Ադրբեջանաթուրքական ահաբեկչության դեմ պատերազմած ու նահատակված Մեծ Սեպասար համայնքի բնակիչ Սամվել Մկրտչյանը 35 տարեկան էր, նա երկու երեխաների հայր էր՝ աղջիկը՝ 10 տարեկան է, տղան՝ յոթ։


Պատերազմի առաջին օրերից այնտեղ էր, երբ ամիսը լրացել էր, ասել են՝ հերթափոխ պիտի լինի, իրեն ու ընկերոջը` Ջիվան Գրիգորյանին տուն էին ուղարկել, բայց իրենք երկուսն էլ հրաժարվել էին, թե նորից կբարձրանանք դիրքեր, ոչ մի տուն գնալ մինչև կռիվը չավարտվի։ Դիրքեր բարձրանալիս էլ մեքենան ռմբակոծել էին․ նահատակվել էին թե՛ Սամվելը, թե՛ Ջիվանը։ Ընկերներից մեկն ասել է, թե արի մեր մեքենայով բարձրանանք, Սամվելը պատասխանել է՝ մեքենան մեքենա չէ՞, ինչ տարբերություն, նստել ենք արդեն․․․
Կարդացեք նաև


«Պատերազմ գնացել էր շատ ուրախ տրամադրությամբ, տնեցիներին էլ խոստացել էր՝ անպայման վերադառնալ․․․ Իր հերոսությունների մասին սերունդները դեռ շատ կլսեն, մարտական ընկերները պատմում են, որ անզիջում կռվող էր, մարտական անուն էին կնքել՝ «Ռեմբո»․․․ Ասում են, որ հարյուրավոր կյանքներ է փրկել, այնքան ռիսկով է եղել, որ թուրքերին մշտապես զինաթափել է։ Լեգենդներ են պատմում իր մասին։ Հորեղբորս կինը չնայած մեծ վշտին՝ ասում է՝ թող ես վերջին մայրը լինեմ, ով զգում է այս մեծ ցավը»։

Մեծ Սեպասարի նախկին համայնքապետ Սերգեյ Սողոյանն էլ, որը դպրոցում տաս տարի դաս է տվել Սամվելին, ասաց․ «Սամվելը ծառայել է ԱԱԾ-ի սպեցնազում՝ երկու տարի, ուներ լավ պատրաստվածություն՝ և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես, և՛ բարոյապես։ Ծառայության ընթացքում բազում անգամ խրախուսանքների է արժանացել՝ որպես պարտաճանաչ և ազնիվ զինվոր։ Սամվելին ճանաչող յուրաքանչյուր ոք նրան գնահատում է որպես բարձր ոգու տեր անձնավորության։ Սամվելը դաստիարակվել է մի հայ ավանդական ընտանիքում, որտեղ միշտ պատմել են Հայոց պատմությունը։ Նա հայրենասիրական երգերի տակ է մեծացել, Սահակ Սահակյանը՝ մեր հզոր երգիչը, նրա հոր հորեղբոր տղան է, հենց նրա երգերի տակ էլ մեծացել է։
Ընտանիքում իրեն շատ էին սիրում, Սամվելը միակ տղան էր, երկու քույրեր ունի։ Նա ազգային հարցերին միշտ նվիրված է եղել։
Ցավում ենք, ափսոսում, բայց Փա՜ռք մեր հերոսներին, որոնք հողը արյունով են պահում, պատվական այլ ձև չկա, մենք բոլորս այսօր ազգի զինվոր ենք, ինչպես Սամվելը, Ջիվանը ու մյուսները, որոնք հեռացան մեզանից՝ արժանապատվորեն պահելով հայրենիքը, հողը, իրենց անունները, բոլոր նահատակները հերոսներ են»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ



















































