Բելգիայում հազարավոր հայեր փակեցին Բելգիա մուտքի ու ելքի բոլոր մայրուղիները՝ շուրջ 5-6 մայրուղի: Նրանք պահանջեցին, որ եվրոպական երկրները դադարեն լուռ հետևել այն ամենին, ինչ Թուրքիան և Ադրբեջանը կատարում են Արցախի և Հայաստանի դեմ:
Նրանք պահանջեցին, որպեսզի Բելգիան ճանաչի Արցախի անկախությունը:
«Էրդողա՛ն, տեռորիստ» վանկարկումներով բելգիաբնակ հայերն իրենց բողոքի ձայնը բարձրացրին և դիմելով Հայաստանում և Արցախում բնակվող հայրենակիցներին՝ ասացին՝ մենք ձեզ հետ ենք:
Ցույցի մասնակիցները հայտարարեցին՝ սա ինքնաբուխ հավաք է և այն կրելու է շարունակական բնույթ: Նրանք հավաստիացրին՝ ամեն օր մեկ ժամով փակելու են մայրուղիները, որպեսզի Եվրոպային ստիպեն գնահատական տալ Թուրքիայի և Ադրբեջանի քայլերին, եվրոպական երկրները որոշումներ ընդունեն:
Ոստիկանները պարբերաբար բանակցում էին ցուցարարների հետ, խնդրում բացել մայրուղիները: Ցույցի մասնակիցները, ընդառաջ գնալով ոստիկանների պահանջին, մայրուղու միայն մեկ գիծը բացեցին:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: