Լրահոս
Օրվա լրահոսը

«Նրանք հաղթել են մահին». Տեր Վարազդատը՝ ծնկած զինվորի լուսանկարի, թշնամու տանկի հարցերը լուծած զինվորների մասին

Նոյեմբեր 07,2020 12:50

Տեր Վարազդատի ֆեյսբուքյան» էջ այցելելիս նախեւառաջ տեսնում ենք «ԾԱՆՈԹԱՑԵՔ»-ով սկսվող գրառումներ, որոնցում նա լուսանկարներով ներկայացնում է այս օրերին առաջնագծում իրենց առաքելությունը կատարող մեր հոգեւորականներին: Aravot.am-ը ՀՀ զինված ուժերի գներեց տեր Վարազդատ քահանա Նաջարյանի հետ զրուցել է այն մասին, թե ինչ է նա արձանագրել առաջնագծում անցնող մեկ ամսում:

-Տեր հայր, նախ խնդրում եմ ասել՝ ինչպե՞ս ծնվեց զինված ուժերում ծառայող հոգեւորականներին հանրությանը ծանոթացնելու գաղափարը:

-Լինելով առաջնագծի տարբեր հատվածներում, այդ թվում՝ ամենավտանգավոր տեղերում եւ տեսնելով իրավիճակը՝ սկզբում չէի պատկերացնում, որ մեր օրերում այսքան Ղեւոնդ երեցներ կլինեն, որոնք նվիրական, անտրտունջ ծառայության մեջ են:

Աննկարագրելի է մեր գնդերեցների ծառայությունը, որին ես այդ օրերին ականատես եղա: Գնդերեցներ ունենք, որոնք նահանջի ժամանակ կազմակերպել են համապատասխան գործընթացը, զոհերի եւ վիրավորների մարմիններն են տեղափոխել: Նրանք նաեւ ուղղակի հոգեւոր ներկայությամբ առաջնագծի ծանր հատվածներում երբեք չեն լքել իրենց զինվորներին եւ հրամանատարներին: Գնդերեցները ոչ միայն հոգեւոր ներկայություն են ապահովել, այլեւ ըստ անհրաժեշտության՝ ֆիզիկական, հոգեբանական եւ մարտական: Եթե անհրաժեշտ է նկատվել, զենք են վերցրել, որովհետեւ այսօր իրականությունն այլ է, եւ այս պատերազմի ողջ տրամաբանությունն այլ է: Հարկ եղած դեպքում բացի հոգեւոր ծառայությունից նաեւ զենք պետք է վերցնել:

Այս հայրենական պատերազմում չկա հոգեւորական, աշխարհական, կին թե տղամարդ, բոլորս մեկ ենք եւ բոլորս հայրենիքի զինվորն ենք: Երբ այս իրականության մեջ տեսա հոգեւորականների ծառայությունը, հպարտություն եւ անասելի ուրախություն ապրեցի այն փաստից, որ մեզանում չի մահացել Ղեւոնդ երեցի ոգին, եւ երբ զանգը հնչում է, Ղեւոնդ երեցները ծնվում են եւ օծվում հայրենիքի պաշտպանության վեհ ու նվիրական առաքելությանը: Հասկացա, որ հանրությունը պետք է ճանաչի նրանց: Նրանք երբեմն չեն երեւում, նրանց մասին երբեմն չի խոսվում, բայց անտրտունջ ծառայում են առաջնագծում:

Իմ գրառումներում որեւէ բան չափազանցված չէ եւ ներկայացրել եմ նրանց, ովքեր միշտ աղոթքով եղել են իրենց զորքի կողքին: Գնդերեցներ կան, որոնց կատարած աշխատանքը, եթե պատմությունը չլուսաբանի, ուղղակի անարդար կլինի այդ փաստը մեր եկեղեցու հանդեպ:

-Հատկապես շատ տարածվեց ձեր եւ ծնկած զինվորի լուսանկարը: Կպատմե՞ք՝ ի՞նչ էր կատարվում այդ պահին:

-Երբ կատարեցինք զինվորների մկրտությունը, նրանցից մեկը մոտեցավ եւ ասաց՝ «Տեր Հայր, պատերազմ է եւ չգիտեմ թե ինչ կլինի ինձ հետ… ուզում եմ մեղքերի թողություն ստանալ: Ինչ էլ լինի՝ ուզում եմ իմանալ, որ Աստծո առաջ մաքուր եմ»…ձեռքս դրեցի ուսին, առանձնացանք, հարցրի՝ «ինչ-որ բան կա՞, որ ծանրացել է ներսում, եւ որը պատմելուց հետո կուզենաս թողություն ստանալ»: Ասաց՝ «Տեր Հայր ջան, բայց այդքան ժամանակ ունե՞ս»…ասացի, որ ժամանակի խնդիր չկա: Չեմ կարող մեր զրույցի մանրամասները բացահայտել: Նա ծնկեց մեղքերի թողություն ստանալու համար, եւ ես ասացի՝ «այդ մենք պետք է ծնկենք զինվորի առաջ, ոչ թե դու՝ մեր»: Զինվորն ասաց՝ «ոչ, Տեր Հայր ջան, ես գիտեմ խոստովանության կարգը»… Առհասարակ, այդ լուսանկարը պատահաբար է արվել «Շողակաթ» հեռուստաընկերության կողմից, եւ ես հետո իմացա, որ նման լուսանկար կա:

-Ձեր տեսածը, փորձն ու զինվորների հետ զրույցները հաշվի առնելով՝ ի՞նչ է կատարվում այս օրերին առաջնագծում:

-Ապշելու բան է այդ իրականությունը: 18-20 տարեկաններն իրականում հասուն երիտասարդներ են, որոնց այս ամիսը դարձրել է լրջագույն հասուն: Ես նրանց մեջ տեսել եմ մահվանը վաղուց հաղթած զինվորների: Նրանք հաղթել են մահը, մահվան գաղափարը, եւ որն այլեւս չի կարող լինել վախի կամ հուսահատության միջոց: Ամեն օր մահվան աչքերին նայելով են կռվում եւ հաղթանակի ճանապարհով գնում: «Հաղթելու ենք» կարգախոսը նրանք այդպես են իրականության վերածում: Ասածս պատահական բառեր եւ չափազանցություն չեն:

Անշուշտ, խնդիրներ կան եւ կլինեն: Դրանք չեն կարող չլինել, բայց զինվորների արիությունն ու քաջասրտությունը տեսնելով՝ հասկանում ես, որ հայի գենը երբեք քնած չի եղել, պարզապես հասունացել է պահը հերոսությունների:

Զինվորները պատմել են, որ Թալիշի եւ Մատաղիսի ուղղությամբ թշնամու հարձակման ժամանակ մեր զինվորներից մի քանիսը շրջափակման մեջ են եղել, եւ զինվորներից մեկը կազմակերպել է նրանց դուրսբերումը: Սպասող զինվորները ծարավ են եղել: Մոտեցել են ադրբեջանական մի տանկի եւ հարցերը լուծել, ապա վերցրել են նրանց մոտ եղած ջուրն ու հասցրել իրենց ընկերներին՝ ասելով «ահա, ծարավ էիք, խմեք»… Այդ տղան արդեն վաշտի հրամանատար է: Նրա հրամանատարը զոհվել էր Թալիշում մղվող ծանր մարտերի ժամանակ: Այս ամենն այնպիսի սառնասրտությամբ եւ ժպիտով են պատմում…սա միակ դեպքը չէ, դրանք բազում են՝ մեկը մեկից ավելի մեծ հերոսություններ:

Մենք այդ ամենը լսելով մի բան էինք հասկանում՝ այդօրինակ հերոսությունն ու ուժն Աստված է տալիս, դրա համար ենք ասում, որ Աստծով հաղթելու ենք: Այլընտրանք չկա:

-Ականատես եղանք նաեւ մշակութային, հոգեւոր արժեքների հանդեպ թշնամու ոտնձգություններին: Հարվածեցին Շուշիի սուրբ Ամենափրկիչ մայր տաճարին եւ ցինիկաբար ասացին, թե գուցե հայերն են դա միտումնավոր արել: Ինչպիսի՞ գնահատական կհղեք նման գործելաոճին:

-Երբ առաջնագծի լուսանկարներում նրանք տեսնում են հոգեւորականների կամ զենք վերցրած հոգեւորականների, առաջ են տանում այն կեղծ թեզը, թե հայերն իբրեւ կրոնական պատերազմ են մղում: Իհարկե, այդպես չէ: Պարզապես հայրենական պատերազմում մենք հրամայական ունենք զինվորի եւ հրամանատարի կողքին լինելու՝ ամեն տեսակ ներկայությամբ: Մենք մերժում ենք նրանց այդ թեզը: Միաժամանակ, հասկանում ենք, որ թուրքն իր ձեռագիրը չի փոխել: Հիշեք, թե ժամանակին ինչպես անխնա ոչնչացրին Ջուղայի խաչքարերը: Նույն պատմությունը հիմա է՝ թուրքը չի փոխվել:

Թուրքը քնած մարդուն գլխատող, գլուխը նկարող եւ սոցցանցերում հրճվող թուրքն է, որի ձեռագիրը 1915թ.-ից այս կողմ չի փոխվել: Սա արձանագրենք եւ ընդունենք, որ մենք շրջապատված ենք նման թշնամիներով: Դա այն թուրքն է, որի համար եկեղեցու կամ պարսկական մզկիթի միջեւ տարբերություն չկա: Նա պատրաստ է խոցելու՝ իր նենգ նպատակներին հասնելու համար: Դրա համար մենք առավել քան միաբանված պետք է լինենք:

-Ձեր ուղերձը հանրությանը:

-Այսօր մեր ազգին առավել քան հարկավոր է միաբանություն: Մի կողմ դնենք ներքին եւ արտաքին բոլոր տարաձայնությունները եւ հասկանանք, որ զինվորն այսօր մաքառում է հանուն խաղաղության. ընտրյալներն իրենց կյանքը դրեցին հողում, որպեսզի մենք նոր կյանք ունենանք: Մենք բարոյապես իրավունք չունենք ներքին խարդավանքների տրվելու: Հաղթանակը եւ խաղաղությունը մեկ րոպե շուտ պետք է այցելեն մեզ: Այս ամենով հանդերձ՝ արձանագրենք, որ թուրքը չի կարող անգամ ժամանակակից տեխնոլոգիաների աշխարհում փոխվել եւ չի էլ փոխվելու, ուստի մենք էլ անհրաժեշտ կերպով պետք է պատրաստ լինենք առավելագույնն անելու՝ նրա ձեռագիրը ձախողելու համար:

Զրուցեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30