Լրահոս
Օրվա լրահոսը

«Հրադադարի արդյունքում ամեն սցենարի պետք է պատրաստ լինել. Թուրքիան Ալիեւին նահանջի տեղ չի թողնում». քաղաքագետ

Հոկտեմբեր 10,2020 13:39 Share

Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ հոկտեմբերի 9-ի հանդիպման արդյունքներով ձեռք բերվեց 12:00-ից հումանիտար հրադադարի եւ առարկայական բանակցություններ սկսելու պայմանավորվածություն: Իրադարձությունների հնարավոր զարգացումների վերաբերյալ Aravot.am-ը զրուցել է Օրբելի կենտրոնի վերլուծաբան, քաղաքագետ Կարեն Վերանյանի հետ:

-Պարոն Վերանյան, ինչպես հայտնի է, վերջին երկու շաբաթում Ալիեւը կտրականապես հրաժարվում էր բանակցություններից խոսել: Ի՞նչ արդյունք է նա ակնկալում՝ հիմա բանակցային սեղանի շուրջը նստելու պատրաստակամություն հայտնելով:

-Մի բան է, երբ Ալիեւը պաշտոնապես ինչ-որ բան է հայտարարում իր հանրության համար՝ հաղթանակի իմիտացիա ստեղծելով, եւ այլ բան է, երբ դիվանագիտական-քաղաքական դաշտ է գալիս՝ ռազմական գործողություններից հետո կամ դրանց զուգահեռ: Կարծում եմ՝ նախեւառաջ, Ալիեւն այլընտրանք ուղղակի չունի, որովհետեւ նախ Մոսկվայի արձագանքն էր շատ կտրուկ, երկրորդ՝ Ալիեւը, չունենալով էական հաջողություններ ռազմական գործողություններում, ավելին՝ գործի դնելով ողջ զինանոցը, գերժամանակակից հարձակողական ներուժը, որեւէ լուրջ, էական հաջողության չի հասել: Հարձակվելու ընթացքում մեկ-երկու դիրք գրավելու համար ողջ զինուժը գործի դրեց եւ առաջխաղացում չունեցավ, իսկ հայկական կողմը հակագրոհի ժամանակ հետ բերեց կորցրած դիրքերը: Սա Ալիեւի գործողության ծրագրի տապալումն էր: Չունենալով հետնահանջի հնարավորություն՝ Ալիւեը պաշտոնապես այլ բան է հայտարարում, բայց իրականում գնալու է բանակցությունների ճանապարհով: Բայց սա չի նշանակում իհարկե, որ հրադադարի ժամանակավոր ձեռքբերումն Ալիեւի համար «թայմ աութ» է եւ հնարավորություն՝ շարունակելու գործընթացը ոչ թե ռազմի դաշտում, այլ դինավագիտական հարթության վրա: Ամենեւին. պետք չէ սրանով թյուր պատկերացում ունենալ: Հայկական կողմի խնդիրը հստակ է՝ պատրաստ լինել ցանկացած գործողության, որն Ալիեւը կձեռնարկի: Կարծում եմ՝ սա առաջնահերթ Թուրքիայի ձեռագիրն է՝ իր նպատակների եւ հավակնությունների համար: Եթե անգամ Ալիեւը փորձի ինչ-որ փուլում հետնահանջ գրանցել՝ նկատելով, որ կարող է իշխանություն կորցնել, Թուրքիան նրան նահանջի տեղ չի թողնի: Այդ Թուրքիան չի թողնում իրեն: Էրդողանը հնարավորություն չի Ալիեւին այս փուլում գոնե իր իսկ խաղը խաղալու:

-Թեեւ կողմերը պայմանավորվել էին 12:00-ից դադարեցնել ռազմական գործողությունները, հակառակորդն այսօր, ՊՆ-ի հաղորդմամբ, հարվածել է Սյունիքի հատվածներից մեկի ուղղությամբ: Ավելին՝ 12:05-ից գրոհ են ձեռնարկել: Ինչպիսի՞ հիմքեր կան ենթադրելու, որ հակառակորդը հրադադարն իրականում օգտագործելու է վերախմբավորման եւ նոր հարձակում նախապատրաստելու համար:

-Հայկական կողմը ցանկացած սցենար պետք է հաշվի առնի եւ գնահատի, պատրաստ լինի ցանկացած զարգացման: Այո, հավանականությունը մեծ է, որ սա Ալիեւի եւ Թուրքիայի համար հնարավորություն է՝ ուժերը վերամիավորելու համար, բայց, միաժամանակ, սա նաեւ մեզ համար է հնարավորություն, որպեսզի շատ ավելի միասնական ճակատով՝ հանրային, քաղաքական, ռազմական, դիվանագիտական առումներով ներկայանալի լինենք՝ շատ ավելի սթափ եւ զգոն գնահատելով ուժերը, հասկանալով հակառակորդի հնարավորությունները, թերացումներն ու բացթողումները: Իրավիճակը շատ հստակ պետք է գնահատել: Այո, հնարավոր է ցանկացած սցենար: Ի դեպ, Թուրքիան հայտարարեց, որ չի բացառում ռազմական գործողություններում իր ուղղակի ներքաշումն ու Ադրբեջան զորքեր մտցնելու հարցն իրենց խորհրդարանում օրինականացնելու գործընթացը: Սա այն ձեռագիրն է, որը տեսանք Սիրիայում եւ Լիբիայում: Այնպես որ, ամեն սցենարի պետք է պատրաստ լինել: Այս դադարն առաջնահերթ մեր համար է կարեւոր՝ իրավիճակը սթափ գնահատելու, ռեսուրսները շատ ավելի ակտիվ համախմբելու տեսանկյունից՝ փորձելով ավելի որոշիչ եւ շատ ավելի կոշտ դիրքորոշմամբ հանդես գալ քաղաքական դաշտում եւ ռազմական գործողությունների հնարավոր սանձազերծմանն ի պատասխան:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031