Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկացի վերլուծաբանների մտահոգությունները Հայաստանում ժողովրդավարական գործընթացի նահանջի վերաբերյալ

Նոյեմբեր 12,2020 09:12

«Ամերիկայի ձայն». Ռուս-հայ-ադրբեջանական հրադադարի համաձայնագիրը սպասելի դժգոհության ալիք բարձրացրեց հայ հանրային տարբեր շրջանակներում: Հնչեցին բազմաթիվ մեղադրանքներ և արդարացումներ՝ սկսած գործող իշխանության հասցեին ուղղված դավաճանության մեղադրանքներից մինչև պարտվողական համաձայնագիր կնքելու այլընտրանքի բացակայություն:

Վերլուծաբան Մայքլ Ռուբինը հույս ունի, որ Հայաստանում եթե պետք է տեղի ունենան հնարավոր փոփոխությունները, ապա լինեն միմիայն ժողովրդավարական գործընթացների հիման վրա: Հակառակ դեպքում Հայաստանի կորուստները, ըստ վերլուծաբանի, կլինեն էլ ավելի մեծ:

«Ղարաբաղի հարավային հատվածի ու Շուշիի կորուստը էլ ավելի ողբերգական կդառնա հայկական կողմի համար, եթե այդ պատճառով Հայաստանում նահանջ ապրի ժողովրդավարությունը: Դա կլինի ողբերգություն»,- գտնում է Ռուբինը:

Վերլուծաբան Փոլ Սթրոնսկին կիսում է մտահոգությունները Հայաստանում ժողովրդավարական գործընթացի նահանջի վերաբերյալ: Նա դատապարտում է նախօրեին տեղի ունեցած անկարգություններն ու ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հանդեպ բռնությունը՝ այն որակելով ամբոխավարություն, որը որևէ կապ չունի ժողովրդավարական գործընթացի հետ: Միևնույն ժամանակ անհրաժեշտ է թափանցիկության ավելի բարձր աստիճան, գտնում է վերլուծաբանը՝ վկայակոչելով համաձայնագրի ստորագրման գաղտնի բնույթը:

«Կարծում եմ, որ կարևոր է կառավարման համակարգում և հանրության առջև ունենալ ավելի մեծ թափանցիկություն, որը դյուրին չէ, իհարկե: Բայց կարծում եմ, որ զայրույթի ցնցումի մեծ մասը առաջացավ այս նոր իրավիճակին պատրաստված չլինելուց, կորուստներից և այն դժվարին փուլից, որը վերապրեց Հայաստանը և նրա զորքերը վերջին վեց շաբաթվա ընթացքում»,- ասում է Սթրոնսկին:

Նա կարևորում է երկրում հետագա ժողովրդավարական բարեփոխումների, հակակոռուպցիոն պայքարի ու թափանցիկ կառավարման անհրաժեշտությունը: Դա կարևոր օրակարգ է իշխանության համար Հայաստանում անկախ նրանից, թե կհաջողվի, արդյոք, Փաշինյանին պահպանել իշխանությունը, թե ոչ:

«Փաշինյանը, որպես ներկայիս ղեկավար, պատասխանատվություն է կրում այսօր ստեղծված կացության համար, սակայն արդյոք նա պատասխանատու է երկար տարիներ ի վեր առկա ռազմական ոլորտի խնդիրների համար: Ֆինանսական շատ միջոցներ են դուրս բերվել երկրից, ու դա արվել է ոչ թե Փաշինյանի, այլ ուրիշների կողմից: Դա ընդգծում է կարևորությունը՝ կրկնապատկելու ջանքերը բարեփոխումների օրակարգում և հակակոռուպցիոն պայքարում, քանի որ կոռուպցիան խափանում է պետության անվտանգությունը»,- ասում է Սթրոնսկին:

Ռազմաքաղաքական ոլորտի վերլուծաբան Մայքլ Քոֆմանն էլ չի բացառում, որ Ռուսաստանն ամեն կերպ փորձել է Հայաստանը ներկայացնել ոչ թե որպես դաշնակից, այլ «հաճախորդ» պետություն: Հայաստանի նկատմամբ այս մոտեցման արդյունքում Երևանի թուլացած դիրքերի գործոնը վրիպել է Փաշինյանի վարչակազմի ուշադրությունից:

«Հավանաբար դա անհրաժեշտ է նրա համար, որպեսզի ժամանակի ընթացքում կամ էլ այս փուլում Փաշինյանը փոխարինվի Մոսկվայի համար ավելի ընդունելի ու ցանկալի վարչապետով»,- ընդգծում է նա:

Քոֆմանը կարծում է, որ Մոսկվան ձգտում է նրան, որ հայկական բանակի ձախողումներն ազդեն Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքականության վրա: Ընդհանուր առմամբ ամերիկացի վերլուծաբանները համակարծիք են՝ գործող վարչապետ Փաշինյանի քաղաքական ապագան դեռևս անորոշ է: Հետագա զարգացումները պարզաբանում կմտցնեն այս հարցում:

Արամ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30