Լրահոս
Օրվա լրահոսը

Քնի պարալիզ, անհանգիստ ոտքեր, քնած գեղեցկուհու համախտանիշ․ Սամսոն Խաչատրյանը՝ այն ամենի մասին, ինչ պետք է իմանալ քնի խանգարումների մասին

Մայիս 25,2023 09:30

ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և նեյրովիրաբուժության ամբիոնի վարիչ, քնի խանգարումների մասնագետ, բ․գ․թ․ Սամսոն Խաչատրյանը մեզ հետ զրույցում ներկայացնում է քնի՝ ինչպես առավել տարածված, այնպես էլ շատ հազվադեպ հանդիպող խանգարումները, դրանց ախտորոշման ու բուժման հնարավորությունները։

Որո՞նք են քնի խանգարումները

Քնի խանգարումների ասպարեզը բավականին մեծ է, և դրանցով զբաղվում է քնի բժշկությունը կամ, ինչպես ավելի ընդունված է ասել Եվրոպայում, սոմնոլոգիան՝ քնաբանությունը։ Քնի բժշկությունը գիտություն է քնի և դրա հետ կապված խանգարումների մասին, որոնք, ինչպես նշվեց, բավականին շատ են և չեն ներառում սոսկ անքնությունը կամ քնի պակասը․ ժամանակակից դասակարգմամբ առանձնացվում են քնի խանգարումների 6 տարբեր խմբեր։

Անքնություն

Ինչպես և կարելի է ենթադրել, ամենատարածված խումբը ներառում է անքնությունն իր տարատեսակներով՝ կարճաժամկետ, քրոնիկ, մանկական, այլ հիվանդությունների ֆոնին զարգացող անքնություն, որը բավականին հաճախ է հանդիպում։ Քրոնիկ անքնությունը կարող է մինչև 15-20 տոկոսի հասնել տարբեր երկրների բնակչության շրջանում։

Քնի շնչառական խանգարումներ

Մյուս բավականին տարածված խումբը ներառում է քնի շնչառական խանգարումները, որոնց ազդեցությունն առողջության վրա ամենաարտահայտիչն է․ խոսքը, մասնավորապես, քնի ապնոէի մասին է, որը քնի ամենավտանգավոր խանգարումներից է, քանի որ ոչ միայն քունն է խախտում, ինչն ինքնին լավ չէ առողջության համար, այլև բարձրացնում է այլ հիվանդությունների զարգացման ռիսկերը․ դրանց թվում են սրտանոթային հիվանդությունները, սրտի ռիթմի խանգարումները, զարկերակային բարձր ճնշումը, կաթվածը, սրտի սնուցման, ուղեղի անոթային խանգարումները, նյութափոխանակության խանգարումները և այլն։ Քնի ապնոէն շատ տարածված է հատկապես տղամարդկանց շրջանում․ միջին տարիքի տղամարդկանց մինչև 10 տոկոսն ունի այդ խնդիրը՝ տարբեր աստիճանի արտահայտվածությամբ։

Քնի վարքային խանգարումներ

Կան քնի վարքային խանգարումներ, որոնց դասական օրինակը լուսնոտությունն է, չնայած հատկապես Արևմուտքում խուսափում են այդ տերմինից։ Բժշկական այդ հասկացությունը սոմնամբուլիզմ է կոչվում, թեև ավելի շատ կիրառվում է sleepwalking՝ քնաքայլություն բառը, որը շատ լավ բնորոշում է խնդրի էությունը․ այսինքն մարդը քայլում է քնի մեջ․ ինչո՞ւ է դա կարևոր, քանի որ եթե չի քայլում, նստում է, շփոթված շուրջն է նայում, մի քիչ խոսում է, հետո նորից պառկում է, ուրեմն դա քնի մեկ այլ խանգարում է, որը կոչվում է «շփոթված արթնացում»։

Վարքային խանգարումների շարքին են դասվում փոքրիկ երեխաների մոտ դրսևորվող քնի վախերը, երբ հիմնականում մինչև 5-6 տարեկան երեխաներն ունենում են կտրուկ արթնացումներ՝ լացելով, հուզված, չեն ճանաչում ծնողներին, վանում են նույնիսկ, երկար ժամանակ չեն հանգստանում։ Քնի վախերը պետք է տարանջատել, օրինակ, մղձավանջներից, որոնք  կրկին վարքային խանգարումներ են, բայց դրանք չունեն երկար տևողություն, երեխան միանգամից արթնանում է, պատմում է, որ ինչ-որ վատ երազ է տեսել, հանգստացնում են, պառկում և քնում է։

Քնի վարքային խանգարումներից շատ հետաքրքիր երևույթ է քնի պարալիզը՝ բավականին միստիկ աուրայով մի ֆենոմեն, որը դրսևորվում է երկու տարբերակով։  Որպես վարքային խանգարում՝ քնի պարալիզն արտահայտվում է այսպես․ անձը, չունենալով ոչ մի ուրիշ գանգատ, տարբեր հաճախականությամբ, օրինակ, քնից արթնանում է երազի մեջ և իրեն պատկերացնելով նոր-նոր արթնանալիս՝ ուզում է շարժվել, բայց չի կարողանում, երբեմն ինչ-որ թույլ ձայներ է արձակում, բայց իրեն թվում է, թե ուժգին ճչում է, և իրեն չեն լսում։  Քնի պարալիզի խնդիրն այն է, որ այդ ժամանակ մարդու մարմնի գրեթե բոլոր մկանները չեն աշխատում, անջատված են, նա կարողանում է միայն շնչել, երբեմն նաև աչքերը բացել՝ շուրջը նայել։ Այսինքն բավականին սարսափելի մի իրավիճակ է, երբ դու ուզում ես շարժվել, վեր կենալ, բայց սեփական մարմինդ կարծես չի ենթարկվում քեզ, և իրավիճակն ավելի է սրվում, երբ դրան գումարվում են երազներ, հալյուցինատոր որոշ երևույթներ, և մարդուն թվում է, թե ինչ-որ մեկը կա սենյակում, ինչ-որ մեկը նստած է իր կրծքին ու խեղդում է իրեն։ Քնի պարալիզի ժամանակ մարդը կարող է նաև վեստիբուլյար բնույթի երևույթներ, օրինակ ճոճ զգալ, ինչն ավելի է ուժեղացնում սթրեսը։ Քնի պարալիզը կարող է տևել մի քանի վայրկյանից մինչև 1-2 րոպե, և այդ պահին եթե ինչ-որ մեկը դիպչի մարդուն՝ զգայական ազդակ հաղորդելով նրան, ապա պարալիզի դրվագը կդադարի, երբեմն նաև  ձայնային ազդակներն էլ են նպաստում այդ երևույթի դադարեցմանը։

Նշենք, որ, թեև մարդիկ քնի պարալիզը բավականին սթրեսային և էմոցիոնալ են տանում, բայց այն հաղթահարելի է, և եթե դա լինում է հաճախ և տևում է երկար, կարելի է շտկել դեղորայքային հսկողությամբ, որի նպատակահարմարությունը որոշվում է պացիենտի հետ քննարկումների արդյունքում։

Քնկոտություն

Մի քիչ ավելի անտեսված խնդիր է քնկոտությունը՝ որպես քնի խանգարում։ Երբեմն ցերեկը քնելն շատերն անգամ առողջության դրսևորում են համարում, բայց իրականում, եթե մարդը գիշերը լիարժեք քնել է, ցերեկը չպիտի քնկոտ լինի։ Իհարկե, որոշ մշակույթներ ունեն ճաշից հետո քնելու ավանդույթը՝ սիեստան, բայց դա ամեն տեղ չի հանդիպում և պարտադիր չէ։

Երբ մարդն, օրինակ աշխատանքի մեջ է, ակտիվ է, գիշերը նորմալ քնել է, բայց զգում է, որ քունը տանում է, դա արդեն կասկածելի է, և պետք է հասկանալ, թե ինչ պատճառներով է առաջանում այդպիսի քնկոտությունը։ Տարբերակներից մեկը՝ կա ինչ-որ մի պատճառ, որը գիշերն ընդհատում է քունը՝ քնի պակասի կամ որակի խնդիր առաջացնելով։ Հաճախ դա քնի ապնոէն է, որը գիշերը պարբերաբար շնչառական կանգեր է առաջացնում՝ անընդհատ միկրոարթնացումներ հարուցելով և քունը դարձնելով շատ վատ որակի ու հանգեցնելով արտահայտված ցերեկային քնկոտության։ Կամ գիշերը քունն ընդհատվում է, օրինակ, ոտքերի շարժումների պատճառով, որոնք դասվում են քնի շարժողական խանգարումների շարքին։ Այդպիսով քունն անընդհատ ընդհատվում է, և ստացվում է՝ մարդը կարծես թե քնել է 8 ժամ, բայց քնից բավարարված չէ, ինչպես հաճախ նշում են պացիենտները, «կարծես ամբողջ գիշեր աշխատել եմ»։

Մյուս տարբերակում գործ ունենք  քնի խանգարման մի առանձին խմբի հետ, որը  կոչվում է քնկոտության առաջնային խանգարում․ վերջինս ներառում է հենց կենտրոնական գերքնությունը, երբ մարդն առանց ապնոէի, առանց քունը խանգարող ակնհայտ պատճառների անընդհատ ուզում է քնել, հեշտ,  չնախատեսված, հանկարծակի ձևով անցնում է քնի՝ ենթարկվելով, այսպես կոչված, քնի գրոհի։ Դա հատկապես վտանգավոր է մեքենա վարող կամ այլ կարևոր, ուշադրություն պահանջող աշխատանք կատարող մարդկանց համար։

Այդ շարքի հիվանդությունների մեջ «դասական» է համարվում նարկոլեպսիան, որի անունը հենց նշանակում է «քնելու հակում»․ դա աուտոիմուն բնույթի հիվանդություն է, որը թեև համարվում է հազվադեպ, բայց, օրինակ, ամերիկյան տվյալներով հանդիպում է 2000 մարդուց մեկի մոտ, ինչն այնքան էլ քիչ չէ։ Այս հիվանդության ախտանշաններից են քնի պարալիզը, ցերեկային քնկոտությունը, տարօրինակ հիպնագոգիկ հալյուցինացիաները, երբ մարդը կորցնում է երազի և իրականության սահմանը, ինչպես նաև ախտանիշ է համարվում, այսպես կոչված, կատապլեքսիա երևույթը , երբ մարդը հանկարծ կորցնում է մկանային ուժն ու թուլանում է՝ առանց գիտակցությունը կորցնելու։

Ի դեպ, հետաքրքիր է, որ կատապլեքսիան կապված է հույզերի հետ, և կարող է առաջանալ, օրինակ, ուրախության պահերին, կամ հանդիսավոր ինչ-որ մի ելույթից առաջ, անակնկալի դեպքում և այլն։

Այսպիսով, քնկոտության ամեն մի դրսևորում չէ, որ կարող ենք կոչել նարկոլեպսիա․ կան մի շարք ախտանշաններ, որոնք հուշում են այդ հիվանդության մասին, ինչպես նաև հատուկ հետազոտություն՝ պոլիսոմնոգրաֆիա, որը թույլ է տալիս  հաստատել ախտորոշումը։  Այս հիվանդությունը, թեև հետաքրքիր է որպես կլինիկական երևույթ, բայց այն խիստ բացասաբար է անդրադառնում մարդու կյանքի որակի վրա։ Նաև նշեմ, որ մենք որոշակի խնդիր ունենք Հայաստանում այս հիվանդության համար նախատեսված  դեղորայքի հետ կապված, որը ներկայացված չէ մեր երկրում, և այդ ուղղությամբ որպես Քնի խանգարումների հայկական ասոցիացիայի նախագահ և քնով զբաղվողների թիմի ներկայացուցիչ՝ փորձում ենք զբաղվել՝ աշխատելով ՀՀ Առողջապահության նախարարության, դոնոր կազմակերպությունների հետ, որպեսզի այդ դեղորայքը հասանելի լինի նաև Հայաստանում։

Ցավոք, արթունություն ապահովող դեղերի՝ ստիմուլյատորների շարքից որևէ մեկ դեղորայք մեզ մոտ չկա, պաշտոնապես գրանցված չէ։ Դա լուրջ խնդիր է նաև հաշվի առնելով, որ այդ դեղերը ոչ միայն նարկոլեպսիայի բուժման համար են, այլև օգտագործման տարբեր ցուցումներ ունեն և կարող են կիրառվել ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշի դեպքում, որը տարածված է թե՛ երեխաների և թե՛ մեծահասակների շրջանում, ցրված սկլերոզի և նյարդաբանական այլ հիվանդությունների դեպքում, երբ կա հոգնածությունը կամ դյուրհոգնելիությունը (fatigue)՝ որպես ախտանշան։

Քլայն-Լևինի համախտանիշ

Քնկոտության խանգարումների դաշտում մի շատ հազվադեպ հանդիպող խանգարում կա, որը կոչվում է Քլայն-Լևինի համախտանիշ` առավել հայտնի է որպես քնած գեղեցկուհու համախտանիշ, երբ պացիենտների մոտ պատկերը շատ յուրահատուկ է․ իրենք առօրյայում և տարվա մեծ մասը քնկոտ չեն ընդհանրապես, բայց որոշ շրջաններ են լինում, երբ քուն են մտնում՝ օրվա մեջ մինչև 22 ժամ և արթնանում են միայն սնվելու և կարիքները հոգալու համար ու կրկին քնում։ Եվ այդպես օրեր, երբեմն անգամ շաբաթներ շարունակ։ Ըստ ներկա պահին կուտակված տվյալների՝ այս խանգարումը միլիոն մարդուց մեկի մոտ է հանդիպում։ Հայաստանում պաշտոնապես ախտորոշված մեկ պացիենտ ունենք, որի դեպքը շատ հետաքրքիր է, քանի որ այդ կնոջ մոտ խանգարումը հղիության ընթացքում էր դրսևորվում, և կինն ամիսը մեկ քնում էր մեկ շաբաթով։ Այս դեպքը մեր կողմից նկարագրվել է Քնի բժշկության ամերիկյան ակադեմիայի պաշտոնական ամսագրում։ Սակայն նշեմ, որ Քլայն-Լևինի համախտանիշի հետ կապված ևս մեկ հետաքրքիր հրապարակում ունենք միջազգային հեղինակավոր ամսագրում։

Դեռ տարիներ առաջ ուսումնասիրելով մեր էպոսը՝ «Սասնա ծռերը», ես ուզում էի հասկանալ, թե Մսրա Մելիքն ինչո՞ւ էր յոթ գիշեր քնում, հետո ուժ հավաքած արթնանում։ Ուսումնասիրելով էպոսի այդ հատվածը և համեմատելով տվյալները հիվանդության՝ ներկայումս կիրառվող ախտորոշիչ չափանիշների հետ, մենք պարզեցինք, որ դրանք շատ նման են Քլայն-Լևինի համախտանիշին։ Մեր ուսումնասիրության արդյունքները հրապարակեցինք Sleep Medicine գիտական ամսագրում 2020 թ․-ին։ Հոդվածը շատ լավ ընդունվեց և որևէ լուրջ քննադատության չարժանացավ, քանի որ մենք բավականին հստակ ձևակերպել էինք, որ Մսրա Մելիքը քնկոտ չէր սովորաբար, բայց իր շրջապատում գիտեին, որ եթե քնեց, ուրեմն յոթ օր պետք է քնի, հետո նոր արթնանա, և երբ Դավիթը գալիս է կռիվ տալու Մսրա Մելիքի դեմ,  նրա զինվորը ներկայացնում է, որ Մսրա Մելիքը դեռ 3 օր է քնել, 4 օր էլ պետք է քնի․․․ Այս տողերը մեզ թույլ են տալիս հետևություն անելու, որ դա առաջին դեպքը չէր, և բոլորը գիտեին, որ այդպես է իր մոտ, իսկ եթե առնվազն երկու այդպիսի՝ իրարից տարբեր դրվագներ են եղել, ուրեմն մենք կարող ենք ախտորոշել այդ խանգարումը․․․ Ստացվում է՝ պատմության մեջ Քլայն-Լևինի համախտանիշի առաջին նկարագրությունը տրվել է «Սասնա ծռեր» էպոսում դեռ 7-9-րդ դդ-ում։

Դավիթ արաբներին ասաց․

-Վե՛ր հանեք էդա ձեր աղեն,

Կանչեք, Մելիք թող դուրս գա դուռ։

Էդ արաբներ ասին․

-Մենք չե՛նք կարնա․ էնի յո՛թըն օր տի քնի։

Իրե՛ք անցե, չո՛րս օր էլ կա, որ վեր էլնի։ 

Հոդվածն ուղեկցվում էր Հակոբ Կոջոյանի հայտնի՝ «Սասունցի Դավիթ» կտավով, որում ներկայացված է նաև Մսրա Մելիքի քնի դրվագը։

Քնի շարժողական խանգարումներ

Քնի խանգարումների ևս մեկ խումբ են քնի հետ կապված շարժողական խանգարումները, և դրանց ամենավառ ներկայացուցիչն անհանգիստ ոտքերի համախտանիշն է կամ Ուիլիս-Էկբոմի հիվանդությունը, որը բավականին տարածված է հատկապես արևմտյան երկրներում, Հայաստանում՝ նույնպես, և, ըստ մեր տվյալների, այն հանդիպում է մեր բնակչության մոտ 15 տոկոսի մոտ։

Անհանգիստ ոտքերի համախտանիշի դեպքում, մարդը երեկոյան քնելուց առաջ կամ հանգստանալիս, ոտքերի, երբեմն նաև ձեռքերի շրջանում տարօրինակ զգացողություններ է ունենում, որոնք շատ տարբեր ձևով են ներկայացվում պացիենտների կողմից, յուրահատուկ բառերով՝ մզմզոց, տզտզոց, ծակծկոց, մրսել, ցավեր, «շանջու» և այլն, ու  պացիենտը զգում է, որ ստիպված պետք է շարժի ոտքերը, որ հանգստանա, և երբ չի շարժում, այդ վիճակը կրկին ակտիվանում է։ Արտահայտիչ դեպքերում մարդը կարող է ժամերով տանջվել ու չկարողանալ քնել, և քանի որ այդ խնդիրն ունեցողները նաև քնած ժամանակ են ունենում ոտքերի պարբերական շարժումներ, նրանց քնի որակը նույնպես ընկնում է։

Երբեմն այդ խնդիրը կապված է լինում օրգանիզմում երկաթի պաշարների նվազման հետ, և հետազոտությունից հետո բուժումը ներառում է երկաթի անբավարարության լրացումը։ Մոտ 80 տոկոս դեպքերում դա ժառանգվող խնդիր է, և կան գեներ, որոնք այդ համախտանիշի նախատրամադրվածություն են ստեղծում։ Հատկապես կանանց մոտ է շատ հանդիպում այդ համախտանիշը։ Անհանգիստ ոտքերի համար կա բավականին  արդյունավետ դեղորայք, սակայն խնդիրն այն է, որ մարդիկ հաճախ են գնում այլ ուղղություններով՝ այդ վիճակի պատճառը փնտրելով անոթներում, հոդերում և այլն, սակայն խնդրի հայտնաբերման և ախտորոշման դեպքում 70 տոկոս դեպքերում շատ լավ արդյունք ենք ստանում դեղորայքից։

Քնի ցիրկադային ռիթմի խանգարումներ

Քնի խանգարումների 6-րդ խումբը կոչվում է քնի ցիրկադային ռիթմի խանգարումներ, որոնք քնի հետ կապված ժամային շեղումներն են ներառում։ Գիտենք, որ կան ուշ քնող և ուշ արթնացող մարդիկ՝ «բվեր», շուտ քնող և շուտ արթնացողներ՝ «արտույտներ», կան ժամանակակից սոցիումին բնորոշ խանգարումներ՝ հերթապահողի քնի խանգարում կամ օրինակ ժամային գոտիները հաճախ հատող մարդկանց քնի խանգարումներ։

Ախտորոշման և բուժման հնարավորությունները

Կա գործիքային ախտորոշման հայտնի մեթոդը՝ պոլիսոմնոգրաֆիան, որը կիրառվում է տարբեր վարիացիաներով՝ կախված քնի խանգարումների տեսակից։ Կարող են պահանջվել արյան անալիզներ, թքի հետազոտություն, մելատոնինի մակարդակի ստուգում, ողնուղեղային հեղուկի հետազոտություն՝ նարկոլեպսիայի ցուցանիշը որոշելու համար և այլն։ Բուժումը կախված է խանգարման տեսակից․ օրինակ՝ անքնությունն ունի բուժման երկու ուղղություն․ դեղորայքային, որը ներառում է քնաբերները, քնաբեր ազդեցությամբ հակադեպրեսանտները և ոչ դեղորայքային, որը ներառում է կոգնիտիվ վարքային հոգեթերապիայի կիրառումը՝ անքնության ծրագրով։

Քնի շնչառական խանգարումները դեղորայքային բուժում գրեթե չունեն, դրանք ներառում են քաշի կառավարումը, CPAP-սարքերի կիրառումը։

Ցիրկադային ռիթմի խանգարումների ժամանակ բացի մելատոնինից կիրառվում է նաև լուսային թերապիա, որը շատ հետաքրքիր ուղղություն է քնի բժշկության մեջ։ Քնի բժշկության մեջ մենք նաև ատամնաբուժական մաս ունենք, օրինակ՝ ատամների համար հատուկ սարքերի կիրառում, որոնք գործածվում են բրուքսիզմի՝ ատամների կրճտոցի ժամանակ, որպեսզի ատամները չմաշվեն։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031