Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ է բերման ենթարկվել «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը

Նոյեմբեր 11,2020 12:36

Aravot.am-ի տեղեկություններով, քիչ առաջ բերման է ենթարկվել «Ազգային օրակարգ» կուսակցության անդամ Ավետիք Չալաբյանը: Նա գտնվում է ԱԱԾ-ում: Ավետիք Չալաբյանը հաստատեց տեղեկությունը: Բայց բերման ենթարկելու պատճառների մասին դեռ իրեն էլ ոչինչ հայտնի չէ:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ պրն Չալաբյանը տարածել էր հայտարարություն, որում մասնավորապես ասում էր. «Պատերազմի առաջին օրերից, ես և «ԱրԱր» հիմնադրամի իմ գործընկերները մեր ողջ ջանքերը դրել ենք՝ աջակցելու մեր զինված ուժերին, տարբեր հնարավոր ձևերով։ Մեր կատարած աշխատանքի զգալի մասը գաղտնի է, և կարող է բացահայտվել միայն տարիներ հետո, երբ արդյունքները տեսանելի կլինեն։ Այսօր, երբ մեր բանակը ծանր կորուստներ է կրել մեզ պարտադրված անհավասար պատերազմում, առաջնային խնդիր է դարձել նրա մարտական կարողությունների վերականգնումը և արագացված արդիականացումը, մանավանդ, որ պատերազմը կարող է վերսկսվել յուրաքանչյուր պահի։ Գործընկերներիս հետ խորհրդակցելով, ես որոշում եմ ընդունել առաջիկայում այդ գործին նվիրել իմ հիմնական ժամանակը և ռեսուրսները, կենտրոնանալով մի շարք կարևոր անվտանգային ծրագրերի վրա։

Նույն այս նպատակով ես նաև որոշում եմ ընդունել՝ առժամանակ կասեցնել իմ քաղաքական գործունեությունը։ Լինելով «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիրներից և առաջնորդներից մեկը, ևս այժմ դուրս եմ գալիս նրա ղեկավար Խորհրդի կազմից, պատվիրակելով իմ ձայնը գործընկերներիս՝ այն ակնկալիքով, որ նրանք խոհեմորեն և խորը պատասխանատվությամբ կառաջնորդեն մեր կուսակցությունը։

Դրանով հանդերձ, ես համարում եմ, որ Հայաստանում առկա ներքաղաքական խորը ճգնաժամի հանգուցալուծումը պետք է լինի գործող իշխանության հրաժարականի, և օրինական ու անցնում գործընթացի միջոցով այնպիսի ազգային համաձայնության իշխանության ձևավորմամբ, որն ընդունակ կլինի Հայաստանը դուրս բերել միջազգային մեկուսացումից, վերաբանակցել մեզ պարտադրված ստորացուցիչ համաձայնության պայմանները, և ապագայի հույս տալ պատերազմի ողջ ցավը վերապրած մեր ժողովրդին։ Եթե տեղի ունենա այդպիսի հուսադրող գործընթաց, ես պատրաստ կլինեմ դրան բերել իմ աջակցությունը՝ որպես անհատ, չհավակնելով այս փուլում որևէ անմիջական քաղաքական դերակատարության։ Երբ մեր երկիրը կհասնի արժանապատիվ խաղաղ հանգրվանի, և արտաքին վտանգը կնվազի, ես ևս պատրաստ կլինեմ վերանայել այս որոշումս, և վերադառնալ քաղաքական գործունեության»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30