Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքիայի համար զինադադարը շահավետ չէ». Երվանդ Բոզոյան

Հոկտեմբեր 10,2020 14:25 Share

«Իսկ ի՞նչ այլ հայտարարություն պետք է ընդունվեր, եթե ոչ այդ ձեւակերպումը: Հրադադարը նրա համար է, որ սկսվեն բանակցությունները: Պարզ է, չէ՞, որ բանակցությունները պետք է լինեն բովանդակային, այլապես դրանց այընտրանքը պատերազմն է: Այլ ձեւակերպում հնարավոր չէ»,-Aravot.am-ի հետ զրույցում այսօր անդրադառնալով Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ հոկտեմբերի 9-ի հանդիպման արդյունքներով ձեռքբերված՝ 12:00-ից հումանիտար հրադադարի եւ առարկայական բանակցություններ սկսելու պայմանավորվածությանը, ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

Հարցին ի պատասխան՝ «բանակցային գործընթացի ինչպիսի՞ հիմքեր եք տեսնում՝ հաշվի առնելով այն փաստը, որ հրադադարի ժամից հետո էլ այսօր հակառակորդը շարունակեց հարվածելը», Երվանդ Բոզոյանը նկատեց. «Նախ, պետք է հստակ հասկանանք՝ հրադադար կլինի՞, թե ոչ, որովհետեւ դա էլ է հարցական: Երկրորդ, պետք է հասկանալ, թե ինչ վիճակում է Ադրբեջանը: Վերջինս այսօր Թուրքիայի մեծ ազդեցության տակ է, իսկ Թուրքիան մեկ անգամ չի ցույց տվել, որ շահագրգռված չէ զինադադարով եւ բանակցությունները շարունակելով: Թուրքիան հայտարարել է, որ բանակցությունները երեսուն տարի արդյունք չեն տվել: Թուրքիան վճռական է արդյունքը ռազմի դաշտում կյանքի կոչելու հարցում: Թե Արեւմուտքում, եւ թե Թուրքիայում շատ փորձագետներ համարում են, որ սա Էրդողանի համար շատ կարեւոր է՝ ներքաղաքական կյանքում իր շատ թուլացած դիրքերն ամրապնդելու համար»:

Մեր զրուցակցի խոսքով՝ հանրությունը դժգոհ է Էրդողանից, իսկ կորոնավիրուսի պատճառով վատթարացել է սոցիալ-տնտեսական վիճակը. «Թուրքական լիրան վերջին երեսուն տարում առաջին անգամ խայտառակ անկում է ապրել: Սրան գումարենք այն, որ Էրդողանը վերջերս պարտվեց Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների ժամանակ իր հիմնական ընդդիմադիրին: Կարող ենք արձանագրել, որ 2023թ.-ին Էրդողանը դատապարտված է պարտվելու, դրա համար նրան օդի եւ ջրի պես անհրաժեշտ է հաջողություն: Սիրիայում այդ հաջողությունը նա չկարողացավ արձանագրել, որովհետեւ Ռուսաստանը, կարելի է ասել, ողջ Սիրիան մաքրեց ահաբեկիչներից՝ բացառությամբ Իդլիբի տարածքի մի մասի: Լիբիայում էլ թուրքամետ կառավարությունը հրաժարական տվեց, եւ այստեղ էլ Թուրքիան հաջողության չհասավ: Մնացել է Կովկասը: Եթե ավելի ընդհանրական վերլուծենք՝ կարող ենք նշել, որ բանակցությունները շահավետ չեն Էրդողանի համար, եւ ՌԴ-ի ջանքերով հաստատված հրադադարին դեռ պետք է ականատես լինենք: Վաղ է խոսել այն մասին, որ հրադադարը հաստատվել է, եւ սկսվել են բանակցությունները, որովհետեւ կա մի 4-րդ կողմ՝ Թուրքիան, որի համար շահավետ չէ զինադադարը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031