Լրահոս
Օրվա լրահոսը

Ղարաբաղի միջազգային ճանաչումից բացի չկա այլ լուծում

Հոկտեմբեր 10,2020 12:38

Բոլոր հոդվածները, ռեպորտաժներն ու նորությունները նվիրված են պատերազմին, նրա մարդկային և նյութական կորուստներին: Պատերազմը գնում է մի կողմից հայկական զինված ուժերի, իսկ մյուս կողմից` ադրբեջանական բանակի միջև, որին աջակցում են թուրքական դիվանագիտությունը, ռազմական խորհրդականները, տրամադրվող սպառազինությունը և վարձկանների մասնակցությունը։ Այս պատերազմը հայտարարվել էր դեռևս սկսվելուց օրեր առաջ: Թուրքիան և նրա առաջնորդ Էրդողանը ակնհայտորեն դրդել են Ադրբեջանին պատերազմի։

Երկու կողմից արված որոշ ցավալի հայտարարություններ և դիրքորոշումներ նույնպես ունեցան իրենց սադրիչ ազդեցությունը: Այս պատերազմը կանխատեսելի էր, և կանխատեսվել էր (Տես՝ Լիպարիտյան ) և հնարավոր էր փրկել մարդկային կյանքեր: Կգա այդ ամենը վերլուծելու ժամանակը: Իսկ այսօր ուշադրության կենտրոնում պետք է լինի մարտական գործողությունների դադարեցումը և հակամարտության վերջնական քաղաքական կարգավորմանը հասնելը։ Տեղում ռազմական դիմադրությունն, իհարկե, կարևոր է, բայց դիվանագիտական հաղթանակը նվազ կարևոր չէ։ Առանց իրավական կողմի ապահովման, ինքնիշխանությունը սոսկ փաստական իշխանություն է, որի արդյունավետությունը կախված է միայն ուժերի հավասարակշռությունից, և որն այդ պատճառով, միայն ծուղակ է` հատկապես թույլ պետությունների համար։ Թուրքիայի միջամտությունը փոխեց հավասարակշռությունը և կտրուկ բարձրացրեց Ղարաբաղի հայերի կյանքին սպառնացող վտանգը կամ բռնի տեղահանության սցենարի հնարավորությունը: Այս երկու հանցանքը ցեղասպանության հանցագործության բաղկացուցիչ մասերն են: Ղարաբաղի անկախության ճանաչումն ու նրա ժողովրդի ինքնորոշման հարցերը հարյուրամյա վաղեմություն ունեն։ Ոչինչ չի փոխվել. նույն պատճառներն ու նույն հետևանքներն են։

Սույն հոդվածի նպատակն է իրավական փաստարկների միջոցով ցույց տալ, որ Ղարաբաղի անկախությունն այս պատմական արյունալի հակամարտությանը վերջ տալու պատշաճ, անմիջական, փաստարկված և իրավաբանորեն հիմնավորված միջոցն է:

Հայկական դիվանագիտությունը տարիներ շարունակ գերադասել է ստատուս քվոն, այլ ոչ թե նախաձեռնություններով հանդես գալը, Մինսկի գործընթացի միջնորդ երկրների մոտեցումների հանդեպ հնազանդ վերաբերմունքը, այլ ոչ թե իրատեսական լուծումներին հետամուտ լինելը: Այժմ Հայաստանի առջև ծառացել է ավելի լուրջ մարտահրավեր, որը կարող է դուրս գալ մեր վերահսկողությունից, չնայած հուսով եմ ՝ այդպես չի լինի։ Բոլոր պետությունները և միջկառավարական կազմակերպությունները կոչ են անում դադարեցնել մարտական գործողությունները և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ Եթե առաջնայնությունն իսկապես արյունահեղությունը կանգնեցնելն ու երկու կողմերի մարդկային կյանքերը փրկելն է, ապա հրադադարը կարճ կլինի՝ եթե ոչինչ չփոխվի բանակցությունների սկզբունքներում։ Այդ սկզբունքներն արդեն իսկ փակուղային էին դեռևս մինչև պատերազմը: Իսկ այժմ դրանք արդեն ամբողջապես անհարկի են, քանի որ խախտվել է պայմանավորվածությունների առաջնահերթ պայմանը՝ խաղաղ գործընթացը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1992-1994 թվականների չորս բանաձևերի առկայությունը, որոնք պահանջում են Ադրբեջանին վերադարձնել որոշ օկուպացված տարածքներ, իրավունք չեն վերապահում Ադրբեջանին կիրառել զինված ուժ, ոչ էլ՝ կատարել միջազգային մարդասիրական իրավունքի աղաղակող խախտումներ:

Մինսկի միջնորդական խմբի սկզբունքները

1996թ.-ին ԵԱՀԿ անդամ պետությունները երեք սկզբունք առաջադրեցին որպես խաղաղ կարգավորման գործընթացի իրավական հիմք.

1) Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը,

2) Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակը պետք է հիմնվի ինքնորոշման վրա, որը Լեռնային Ղարաբաղին տալու է Ադրբեջանի կազմում ինքնակառավարման բարձրագույն աստիճան,

3) Լեռնային Ղարաբաղի և նրա բնակչության երաշխավորված անվտանգություն: 1998թ. նոյեմբերին Մինսկի խումբն առաջարկեց, որպեսզի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև անարգել հաղորդակցության համար Լաչինի միջանցքի օգտագործումը դառնա առանձին համաձայնագրի առարկա: Լաչինի շրջանը պետք է մշտապես մնա որպես ամբողջությամբ ապառազմականացված գոտի։

Կարգավորման բանակցային ծրագրի հիմքում դրված են ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից Մադրիդում ներկայացված սկզբունքները (2007թ. նոյեմբեր).
(1) Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը,

(2) Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակ, որն ապահովում է անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներ,

(3) Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք,

(4) Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա որոշումը իրավաբանորեն պարտադիր կամաարտահայտության միջոցով,

(5) բոլոր ներքին տեղահանված անձանց և փախստականների իրավունքը վերադառնալու իրենց նախկին բնակության վայրեր, և

(6) միջազգային անվտանգության երաշխիքներ, որոնք կներառեին խաղաղապահ գործողություններ:

Այդ սկզբունքներն արժանացել են այլ միջկառավարական կազմակերպությունների հավանությանը, որոնք ճանաչել են ԵԱՀԿ-ի բացառիկ դերը։ Ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը չեն մերժել դրանք, սակայն նրանք ունեն տարբեր մեկնաբանություններ, որոնք, ընդհանուր առմամբ, չեն համապատասխանում միմիանց։ Իսկապես, ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքների փոխհաշտեցումը շատ բարդ խնդիր է, հատկապես ներկա հակամարտության դեպքում: Ես փաստարկել եմ 2019 թվականի մարտին (տես՝ այստեղ), որ համաձայնեցված պլանի բովանդակությունը այլևս կիրառելի չէ: Այսօր հիմնական պայմանը՝ ուժի չկիրառումը, կոպտորեն խախտվում է, ուստի դա ի չիք է դարձնում երկու կողմերի միջև փոխզիջման հասնելու բոլոր հնարավորությունները, և կարգավորման ողջ պլանը պետք է վերանայվի։

Ինքնորոշման և անջատվելու մասին

Միջազգային իրավունքի տեսանկյունից, ժողովուրդների ինքնորոշումն ընկալվում է ապագաղութացման համատեքստից դուրս՝ որպես մի գործընթաց, որը բացառապես պետությունների ներքին գործն է և ընդունվում է նրանց տարածքային ամբողջականությունը։ Սակայն անջատումը փաստ է միջազգային իրավունքի լույսի ներքո, նույնիսկ եթե ինքնիշխան պետությունը համաձայնություն չի տալիս իր տարածքի մի մասի անջատմանը։ Պակիստանը հաջող անջատման լավ օրինակ է՝ վերջինս անկախացել է այն պետության կամքին հակառակ, որի մաս է եղել։ Անջատումը կոչվում է նաև արտաքին ինքնորոշում։ Միջազգային իրավունքը չի նախատեսում անջատման իրավունք, բացառությամբ իմպերատիվ նորմերի (jus cogens) խախտման դեպքերի, սակայն նաև չի արգելում անջատումը: Նույնիսկ եթե ժողովրդի կամքը որոշվում է համաժողովրդական հանրաքվեով (ինչպես դա եղել է Քվեբեկի ՝ Կանադայի կամ Կատալոնիայի ՝ Իսպանիայի դեպքում), գոյություն ունի միայն մեկ հնարավոր պայմանական սցենար, որի դեպքում «անջատումը հանուն փրկության» կարող է ընդունվել որպես վերջնական միջոց։ Դա պետք է ցույց տա, որ մարդկանց ֆիզիկական անձեռնմխելիությունը վտանգված է: Կանադայի Գերագույն դատարանը (Քվեբեկի անջատման հարցով) սահմանել է «վերջին միջոցի» այդ հայեցակարգի նպատակահարմարությունը և կիրառելիությունը գնահատելու երեք պայման ՝ (ա) «ժողովրդի իր ամբողջության մեջ» ներկայացվածության սկզբունքի չպահպանումը, (բ) մարդու հիմնարար իրավունքների կոպիտ խախտումները, մասնավորապես ՝ անձանց ֆիզիկական անձեռնմխելիության դեմ սպառնալիքները, (գ) գոյություն ունեցող պետական կառույցի շրջանակներում խաղաղ կարգավորման հնարավորության բացակայությունը։ Հանուն փրկության անջատվելու դոկտրինը դեռևս բանավեճերի առարկա է: Որոշ պետություններ, ինչպիսին է Գերմանիան, Կոսովոյի անկախության գործով Միջազգային դատարանում հանդես են եկել ի պաշտպանություն հանուն փրկության այդ դոկտրինի (2010թ.): Դատարանը գտել է, որ այդ հարցի վերաբերյալ չպետք է որոշում կայացնի։

Առկա՞ են արդյոք այդ պայմանները Ադրբեջանի կազմից Լեռնային Ղարաբաղի անջատման դեպքում

Ցանկացած անվերապահ և անմիջական պատասխան այս հարցին կլինի սուբյեկտիվ: Ավելին, ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն արդեն 26 տարի ապրում է ինքնուրույն և ունի պետության բոլոր հատկանիշները։ Այսպիսով, այս երեք չափանիշները չեն համընկնում ներկայիս քաղաքական իրականությանը: Մինչդեռ քաղաքական նկատառումներով, Ղարաբաղի հարցում անհրաժեշտ է անդրադառնալ «անջատման հանուն փրկության» վերաբերյալ այդ երեք չափանիշներին: Հարկ է նշել, որ.
Ա. Ներքին ինքնորոշման գործընթացը մինչ այժմ ձախողվել է:
Բ. Պաշտոնական մակարդակով ատելության և հանցավոր արարքների աստիճանը հասել է անդառնալի կետի:
Գ. Ներկայիս պատերազմը, որում ներառված է նաև Թուրքիան, հայերի նկատմամբ Ադրբեջանի իրական մտադրությունների կոնկրետ օրինակ է:

Ներքին ինքնորոշման գործընթացը դատապարտված է ձախողման

Չի կարելի մոռանալ, որ երբևէ չի հաստատվել, որ Լեռնային Ղարաբաղի տարածքը պատկանում է Ադրբեջանին։ Իսկապես, Ադրբեջանի անկախության սահմանադրական ակտը (18 հոկտեմբերի 1991 թ.) հանգեցնում է հակառակ եզրակացության։ Հոդված 2-ը նշում է.«Ադրբեջանի Հանրապետությունը 1918 թվականի մայիսի 28-ից մինչև 1920 թվականի ապրիլի 28-ը գոյություն ունեցող Ադրբեջանի Հանրապետության իրավահաջորդն է»: Մինչև 1921 թվականի հուլիսը Լեռնային Ղարաբաղի տարածքին հավակնում էին ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական հանրապետությունները և արդեն առկա էր սուր հակամարտություն, ներառյալ զինված բախումները ու զանգվածային սպանությունները (Շուշիի հայության դեմ՝ 1920թ.):

Վիճելի տարածքը Ադրբեջանին միացվել է 1921 թվականի հուլիսի 5-ի գիշերը, Ստալինի անձնական կամայական որոշմամբ, քանի որ Ռուսաստանի կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցության կովկասյան բյուրոյի պլենումը չի կարողացել ձայների մեծամասնությամբ որոշում կայացնել այդ հարցով։ Նախորդ օրը այդ նույն մարմինը որոշում էր ընդունել «Լեռնային Ղարաբաղը ներառել Հայկական ԽՍՀ կազմում և հանրաքվե անցկացնել միայն Լեռնային Ղարաբաղում»։ Այլ կերպ ասած, 1918-1920թթ.- ին Լեռնային Ղարաբաղը չի դիտարկվել որպես Ադրբեջանի տարածք։ Հետևաբար, 1991թ. անկախության մասին ադրբեջանական ակտը չի ներառում Լեռնային Ղարաբաղը։
Հարկ է նաև հիշեցնել, որ Ստալինի կողմից թելադրված որոշման մեջ նշվում է «մահմեդականների և հայերի միջև խաղաղության հաստատման անհրաժեշտությունը» (…) և Ղարաբաղին տրամադրվում է «լայն տարածաշրջանային ինքնավարություն ՝ Շուշի վարչական կենտրոնով, որը մտնում է ինքնավար մարզի կազմի մեջ»: Տարօրինակ է, որ Մադրիդյան սկզբունքներն օգտագործում են «ինքնավարության բարձրագույն աստիճանի» մասին գրեթե նույն մոտեցումը։ 1923 թվականին կազմավորվել է «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը» (ԼՂԻՄ)։

1977 թվականին ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նիստի նյութերում (1977 թվականի նոյեմբերի 23) ասվում է. «մի շարք պատմական հանգամանքների արդյունքում Լեռնային Ղարաբաղն արհեստականորեն միացվել է Ադրբեջանին մի քանի տասնամյակ առաջ։ Ընդ որում, հաշվի չեն առնվել մարզի պատմական անցյալը, նրա էթնիկ կազմը, նրա ժողովրդի կամքը և տնտեսական շահերը։ Տասնամյակներ են անցել, իսկ ղարաբաղյան խնդիրը շարունակում է մտահոգություններ առաջացնել և թշնամանք հրահրել երկու ժողովուրդների միջև, որոնք կապված են դարավոր բարեկամությամբ։ Լեռնային Ղարաբաղը պետք է ընդգրկվի Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կազմում» (Տես Շահեն Ավագյան, «Լեռնային Ղարաբաղի իրավական ասպեկտները», 5-րդ հրատարակություն):

Ոչինչ չի փոխվել նաև 1988 թվականին, երբ ղարաբաղցի հայերը 68 տարի «գաղութատիրությունից» հետո (նույն բառն օգտագործվում է Ադրբեջանի անկախության մասին ակտում՝ ԽՍՀՄ-ի հետ նրա ստորադաս վիճակը բնութագրելու համար) դիմել են Հայաստանին խաղաղ վերամիավորվելու խնդրանքով։ Նրանք, ի վերջո, անցկացրել են հանրաքվե՝ Խորհրդային Միության սահմանադրական դրույթներում ամրագրված գործընթացի համաձայն։ Մենք բոլորս գիտենք հետագա պատմությունը և հետևանքները:

Այլ կերպ ասած ՝ վեճը գոյություն ունի 20-րդ դարի սկզբից ՝ նույն պատճառներով և նույն հետևանքներով։ Ինքնորոշման ցանկացած ներքին գործընթաց դատապարտված է ձախողման։ Բացի այդ, ատելությունը զգալիորեն աճել է։

Ատելությունն ու թշնամանքը հասել են անդառնալի կետի

Ադրբեջանական Հանրապետությունը վերջին երեսուն տարիների ընթացքում այնպիսի պաշտոնական ատելություն է սանձազերծել հայերի նկատմամբ, որ դժվար է պատկերացնել, թե ինչպես, պետք է չնայած «ինքնավարության բարձր աստիճանի» խոստմանը դեպի ծով ելք չունեցող տարածքի համար՝ Լեռնային Ղարաբաղի հայերի համար անվտանգության հռչակված երաշխիքն արդյունավետ լինի:
Այս ատելության քարոզը պարբերաբար դատապարտվում է եվրոպական և ՄԱԿ-ի հաստատությունների և պայմանագրերի կատարմանն ուղղված մարմինների կողմից։ Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ Եվրոպական հանձնաժողովը (ՌԱԵՀ) Ադրբեջանի վերաբերյալ իր զեկույցում (2016թ. մարտ) նշում է, որ «էթնիկ հակամարտություններին նվիրված գրեթե բոլոր 196 ատելության ելույթներն ուղղված են եղել հայերի դեմ։ Քաղաքական գործիչները և պետական ծառայողները ատելության խոսքի գլխավոր տարածողներն են եղել, նրանց այնուհետև ձայնակցել են լրագրողները»: Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին շրջանակային կոնվենցիայի եվրոպական խորհրդատվական կոմիտեն նշել է, օրինակ, «Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ մշտական հասարակական դիսկուրսը, որը Հայաստանին կամ հայերին մշտապես ներկայացնում է որպես «թշնամի» և բացեիբաց տարածում ատելության ուղերձներ» (տես՝ այստեղ):

Այդ ատելիության խոսքը հանգեցնում է սարսափելի հանցագործությունների։ «2016 թվականի ապրիլյան պատերազմի» (ապրիլի 2-6) ժամանակ երեք հայ զինվոր գլխատվել են, իսկ նրանցից մեկի գլուխը ցուցադրող ադրբեջանցի զինվորների լուսանկարները հրապարակվել են սոցիալական ցանցերում։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանու ներքո անհետ կորած և հետագայում վերադարձված ևս 18 զինվորների մարմինների վրա հայտնաբերվել են խոշտանգումների և խեղումների հետքեր: Հայցադիմումը գտնվում է Ստրասբուրգում։ Հայ գերիների խոշտանգման պրակտիկան մշտական բնույթ է կրում, և փաստերն արդեն հաստատված են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից (Սարիբեկյանի և Բալյանի գործն ընդդեմ Ադրբեջանի, 2020 թվականի հունվարի 30-ի որոշում):

Խտրականությունից դեպի էթնիկ զտում

Փաստացի տեղի է ունենում հայերի սպանության հրահրում։ Հայաստանի Զինված ուժերի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը 2004 թվականի փետրվարին Բուդապեշտում կացնով գլխատվել է ադրբեջանցի լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից: Այս երկու զինծառայողները եղել են ՆԱՏՕ-ի կողմից հովանավորվող «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անգլերենի ուսուցման դասընթացի մասնակիցներ։ Հունգարական դատարանի կողմից ցմահ բանտարկության դատապարտված Ռամիլ Սաֆարովը 2012-ին արտահանձնվել է Ադրբեջանին: Պատիժը կրելու փոխարեն նրան դիմավորել են որպես հերոս։

Նա ազատ է արձակվել, նրան ներում է շնորհվել և պաշտոնը բարձրացվել է հրապարակային արարողության պայմաններում, ինչպես նաև ստացել է աշխատավարձ՝ բանտում գտնվելու ողջ ժամանակահատվածի համար: Նրան նաև բնակարան է տրվել Բաքվում։ 2020թ. մայիսի 26-ին Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը որոշում կայացրեց («Մակուչյանն ու Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի»), որտեղ հանգեց այն եզրակացության, որ ադրբեջանական իշխանությունների կողմից Սաֆարովի նկատմամբ ձեռնարկված միջոցները հանգեցրել են նրա անպատժելիությանը, ինչը, ատելության հողի վրա չափազանց դաժան հանցագործության փառաբանման հետ մեկտեղ, պատճառահետևանքային կապ ունի զոհի հայկական էթնիկ պատկանելության հետ և այդ պատճառով, նշված գործողություններն ունեն ռասայական շարժառիթներ: Ադրբեջանի կառավարությունը ժխտել է իր ուղղակի պետական պատասխանատվությունը, սակայն չի հերքել խտրականության մասին դիմողների պնդումները:

Վերջապես, ամբողջական ոչնչացման սպառնալիքները պարբերաբար ձևակերպվում են քաղաքական գործիչների կողմից։ Պատգամավոր Էլման Մամադովն ասել է. «անհասկանալի է, թե ինչու է Թուրքիան հանդուրժում հայ ժողովրդին իր հողերում […] Եթե Թուրքիան և Ադրբեջանը միավորվեն, նրանք կարող են Հայաստանը ջնջել աշխարհի քարտեզից: Հայերը պետք է զգուշանան դրանից»։ «Նոր Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Հաֆիզ Հաջիևն ասել է. «մեր որդիները պատրաստվում են պայթեցնել Հայաստանի ատոմային էլեկտրակայանը, որպեսզի այդ տարածքում հայ չմնա»։

Այդ սպառնալիքը կրկին հնչեցվել է 2020 թվականի հուլիսի 17-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարի կողմից։ Ձայնակցելով Կովկասից հայերին զտելու կոչերին ՝ թուրք քաղաքական գործիչները միայն ավելացնում են իրենց վաղեմի ատելությունն ու ռասայական ու կրոնական անարգանքը։ Ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին հոկտեմբերի 4-ին հայտարարել է, որ Հայաստանը պետք է «խեղդվի իր թափած արյան մեջ»։ Մարդկային աղետալի կորուստներով շարունակվող պատերազմը փոխադարձ ատելությունը միայն կերկարացնի ևս մեկ դարով:

Միանգամայն օբյեկտիվորեն՝ որո՞նք են այս պայմաններում ներքին ինքնորոշման սկզբունքի իրացման շանսերը։ Բացի այդ, երեք պատերազմող կողմերը (ներառյալ Թուրքիան) այժմ հանդես կգան նախկին ստատուս քվոյին վերադառնալու դեմ։

Մինսկի միջնորդ երկրները պետք է ճանաչեն Ադրբեջանի կազմից Լեռնային Ղարաբաղի անջատման փաստը որպես իրավական պաշտպանության վերջին միջոց

Մինչ այժմ համաձայնեցված սկզբունքները, ինչպես որ ենթադրվում է դրանց իրականացումը, կիրառելի չեն։ Անհրաժեշտ է վերջնական և միափուլ կարգավորում։ Այլ օրինակները (օրինակ, Պաղեստինի և Երուսաղեմի վերջնական կարգավիճակը) ցույց են տալիս, որ վերջնական կարգավիճակը առանցքային հարց է, և թույլերը երբեք օգուտ չեն ստանում: Պետությունները պետք է պատասխանատվություն ստանձնեն և ընդունեն, որ վերջին միջոցը անջատման հանուն փրկության ընդունումն է, որպեսզի խուսափեն Լեռնային Ղարաբաղի հայերի ոչնչացումից: Մինսկի խումբը պետք է ճանաչի Արցախի փաստացի անկախությունը և կոչ անի հօգուտ այդ անկախության միջազգային ճանաչման։

Այդ որոշումն անխուսափելի է, և Մինսկի խումբը պետք է գործի դրան համապատասխան և գլխավորի տարածքների տարանջատման վերաբերյալ հետագա բանակցությունները, այլապես այդ տարածաշրջանի հայ բնակչության ֆիզիկական անձեռնմխելիության սպառնալիքը կպահպանվի։ 2016 թվականի մայիսի 6-ին նախկին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանը գրել է. «վաղ թե ուշ միջազգային հանրությունը կճանաչի Ղարաբաղի անկախությունը»։ ԵԱՀԿ Լիսաբոնյան գագաթնաժողովում նա նաև հայտարարել է. «Մեզ թվում է, որ Ադրբեջանը փորձում է խախտել բանակցային գործընթացում բոլորի կողմից ընդունված տրամաբանությունը։ Մենք խորապես համոզված ենք, որ եթե ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվի Ադրբեջանի կողմից առաջարկված սկզբունքների հիման վրա, ապա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար կպահպանվի ցեղասպանության կամ բռնի տեղահանության մշտական սպառնալիքը»: Մենք նույն վիաճակում ենք 24 տարի անց:

Ի վերջո, ազգային պետությունների ձևավորումը շարունակական գործընթաց է, որը զարգանում և ադապտացվում է միջազգային ասպարեզում քաղաքական փոփոխություններին։ 1990 թվականին Արևելաեվրոպական դաշինքի փլուզումից հետո ստեղծվեցին 30 պետություններ, իսկ 1941 թվականից ի վեր՝ 129 պետություններ՝ ապագաղութացման գործընթացների, ժողովրդավարական գործընթացների և պետություններից անջատման հանուն փրկության շնորհիվ։ Ստալինյան ժառանգությունը պետք է մաքրվի Կովկասում։

Հոկտեմբերի 7-ին Ժնևի քաղաքային խորհուրդը աննախադեպ բանաձև է ընդունել. այն «ճանաչում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ՝ որպես իր անվտանգությունն ապահովելու միակ միջոց»: Ինչ վերաբերում է վերը նշված իրավական զարգացումներին, ապա քաղաքային խորհուրդն ընդունում է, որ Ղարաբաղի ժողովրդի գոյությունը վտանգված է, և հնարավոր է միայն մեկ միջազգային սկզբունքի՝ ինքնորոշման կիրառում։ Բանաձևի տեքստից տարածքային ամբողջականության սկզբունքը հանելը նշանակում է հանուն փրկության անջատման իրավունքի ճանաչում: Ինքնավարության հատուկ կարգավիճակը չի կարող ապահովել Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը։ Հետևաբար, դա հանգում է այդ ժաղովրդի անջատման հանուն փրկության իրավունքի ճանաչմանը։ Հրատապ անհրաժեշտություն է, որ այդ մոտեցումը որդեգրեն նաև այլոք:

Ուստի, ես առաջարում եմ հետևյալը.
1) Հայաստանի Հանրապետությունը պետք է կոչ անի այլ պետությունների կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչմանը:
2) Հայաստանի Հանրապետության խորհրդարանը պետք է այլ պետությունների խորհրդարաններին կոչ անի Լեռնային Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչման համար:
3) Միավորված ազգերի կազմակերպության անդամները պետք է ընդունեն, որ Ցեղասպանության կանխարգելումը և բացառումը jus cogens-ի (իմպերատիվ) և erga omnes-ի (ունիվերսալ) պարտավորություն է, անկախ այն բանից, թե իրենց պետությունները վավերացրել են կոնվենցիան, թե ոչ:
4) Սփյուռքի բոլոր անհատները և կազմակերպությունները պետք է հանդես գան իրենց համապատասխան կառավարությունների և խորհրդարանների կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման օգտին:

Ֆիլիպ Րաֆֆի ԳԱԼՖԱՅԱՆ

ՓԱՐԻԶ

Թարգմանված է անգլերեն տարբերակից

Աղբյուր՝  The Armenian Mirror-Spectator

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031