«Սփյուռքում տեղի է ունեցել աննախադեպ մոբիլիզացիա»,- «Հոդված 3» ակումբի՝ տեսակապի միջոցով անցկացված քննարկման ընթացքում վստահեցրեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Զարեհ Սինանյանը տեղեկացրեց՝ իրենք կոորդինացնում են նաև կամավորների հոսքը դեպի Հայաստան: Այս առիթով նա նշեց. «Դա միայն ճակատում կամավորները չեն. ունենք մեծ թվով բժիշկներ, որոնք եկել ու գալիս են Հայաստան, օգնելու պատերազմից և COVID-19-ից տուժած մարդկանց օգնություն ցույց տալու համար»:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկական Արշամյանը հայտարարեց՝ առնվազն կես միլիոն մարդ է մասնակցել ու մասնակցում հիմնադրամի դրամահավաքին: Նա մանրամասնեց. «70-ից ավելի երկրներից մեր հայրենակիցները մասնակցել են այս դրամահավաքին: Նման բան չի եղել. սա առնվազն տասը- տասնհինգ հեռուստամարաթոնի համար հավաքված գումար է մեկ ամսվա ընթացքում: Բայց մենք ունենք հումանիտար ճգնաժամ, մենք կարիք ունենք դրամական միջոցների, խնդրում եմ բոլորին շարունակել աջակցությունը հայրենիքին, քանի որ սա մեր կարևոր գոյատևման խնդրի հարց է»:
Կարդացեք նաև
Դիտարկմանը՝ կան մտահոգություններ, որ խնդիրներ են առաջանում մարդասիրական օգնությունը մաքսային կետերից դուրս բերելու, բաշխումներ իրականացնելու հարցում և հարցին՝ ճի՞շտ են այս բողոքները, ինչպե՞ս են այդ խնդիրները կարգավորվում, Զարեհ Սինանյանը պատասխանեց. «Իրոք, նման խնդիր գոյություն ունի, բայց խնդիրը բազմաշերտ է: Սկզբնական փուլում այս օգնությունը հախուռն էր, մարդիկ դեռ ցուցակները չէին տեսել, սկզբում ամեն գերատեսչություն մի ցուցակ ուներ, Արցախն էլ՝ իրը: Մարդիկ բերում էին՝ ինչ մտքին փչում էր, անգամ ուտելիք էին ուղարկում ԱՄՆ-ից: Այս ամենը ոնց կարողանում, բերում էին, առանց որևէ սորտավորման, ինչ-որ ձևով լցնում էին ինքնաթիռի, բեռնատարի, կոնտեյների մեջ և ուղարկում էին: Հայաստանում խնդիր է առաջանում, թե կոնկրետ ում համար է եկել բեռը: Օդանավակայանում այն բացվում, սորտավորվում էր, որպեսզի հասկանային, թե որ բեռը, որ գերատեսչության համար էր նախատեսված: Կան նաև հայաստանյան լոգիստիկ խնդիրներ: Եթե ավելի կարգապահ ձևով սկսենք սորտավորել և ցուցակավորել այն օգնությունը, որը բեռնավորվում է ինքնաթիռում, ապա այս խոչընդոտները, դանդաղ գործընթացները, շատ լուրջ ձևով կփարատվեն»:
Զարեհ Սինանյանը հատուկ անդրադարձավ Ռուսաստանի հայերի հասցեին հնչող մեղադրանքներին, թե նրանք լինելով այդքան մեծաթիվ, բավականին քիչ գումար են փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































