկում, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության կինոսցենարիստների գիլդիայի փոխնախագահն է: Նաեւ փոքրիկ բիզնես է ստեղծել եւ ձեռագործ օճառներ է արտադրում: Գոհարի հետ զրուցել ենք Aravot.am-ի «Ֆեմինի» նախագծի շրջանակում:
Նա երազում է, որ պատերազմն օր առաջ ավարտվի, որպեսզի երկրի տնտեսությունը ոտքի կանգնի, փոքր, միջին ու մեծ բիզնեսը սկսի գործել ու նպաստել մեր երկրի հզորացմանը

Գոհար Մեժլումյանը նշում է, որ տնեցիները եւ ծանոթները թերահավատորեն էին վերաբերվում իր այդ նախասիրությանը, ասում էին` միայնակ չի կարող գործից գլուխ հանել, հետո դրա համար փող է պետք, սակայն ինքը չի ընկրկել ու զրոյական վիճակից բիզնես է սկսել. «Օրինակ` օճառի համար համապատասխան տարաները խնդրել եմ, որ հայրիկիս ընկերը պատրաստի, օճառ կտրելու գործիքը` ընկերներիցս մեկն է պատրաստել, իմ քիմիկոս ընկերների աջակցությանն եմ ապավինել, որովհետեւ ինչքան էլ համացանցում տեղեկատվություն կա, միեւնույն է բավարար չէ, դու պետք է փորձով ինչ-որ գաղտնիքներ բացահայտես: Մենք հրաշալի բնություն, խոտաբույսեր ունենք, մեր եթերայուղերը շատ լավն են, ուրեմն ինչո՞ւ չօգտվել այդ ամենից»:
Կարդացեք նաև

Երջանկության մասին էլ հետեւյալն է ասում. «Երջանկությունն ինձ համար այն է, որ ապրում եւ աշխատում եմ իմ հայրենի հողի վրա…Ամեն ոք էլ կարող է գնալ դրսում ապրել ու ավելի շատ վաստակել, բայց ես գերադասում եմ ապրել եւ աշխատել հենց Հայաստանում ու ամեն ինչ անել սիրով»:
Ընթերցանության մասին խոսելիս մեր զրուցակիցը հայտնեց, որ ներկայումս ժամանակ չունի գեղարվեստական գրքեր կարդալու, ու ավելի շատ մարքետինգի ու բիզնեսի թեմայով է ր ընթերցում. «Ուզում եմ հասկանալ, թե ինչպես վարվեմ, որ բիզնեսը լավանա, որովհետեւ եթե այդ առումով ցանկացած ոք որքան հաջողակ լինի, ավելի լավ հարկատու կլինի, դրանից երկիրն էլ կշահի»:

Հարցազրույցի վերջում Գոհար Մեժլումյանը կրկին ընդգծեց, որ պատերազմի ավարտից հետո երազում է մեծացնել փոքրիկ բիզնեսը ու այդ կերպ օգտակար լինել երկրին. «Տղամարդ չեմ, որ զենքը ձեռքիս կռվեմ հանուն հայրենիքիս, բայց այդպես գոնե ինչ-որ ձեւով կռիվ կռամ ու կաջակցեմ երկրիս»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները` Գոհար Մեժլումյանի ֆեյսբուքյան էջից:


















































