Այս օրերին ի աջակցություն Հայաստանի եւ Արցախի, ընդդեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի եւ ահաբեկչության` ցույցեր են տեղի ունենում Իսպանիայի տարբեր քաղաքներում: Aravot.am-ի հետ զրույցում բարսելոնաբնակ լրագրող Ռուզաննա Արշակյանը հայտնեց, որ ինքը մասնակցել է Բարսելոնում տեղի ունեցած բողոքի ցույցին, իսկ ամուսինը` Վինսենթե Պոլլինան` Վալենսիայի ցույցին: «Իսպանալեզու տեղեկատվական ծանուցումներով ու իսպաներեն ելույթներով պահանջում ենք, որ երկրի կառավարությունը համապատասխան արձագանք տա թուրք-ադրբեջանական ահաբեկչությանը»,-ասաց Ռուզաննա Արշակյանը:
Նա հավելեց, որ միաժամանակ են կայացել ցույցերը` Բարսելոնում եւ Վալենսիայում, Բարսելոնի եկեղեցիներից մեկում նաեւ հանգանակություն է կատարվել: «Մադրիդում դեռեւս ցույց չի եղել, որովհետեւ այնտեղ սարսափելի վիճակ է տիրում` covid19-ով հիվանդացության դեպքերի առումով: Արդեն 4 շաբաթ է՝ արգելված է շարժը Մադրիդում, իսկ Վալենսիայում վիճակը համեմատաբար բարվոք է, այնտեղ արդեն երկրորդ անգամ են ցույց անում: Մալագայում եւս ցույց է տեղի ունեցել»:
Ռուզաննա Արշակյանը նշում է, որ կորոնավիրուսի առումով Իսպանիան ամենատուժած երկրների թվում է, եւ այստեղ փորձում են հաղթահարել երկրորդ ալիքը, դրա համար էլ իսպանացիներն առայժմ իրենց սեփական խնդիրներով են տարված. «Ներքին կռիվները շատ են կապված` վիրուսի հետ, բայց տեղական մամուլը բավականին չեզոք է լուսաբանում Արցախյան խնդիրը բոլոր մանրամասներով: Բոլոր ուղղություններով ավելի պրոհայկական է տարածվող տեղեկատվությունը: Զգայական իմաստով իսպանացիները կապված են Հայաստանի, իսկ տնտեսական շահերով` Ադրբեջանի հետ, որովհետեւ միլիոններով արժեթղթեր ունեն նավթագազային բիզնեսներում: Հիմնականում Հայաստանի հետ են կատալոնացիները, բասկերը, որովհետեւ իրենք եւս անկախանալու խնդիր ունեն»:
Ռուզան Արշակյանն ասում է, որ Իսպանիայում ադրբեջանական համայնքը թույլ է, որովհետեւ փոքրաթիվ է, այստեղ հայերին ավելի բարեկամաբար են ընդունում. «Ամուսինս ասում է, որ շատ իսպանացիներ ուղղակի հետեւում են, թե ինչ է կատարվում, հետեւում են լուրերին հեռուստատեսությամբ եւ ռադիոյով, որոնք սփռում են մանրամասն վերլուծված, բայց չեզոք լրատվություն, նաեւ ասում են, որ Ստալինը նվիրել է Արցախը Ադրբեջանին: Աշխարհի համար չճանաչված է Արցախը, որովհետեւ այստեղ հիմնականում կողմնորոշվում են ԵՄ-ով, ՆԱՏՕ-ով»:
Մեր զրուցակիցը փոխանցեց, որ տեղական հայկական համայնքների ղեկավարներն ակտիվ հարցազրույցներ են տալիս, հնարավորինս տարածում են, որ սա նախ եւ առաջ ահաբեկչական ագրեսիա է, շեշտը դնում են դրա վրա. «Իսկ ագրեսիայից վախեցած է ամբողջ աշխարհը»:
Հիշեցնենք, որ կատալոնացի եվրոպական խորհրդարանի կատալոնացի պատգամավոր Կլարա Պոնսատին թվիթերի իր էջում դատապարտել էր Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հայ ժողովրդի դեմ հարձակումը և պաշտպանել Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքը: «Զենքի արտահանումը Իսպանիայից դեպի Թուրքիա պետք է անհապաղ դադարեցվի»,-գրել էր նա:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: