ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում այսօր պետբյուջեի 2021թ.-ի նախագծի քննարկման ժամանակ անդրադառնալով երեկվա նիստում հնչած թվին, որ 2021թ.-ի պետական բյուջեում նախատեսված պարգեւատրումների ֆոնդը կազմելու է 18 մլրդ 825 մլն դրամ, եւ որ ըստ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի՝ այն վերանայման ենթակա չէ, «Իմ քայլի» պատգամավոր Արտակ Մանուկյանը խնդրեց պարզաբանել. «Եթե մենք պահպանած լինեինք համադրելիությունը, արդյոք չէինք ունենա՞ աշխատավարձի ֆոնդի 2.8% աճ։ Մեթոդաբանական ճշգրտումը ներկայացրեք։ Ինչո՞ւ, օրինակ, աղյուսակում հարկային և մաքսային մարմինների աշխատողների պարգեւատրումները չկան»:
Ատոմ Ջանջուղազյանը նախ հիշեցրեց, որ երեկ հարցին արդեն անդրադարձել է. «Պարգեւավճարին պետք է մոտենալ ոչ թե որպես շռայլություն, այլ որպես վարձատրության համակարգի բաղկացուցիչ: Ըստ էության, սա միջանկյալ լուծում է, քանի դեռ պետական հատվածի բարեփոխումների ծրագիրը չի հասել իր տրամաբանական փուլին, եւ պետական համակարգում աշխատանքի ծանրաբեռնվածությունը համաչափ բաշխված չէ, հետեւաբար՝ աշխատանքի վարձատրությունն էլ համարժեք չէ։ Երբ մենք ակնկալում ենք, որ պետական համակարգը պետք է որակյալ ծառայություն մատուցի, ենթադրում ենք, որ այդ ծառայությունը հնարավոր է կազմակերպել միայն արդյունավետ պետական համակարգ ունենալու պայմաններում»:

Վերջում Արտակ Մանուկյանն արձանագրեց. «Եթե աշխատանքի վարձատրության ֆոնդը աճում է 2.8%-ով, իսկ պարգեւատրումները, որոնք նախատեսվել էին արտաբյուջեով, գումարվում են պետական բյուջեին, ապա ստացվում է, որ, ըստ էության, պարգեւատրումների ֆոնդն աճել է ընդամենը 1.04%-ով»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































