Գեղեցկության մասին ընկալումները տարբեր են, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա: Օրինակ` մեծագույն երազող Միգել Սերվանտեսն ասում էր, որ գեղեցկությունը բազմազան է, բազմաբնույթ, ամեն ոք յուրովի է այն ընկալում, դրա համար դժվար է այն սահմանել: Միեւնույն ժամանակ էլ նշում էր, որ ամեն գեղեցիկ բան այս աշխարհում արժանի է հիացմունքի: Սերվանտեսը համոզված էր, որ գեղեցկությունը առկա է բոլորիս շրջապատում եւ բոլորիս ներսում, եւ մեղք է, եթե կինը պակաս գեղեցիկ է, քան պետք է լիներ:
Վիկտոր Հյուգոն կարեւորում էր ներքին գեղեցկությունը եւ համոզված էր, որ առանց ներքին ու արտաքին ներդաշնակության չի կարող լինել լիարժեք գեղեցկություն:

Պլատոնի խոսքով, գեղեցիկ կերպարները ծնում են գեղեցիկ մտքեր, իսկ գեղեցիկ մտքերը մարդկանց մղում են գեղեցիկ գործողությունների:
Կարդացեք նաև
Սենեկայի տեսակետն է. «Ոչ թե նա է գեղեցիկ, ում ձեռք ու ոտքն են գովում, այլ նա, ում կերպարը թույլ չի տալիս հիանալ զուտ առանձին գծերով»:
Ցիցերոնը համոզված էր, որ ամեն ոք իր գեղեցկությունն ունի, իսկ կնատյաց Նիցշեի կարծիքով՝ գեղեցկությունը հաջողության խոստում է:
Նիցշեն ասում էր, որ գեղեցկության ձայնը ցածր է, եւ միայն զգայուն ականջները կարող են այն որսալ:
Շոպենհաուերն էլ է պերճախոս գտնվել գեղեցկությունը սահմանելիս. նրա խոսքով, գեղեցկությունը երաշխավորական նամակ է, որը նախապես նվաճում է սիրտը:
Իսկ Կանտն ասում էր, որ գեղեցկությունը մի բան է, որ բացառապես ճաշակից է բխում, այն նաեւ բարոյականության խորհրդանիշ է:
Խորհրդավորության ասպետ Քամյուն գեղեցկությունը որակում էր որպես մի պահ տեւող հավերժություն:

Այժմ գեղեցիկ կինը նախ եւ առաջ խնամված կինն է, եւ հիմնականում նախընտրելի է բնական գեղեցկությունը: Մարդիկ սկսել են ծաղրել սիլիկոնային միջամտությունները, արհեստականորեն ընդգծված այտոսկրերը, «լցրած» շուրթերն ու եղունգները, դաջված հոնքերը: Ամեն դեպքում գեղեցկության ընկալումը շատ անհատական է, եւ ցանկացած կին իրավունք ունի ձգտել ավելի գեղեցիկ ու նրբաճաշակ լինելու՝ հետեւելով նորաձեւության վերջին միտումներին: Սակայն ամեն նորաձեւ չէ, որ կարող է «գազոնացված» բոլորին գեղեցիկ դարձնել:

Գեղեցիկ կինը նաեւ առողջ կինն է: Կանայք անգամ կոսմետիկ միջոցներ գնելիս այժմ նախընտրում են բնականը, հագուստների պարագայում կարեւորվում են բնական մանրաթելերից գործվածքներն ու բնական կտորներից կարված զգեստները:

Բացի այդ, կարեւորը ինքնավստահությունն է, եւ նախ եւ առաջ սիրելի մարդու աչքին գեղեցիկ երեւալը: Այս առումով շատ խորհրդանշական են Պարույր Սեւակի հայտնի տողերը.
Գեղեցիկ ես դու, ինչպես բոլորը,
Որոնց սիրում են,
Եվ ո՛չ ավելի ու ո՛չ էլ պակաս:
Ի՞նչդ է գեղեցիկ՝ ուրի՛շը կասի,
Մինչդեռ ինձ համար դու գեղեցիկ ես,
Ինչպես բոլորը, որոնց սիրում են…
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ
Մերլին Մոնրոյի, Տեսս Հոլիդեյի եւ Քիմ Քարդաշյանի լուսանկարները՝ նրանց պաշտոնական ֆեյսբուքյան էջերից


















































