Լրահոս
Օրվա լրահոսը

ICG․ Միջազգային հանրությունը պետք է քայլեր ձեռնարկի Ղարաբաղում խաղաղ բնակչության շրջանում կորուստները կանխելու համար

Հոկտեմբեր 15,2020 11:45

Միջազգային ճգնաժամային խումբը (ICG) զեկույց է հրապարակել Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման կապակցությամբ, որում մասնավորապես անդրադարձել է, թե ինչ քայլեր հնարավոր կլինի ձեռնարկել խաղաղ բնակչությանը հասցվող վնասը նվազեցնելու նպատակով։

Զեկույցը նշում է, որ սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմական գործողությունների ընթացքում երկու կողմն էլ հարվածներ են հասցնում քաղաքներին ու գյուղերին՝ խլելով կյանքեր ու վնասելով մարդկանց ունեցվածքը։ «Թեպետ կողմերին կարող է ժամանակ պետք լինել խաղաղ բանակցություններին վերադառնալու համար, նրանք և միջազգային հանրությունը պետք է քայլեր ձեռնարկի մարդկային զոհերի քանակի աճը կանխելու համար։ Անկախ այն հանգամանքից, թե ինչ կբերի իր հետ վերջնական կարգավորումը, այն ավելի մոտ կլինի և կայուն, եթե կողմերը դադարեն սպանել խաղաղ բնակիչներին և բորբոքեն առանց այդ էլ անլուծելի հակամարտությունը»,-ասված է զեկույցում։

Ճգնաժամային խմբի՝ դեռևս հոկտեմբերի 2-ին արված հայտարարության մեջ ասվում էր, որ հակամարտությունը պարզ լուծում չունի։ «1992-1994թթ․ պատերազմից հետո տասնամյակներով փակուղի մտած բանակցությունները, բռնության աճն ու կողմերի դիրքորոշման խստացումը միայն խորացրել են տարածքային վեճը։ Իրենց դերն են խաղում նաև օտարերկրյա դերակատարները, սակայն որոնք չեն կարողանում դեռևս կայուն խաղաղություն ապահովել։ Հոկտեմբերի 10-ին պայմանավորված հրադադարի ռեժիմի խախտումը ցույց է տալիս, որ անգամ Ռուսաստանն ազդեցության սահմանափակ լծակներ ունի։ Թուրքիան սատարում է Ադրբեջանին դիվանագիտական և ռազմական առումով, սակայն Բաքուն այդքան մեծ կախվածություն չունի Անկարայից, որպեսզի վերջինիս՝ հակամարտությունից դուրս գալը վերջ դնի մարտական գործողություններին։ Ավելի փոքր է Եվրոպայի և ԱՄՆ ազդեցությունը։

Իսկ ռազմական կորուստներն արդեն հարյուրների են հասել, քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը նույնպես աճում է։ Ադրբեջանի հրթիռային, հրետանային և անօդաչու սարքերի հարվածները Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտին և այլ քաղաքներին ու գյուղերին ավերակների են վերածել դպրոցները, տներն ու ենթակառուցվածքների մեծ մասը։ Հոկտեմբերի 10-ից մարտերը շարունակվում են Հադրութի փողոցներում, այսինքն՝ չեն սահմանափակվել հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող անբնակ տարածքներով։ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների տեղեկություններով՝ հակամարտության սրումից ի վեր զոհվել է 31 խաղաղ բնակիչ, վիրավորվել ավելի քան 100-ը։ Մոտ 70 000 -75 000 մարդ, որոնց 90 տոկոսը՝ կանայք և երեխաներ, լքել են իրենց տները։ Նրանցից շատերը հումանիտար օգնության կարիք ունեն։ Շարունակվող համավարակի և ցուրտ եղանակային պայմանների պատճառով դա կարող է լուրջ հետևանքներ ունենալ բնակչության վրա։

Ճակատի մյուս կողմից Ադրբեջանի պաշտոնական անձինք հայտնում են խաղաղ բնակչության շրջանում 42 զոհի և 206 վիրավորի մասին։ Հատկապես տուժել են Գյանջա և Մինգեչաուր քաղաքները»,- նշում է զեկույցը։

Անդրադարձ է կատարվում այս կապակցությամբ իրենց մտահոգությունն հայտնած միջազգային շատ կառույցների։ «ՄԱԿ մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարը միացավ հրադադարի պահպանման կոչերին։ Իսկ ԵՄ-ն, Սլովակիան և այլ մարդասիրական կազմակերպություններ օգնություն են առաջարկում, սակայն մարտական գործողությունները դժվարացնում են դրանց մատակարարումը։ Հատկապես, երբ Ադրբեջանը թույլ չի տալիս առանց իր համաձայնության մուտք գործել Լեռնային Ղարաբաղի տարածք։ Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի խախտումը վկայում է, որ կողմերը տրամադրված են մարտական գործողությունների սրացմանը, ինչը կարող է լուրջ հետևանքներ ունենալ։

Քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումները հնարավոր է հրամանատարության կողմից փորձ են զսպել հակառակ կողմից հակամարտության թեժացումը։ Եթե նրանք դիտավորյալ են թիրախավորում քաղաքացիական օբյեկտները, ապա խախտում են միջազգային իրավունքը։ Անգամ, եթե ոչ, ապա դրանից տուժում է խաղաղ բնակչությունը։ Դրանք հնարավոր խաղաղության դեմ ապակառուցողական քայլեր են, որոնք խորացնում են թշնամանքը»,- ասված է զեկույցում։

Ճգնաժամային խումբը կարծում է, որ երկրները, որոնք զենք են մատակարարում կողմերին (Ռուսաստան, Թուրքիա, Բելառուս, Իսրայել, Պակիստան), և երկրները, որոնք ապահովում են իրենց տարածքով տարանցումը (Իրան, Վրաստան), պետք է հրաժարվեն այդ գաղափարից, համենայն դեպս, այն դեպքերում, երբ խոսքը այն համակարգերի մասին է, որոնք օգտագործվում են քաղաքացիական թիրախների դեմ։

«ՄԱԿ Անվտանգության խորհուրդը կարող է իր դերը խաղալ։ Այն արդեն փակ նիստի ժամանակ քննարկել է հակամարտությունը, իսկ հիմա կարող է հանրային նիստ հրավիրել մարտական գործողությունների սրացման և քաղաքացիական կառույցների թիրախավորման հարցով։

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբին, ապա նրանք պետք է ակտիվացնեն ջանքերը տեղերում։ Մինսկի խմբի գործընթացները հուսահատեցրել են երկու կողմերին էլ, բայց Բաքվին ավելի շատ, քանի որ 3 տասնամյակ շարունակ չեն կարողացել խաղաղություն ապահովել։ Այդուհանդերձ այն կողմերին ճակատի բոլոր գծերում խաղաղ բնակչությանը հասցրած վնասի կրճատման համար հնարավորություն է տալիս։

Նման գործիք կարող է լինել միջադեպերի հետաքննման մեխանիզմը, որը թե՛ Երևանը, թե՛ Բաքուն համաձայնել են կիրառել 2016թ․ ապրիլյան բախումներից հետո։ Դա կարող էր ԵԱՀԿ դիտորդներին անսահմանափակ հասանելիություն ապահովել։ Բաքուն նախկինում ընդդիմանում էր դրան, թեպետ թղթի վրա համաձայնել էր։ Բաքուն փորձում էր բանակցությունների ճանապարհով հասնել Ղարաբաղին կից շրջանների նկատմամբ վերահսկողության հաստատմանը, նախքան այդ մեխանիզմները կիրառելը, քանի որ նրա կարծիքով դրանք ամրապնդում էին ստատուս քվոն»,- նշում է զեկույցը՝ հավելելով, սակայն, որ այս քայլերն իհարկե վերջ չեն դնի պատերազմին, սակայն կփրկեն կյանքեր և կբարելավեն իրական խաղաղության հեռանկարը, երբ էլ որ այն վրա հասնի»,- եզրափակում են Միջազգային ճգնաժամային խմբի փորձագետները։

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031