Արտաշատի 1-ին դպրոցի երեխաները սեփական նախաձեռնությամբ իրենց դպրոցի մոտ նախաձեռնել են շշերի հավաք՝ Արցախում կռվող զինվորների համար: Ամեն օր ժամը 13-19-ը քաղաքացիները տանն ունեցած-չունեցած շշերը, ապակե տարաները բերում են երեխաներին: Նրանք էլ շշերը հանձնում են Շահումյան գյուղի պահածոների գործարանին ու գումարը փոխանցում հիմնադրամի հաշվեհամարին:

Արտաշատցիները, տեսնելով քաղաքապետարանի կայքում երեխաների նվիրական գործի մասին անդրադարձը, շատ ոգեւորված մասնակցում են շշահավաքին: Ավելին՝ տղաներից Արամի քեռին տրամադրում է երեխաներին իր մեքենան՝ շշերի տեղափոխման համար: Իսկ շշի արժեքը հաշվում են բարձր գներով՝ 40 դրամ՝ գարեջրի շշի համար, ջարդոնի համար մի փոքր ավելի ցածր:

Կարդացեք նաև
Aravot.am-ի հետ զրույցում նախաձեռնության անդամ երեխաներից մեկի մայրը պատմեց, որ նույնիսկ Գերմանիայում ապրող մի երեխա, որը երբեւէ Հայաստանում չի եղել, տեղեկանալով իր հասակակիցների այս օրինակելի նախաձեռնության մասին, 200 եվրո իր կողմից է ուղարկել. «Իր խնայատուփը՝ կասսը բացել էր ու ողջ գումարն ուղարկել տղաներից մեկին՝ ասելով՝ թող Արամը զենք առնի, ուղարկի զինվորներին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































