Օրեր անց՝ հոկտեմբերի 22-ին, քաջարանցի Խաչատուր Խաչատրյանը պիտի նշեր ծննդյան 38-րդ ամյակը։ Մարտական ընկերներին հորդորում էր՝ ուժեղ կռվեն, որ «շուտ պրծնի պատերազմը, որ կարան մի երկու բաժակ պեն խմին»։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում էլեկտրիկ էր աշխատում։ Բազմազավակ ընտանիքից էր, 8 երեխա են՝ 3 եղբայր, 5 քույր։ Երեք եղբայրները Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հենց առաջին օրը կամավորագրվեցին եւ մեկնեցին առաջնագիծ։ Մի քանի օր հետո Խաչատուրը իջավ՝ հանգստանալու, բայց միայն մի քանի ժամ կարողացավ մնալ տանը։
«Ասաց՝ խի՞ պիտի երկու եղբայրներս առաջնագծում լինեն, ես չէ»,–պատմում է Խաչատուրի բարեկամը՝ Արամ Ոսկանյանը, որը չգիտի ինչ բառերով նկարագրի զոհված հայորդուն։ «Սիրտս կանգնում ա, ոնց որ Խաչիկը էս աշխարհից չլիներ, այլմոլորակային լիներ։ Բոլորին հասնող, սաղի համար գործ կաներ՝ փողը չէր վերցնում, ոսկի մարդ, մեծատառով մարդ»,–ասում է Արամը։

Կատերինայի ականջներում դեռ սիրելի քեռու՝ Խչոյի ծիծաղի ձայն է։ «Չեմ հավատում, որ չկա քեռիս, կարծես ինչպես միշտ հարցնում է՝ քեռու բալա, հունց ըս։ Ո՞նց պիտի լինեմ։ Արցունքն աչքիս ցամաքում է»,–ասաց Կատերինան։ Վերջինս հիշում է, որ այս ամառ՝ Երեւանում, քեռին փողոցում նկատելով մի ջութակահարի, մոտեցավ, գումար տվեց։ «Ասաց՝ ջութակդ տուր, մի քիչ ես քեզ օգնեմ, դու գնա հանգստացիր, մի բան կեր։ Ու կես ժամում իր նվագով բավականին գումար աշխատեց»,–հիշում է քրոջ դուստրը։
Կարդացեք նաև
Հարեւանները, բարեկամներն ու ընկերները իրար հերթ չտալով պատմում են Խաչատուրի մասին։ Հուշեր, որ այսուհետ ավելի թանկ են դառնալու եւ երբեք չեն մոռացվելու։ Իսկ ամենակարեւորը՝ նրանք միշտ առաջնորդվելու են իրենց սիրելի Խչոյի սիրած ավանդական խոսքով․ «Վախեք ոչ, դուխավ, ձեր ցավը տանեմ ես․․․»
Արմեն ԴԱՎԹՅԱՆ



























































