Լրահոս
Օրվա լրահոսը

Որոնելով «կնոջ բույրը»․ «Շանել № 5»՝ իրերի պատմությունից

Մայիս 05,2023 09:30

1921 թ․-ի մայիսի 5-ին նորաձևության աշխարհի ամենահայտնի ֆրանսուհիներից մեկը՝ Կոկո Շանելը փարիզյան հասարակության դատին հանձնեց մի օծանելիք, որը հեղափոխություն էր անելու բույրերի աշխարհում՝ մինչ օրս չկորցնելով իր հետաքրքրությունն ու արդիականությունը։

Ազատելով կանանց ճնշող սեղմիրաններից և ուռուցիկ շրջազգեստներից ու պարզ, հստակ եզրագծեր նվիրելով նրանց՝ Շանելը մտածում էր նաև այն աներևույթ բաղադրամասի մասին, որը կլրացներ կնոջ ոճային ու էլեգանտ կերպարը ոչ թե ինչ-որ ծաղիկների՝ այլ բոլորովին ուրիշ՝ կնոջ թարմ, մաքուր բույրով։ Սակայն երկար ժամանակ նա չէր գտնում այն պարֆյումերին, որը կկարողանար ստեղծել հենց այդպիսի բույր՝ զերծ մաշկի, մուշկի և մի քանի այլ ծաղիկների յուղային հոտերից, որոնք շատ նորաձև էին այդ շրջանում։

«Պարֆյումերիայի գրաալը միշտ եղել է շատ թարմ և կայուն բույրերի ստեղծումը»,- ասել է պարֆյումերիայի մասնագետ և պրոֆեսիոնալ «քիթ» Ֆրեդերիկ Մալլեն։

«Այդ ժամանակ թարմ բույրերի ստեղծման միակ եղանակը ցիտրուսային բույրերի օգտագործումն էր, ինչպիսիք են կիտրոնը, բերգամոտը կամ նարինջը։ Այդ բույրերը շատ թարմ ու հմայիչ են, սակայն և շատ անկայուն են մաշկի վրա»։

Այդ օրերին քիմիկոսներն արդեն ստացել էին որոշ սինթետիկ նյութեր, որոնք կոչվում էին ալդեհիդներ․ դրանց միջոցով կարելի էր արհեստական բույրեր ստանալ, սակայն այդ նյութերը չափազանց ուժեղ էին, և պարֆյումերները չէին համարձակվում օգտագործել դրանք։

1920 թ․-ի ամռան վերջին Շանելն իր սիրեցյալի՝ դուքս Դմիտրի Պավլովիչի հետ Լազուր ափ է մեկնում, որտեղ էլ ծանոթանում է ռուս -ֆրանսիական ծագում ունեցող պարֆյումեր Էռնեստ Բոյի հետ՝ հետաքրքրասեր ու համարձակ վարպետի, որն ընդունում է Շանելի մարտահրավերը։

Կոկո Շանելն ու Էռնեստ Բոն, լուսանկարիչ՝ Ռոջեր Շալ

Պարֆյումերիայի մայրաքաղաք համարվող Գրասում Էռնեստ Բոն մշակում է պարֆյումերային ավելի քան 80 նոտա՝ վարդից մինչև հասմիկ ու սանդալ և համադրելով դրանք ալդեհիդների հետ՝ ստանում է բարդ կոմպոզիցիաներ, որոնք հիշեցնում էին ժամանակի նկարիչների աբստրակտ կտավները։

Մի քանի ամիս անց նա թվերով համարակալված 10 օրինակ է ներկայացնում Կոկո Շանելին, որոնցից համար 5-ն էլ ընտրում է Շանելը՝ հենց այդպես էլ անվանելով իր օծանելիքը՝ «Շանել № 5»․ այդ պարզությունից ապշած պարֆյումերը հարցնում է․

– Բայց չէ՞ որ ոչ ոք այդպես չի արել։

– Բանն էլ հենց դրանում է․ իմ օծանելիքը կտարբերվի բոլորից․․․

Ի՞նչ ես դու կրում անկողնում․ «Մի քանի կաթիլ Շանել Nº 5»․ Մերիլին Մոնրո

Ասում են՝ իրականում այդ բույրը լաբորատոր սխալի՝ ալդեհիդների գերդոզավորման արդյունք էր, որն իր նախադեպը դեռ չէր ունեցել։
Տիլար Մացեոն՝ «Chanel № 5-ի գաղտնիքը» գրքի հեղինակը պատմել է, թե ինչու է Շանելին գրավել այդ բույրը։ Օճառի բույրն ու թարմ լվացված մաշկի հոտը նրան հիշեցնում էին իր մանկության տարիները, իսկ «ալդեհիդներն օճառի բույր ունեն»։
«Որպեսզի նա կարողանար իր գլխում հավասարակշռել վանքում անցկացրած մանկության տարիներն ու սիրուհու շքեղ կյանքը»։

Ավելի ուշ Կոկո Շանելը պատմել է․ «Դա այն էր, ինչ ես սպասում էի։ Օծանելիք, որը ոչնչի նման չէ։ Պարֆյում կնոջ համար՝ կնոջ բույրով»։

Պարզ ու լակոնիկ՝ ոսկեգույն հեղուկով լցված սրվակի գլխապտույտ հաջողությունը նաև Շանելի մարքեթինգային զարմանալի հնարքներով էր պայմանավորված։ Օրինակ՝ այդ իրադարձությունը նշելու համար նա Էռնեստ Բոին ու իր ընկերներին Ռիվիերայի էլիտար ռեստորան է հրավիրում, և սեղանի շուրջը ցողում նորաստեղծ բույրով։ Ամեն անցնող կին կանգ էր առնում և հարցնում, թե ինչ բույր է դա և որտեղից է այն հայտնվել։

«Շանելի համար դա այն պահն էր, որը հաստատում էր, որ բույրը հեղափոխական է լինելու», -ասել է Մացեոն։- «Եվ այն պահը, երբ մարդիկ զգացին ինչ-որ բանի բույր, որը մինչ այդ երբևէ չէին զգացել, միջամտություն էր պարֆյումերիայի պատմության մեջ»։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ
Նյութը պարունակում է տեղեկություններ հետևյալ աղբյուրներից՝ BBC, Fashionista, Harpers Bazaar

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031