Թուրքական օդուժին պատկանող F-16 կործանիչի կողմից ՀՀ օդային տարածքում խոցված հայկական ՍՈՒ-25 գրոհիչի նահատակված գյումրեցի օդաչու, 33-ամյա Վալերի Դանիելինը 2009 թվականին գերազանցությամբ ավարտել էր Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանն ու ծառայության մտել Գյումրիում։ Նա երկու երեխաների հայր է՝ աղջիկը 7 տարեկան է, տղան 2,5։
Վալերիի նախապապը ազգությամբ ռուս է։ Հերոսի հայրը՝ Միշա Դանիելինն ասում է, որ իր պապը եղել զինվորական՝ զոհվել է 1939-1940 թվականի խորհրդա-ֆիննական պատերազմին, նա հերոսի կոչում ունի։ Վալերիի հոր ասելով՝ իր հայրը ծնվել է Գյումրիում, մայրը՝ հայուհի է։ Ըստ Միշա Դանիելինի, թեև իրենց ազգանունը ռուսական է, սակայն իրենք ամենահայրենասեր հայերից են․ հայրենիքին նվիրական, հերոս որդի է տվել։
Մայրը՝ Ռիտա Վարդանյանը պատմում է, որ որդին փոքրուց երազում էր օդաչու դառնալու մասին։ Դպրոցում տառերը սովորելուն ու առաջին շարադրությունը գրելուն պես՝ հայտնել է իր երազանքի մասին։
«Փոքրուց երազում էր օդաչու դառնալու մասին, թռիչքների ձայները լսելուն պես՝ դուրս էր գալիս, նայում մինչև անհետանալը, վայրէջք կատարելը, որն այլևս չէր կարողանում տեսնել։ Երբ դպրոց գնաց, տառերը սովորեց, առաջին դասարանում շարադրություն գրեց՝ ես ուզում եմ օդաչու դառնալ։ Դպրոցում շատ լավ էր սովորում, շատ ընկերասեր էր, ջերմ, մարդկանց հասնող, օգնող, եթե անգամ միջոցներ չունենար օգնելու, անհնարը հնարավոր էր դարձնում։ Դպրոցում հայերեն էր սովորում, բայց փայլուն տիրապետում էր ռուսերենին։
Կարդացեք նաև

Շատ էր սիրում իր աշխատանքը, իր սերը դեպի երկինք աննկարագրելի էր, երբ հիվանդ էր լինում, չէր պառկում, ասում էր՝ մի հատ օդը բարձրանամ, իջնեմ, կլավանամ։ Իրոք այդպես էր, եթե ջերմություն էլ ունենար, երբեք թույլտվություն չէր վերցնում, տուն գար, թռնում էր, հետո ասում՝ տեսաք ես օդի մեջ առողջացա, ես օդի մեջ եմ ինձ մարդ զգում, երբ բարձրանում եմ վերև, վերևն ուրիշ է, ուրիշ կյանք է, ուրիշ գեղեցկություն է։ Երբ մեկ-մեկ ասում էինք՝ ինչ տարբերություն, մենք ներքևից ենք տեսնում երկինքը, ասում էր՝ չէ, վերևն ուրիշ գեղեցկություն է, ուրիշ հաճույք է»,-հպարտությամբ պատմում է մայրը։
Մայրն ասում է, որ պատերազմի գույժը լսելիս՝ Վալերին իրեն սառնասիրտ է պահել, հանգիստ հագնվել ու դուրս է եկել տանից՝ կարծես ոչինչ չի եղել։
«Ասեց՝ ինձ հետ ոչինչ էլ չի լինի, սիրով գնաց, ուրախ-զվարթ, հպարտ, դեմքի միմիկան անգամ չփոխեց։ Ինքը միշտ պատրաստ էր պատերազմական իրավիճակներին, երբ սահմանին դեպքեր էին լինում, ասում էր՝ ախ ինչքան կուզենայի գնայի, դրանց տրորեի ու գայի, միշտ հաղթական կեցվածքով է արձագանքել։ Միշտ ասել է այդ խոսքն, այդպես էլ եղավ, ինքը գնաց, իր ուզածին հասավ, ուզում էր ավելի բարձրանալ․․․»։

«Այնքան թիկնեղ էր, այնքան կոկիկ, նույնիսկ, երբ մեքենան էր կանգնեցնում, այ հիմա բակում կանգնեցրած է այդ մեքենան, պիտի այնպես կայաներ, որ ուղիղ գծում լինի։ Հարևաններն ասում էին՝ Վալեր ջան, ուղիղ կանգնած է, ասում էր՝ չէ, մի գծի վրա պիտի լինի»,-հիշում է մայրը։

2,5 տարեկան որդին էլ մեզ ցույց էր տալիս հոր նկարները, փոքրիկն ինքն էր ներկայացնում իր հերոս հորը, անգամ պատմում էր տան կահույքին շարված ինքնաթիռների մասին, որոնք եղել են իր հոր մանկության խաղալիքները։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































