TRIPP-ը, Հայաստանի ինքնիշխանության հարցն ու Բաքվի հավակնությունները
Ինչ քաղաքական միջավայում են գործելու ենթակառուցվածքները
2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններից հետո TRIPP-ը ներկայացվեց որպես Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության, տնտեսական համագործակցության եւ տարածաշրջանային փոխկապակցվածության ամրապնդման գործիք։ Նախագծի շրջանակում նախատեսվում են երկաթուղային եւ ավտոմոբիլային ճանապարհներ, էլեկտրահաղորդման գծեր, ինչպես նաեւ հետագա փուլերում՝ նավթագազային եւ օպտիկամանրաթելային հաղորդակցություններ։ Հայաստանի իշխանությունների ներկայացմամբ՝ այն կարող է նպաստել երկրի տրանսպորտային մեկուսացման հաղթահարմանը, նոր տնտեսական հնարավորությունների ստեղծմանը եւ արեւելք-արեւմուտք հաղորդակցության կարեւոր հանգույց դառնալուն։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ նոյեմբերի 23-ին պաշտոնապես կտրվի TRIPP-ի իրագործման մեկնարկը, դրանով իսկ փորձելով ազդարարել, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացը տեղափոխում է նոր՝ գործնական փուլ։ Նախագիծը, որը նախատեսում է Հայաստանի հարավով՝ Սյունիքի մարզի տարածքով, Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության հետ կապող տրանսպորտային հաղորդակցության ստեղծում, պարզ է, որ ոչ միայն տնտեսական, այլեւ Հայաստանի անվտանգության եւ տարածաշրջանային դիրքավորման առանցքային հարցերից մեկն է։
Կարդացեք նաև
Ավելին, նախագծի գործնական մեկնարկը տեղի է ունենում մի իրավիճակում, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացը դեռեւս հաստատված չէ։ Չնայած Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագրին եւ կողմերի միջեւ ձեռք բերված մի շարք պայմանավորվածություններին՝ շարունակում են չլուծված մնալ սահմանազատման, սահմանային անվտանգության, փոխադարձ վստահության եւ խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման հարցերը։ Հետեւաբար, TRIPP-ի իրագործումը չի կարող դիտարկվել միայն որպես ենթակառուցվածքների կառուցման գործընթաց։ Այն ուղղակիորեն առնչվում է երկու երկրների միջեւ ուժերի հարաբերակցությանը, փոխադարձ պարտավորությունների բնույթին եւ տարածաշրջանում ձեւավորվող նոր քաղաքական իրողություններին։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը չի բացառել նախագծի գործարկումը խաղաղության պայմանագրի ստորագրումից ավելի շուտ։ Նախ, հարց է՝ արդյոք տնտեսական եւ տրանսպորտային համագործակցության առաջմղումը կարող է ինքնուրույն դառնալ խաղաղության հաստատման նախադրյալ, թե՞ չկարգավորված քաղաքական եւ անվտանգային խնդիրների պայմաններում այն կարող է ստեղծել նոր կախվածություններ ու լրացուցիչ բանակցային բարդություններ։
Այստեղ կարեւոր է հասկանալ, որ ենթակառուցվածքային հաղորդակցությունների բացումը եւ միջպետական հարաբերությունների լիարժեք կարգավորումը նույն գործընթացը չեն։ Ճանապարհի կառուցումը կարող է ապահովել տնտեսական կապ, բայց ինքնին չի երաշխավորում սահմանների անձեռնմխելիություն, անվտանգության փոխադարձ երաշխիքներ կամ քաղաքական հակասությունների վերացում։ Հետեւաբար, TRIPP-ի հեռանկարները մեծապես պայմանավորված են լինելու ոչ միայն շինարարական աշխատանքների ընթացքով, այլեւ այն քաղաքական միջավայրով, որի պայմաններում գործելու են այդ ենթակառուցվածքները։
Բաքվի պահանջներն ու տեխնիկական համաձայնեցման ենթատեքստը
TRIPP-ի շուրջ ստեղծվող իրավիճակի առավել ուշագրավ դրսեւորումներից մեկը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի նոյեմբերի 18-ի հայտարարությունն էր։ Նա նշել է, որ Հայաստանի տարածքում նախատեսվող 42 կիլոմետրանոց հատվածի տեխնիկական պարամետրերը պետք է անպայման համաձայնեցվեն Ադրբեջանի հետ՝ հիմնավորելով դա նրանով, որ ճանապարհի մուտքի եւ ելքի կետերը գտնվում են ադրբեջանական սահմանի հետ անմիջական կապի մեջ։ Բայրամովի ձեւակերպմամբ՝ առանց Ադրբեջանի հետ կապի այդ տրանսպորտային հաղորդակցությունը պարզապես իմաստ չունի։
Առաջին հայացքից նման պահանջը կարող է դիտարկվել որպես բնական տեխնիկական անհրաժեշտություն։ Երկաթուղային եւ ավտոմոբիլային ենթակառուցվածքների միացման համար անհրաժեշտ է համաձայնեցնել ուղիների լայնությունը, տեխնիկական ստանդարտները, թողունակությունը, էլեկտրամատակարարման համակարգերը, սահմանային անցակետերի աշխատանքը եւ մի շարք այլ հարցեր։ Հայաստանի վարչապետն էլ խորհրդարանում արձագանքելով Բայրամովի հայտարարությանը՝ նշել է, որ հայկական երկաթուղին պետք է միանա ադրբեջանական երկաթուղային ցանցին, հետեւաբար տեխնիկական պարամետրերի համաձայնեցումն անհրաժեշտ է։ Այսինքն՝ տեխնիկական համագործակցության անհրաժեշտությունը պաշտոնական Երեւանը եւս չի ժխտում։
Սակայն խնդիրը միայն տեխնիկական համաձայնեցման անհրաժեշտության մեջ չէ։ Քաղաքական տեսանկյունից կարեւոր է, թե ինչ սահմաններում է իրականացվելու այդ համաձայնեցումը, եւ արդյոք այն չի վերածվելու Հայաստանի տարածքում իրականացվող նախագծի վերաբերյալ Բաքվի որոշիչ ազդեցության հաստատմանը։ Հայաստանի տարածքով անցնող ենթակառուցվածքի նախագծման, կառուցման, շահագործման եւ անվտանգության հարցերը պետք է կարգավորվեն Հայաստանի իրավազորության ներքո՝ միջազգային իրավունքի եւ փոխադարձ պայմանավորվածությունների հիման վրա։ Սահմանակից պետության հետ տեխնիկական հարցերի համաձայնեցումը չի կարող ինքնին նշանակել տվյալ պետությանը Հայաստանի տարածքում որոշումներ կայացնելու լիազորություն վերապահել։
Հիշեցնենք նոյեմբերի 7-ին Հայաստանի, Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի հայտարարած եռակողմ տեխնիկական պլանավորման խմբերի ձեւավորման հանգամանքը։ Առաջին խմբերը զբաղվելու են տրանսպորտային եւ էլեկտրաէներգիայի հաղորդման ենթակառուցվածքների հարցերով։ Եռակողմ ձեւաչափի ստեղծումն ինքնին վկայում է, որ նախագիծն այլեւս միայն հայ-ամերիկյան բանակցությունների շրջանակում քննարկվող նախաձեռնություն չէ, այլ դրա իրագործման գործընթացում ներգրավված է նաեւ Ադրբեջանը։
Բաքվի մոտեցման մեջ, այնուամենայնիվ, նկատելի է մեկ այլ հանգամանք։ Ադրբեջանական կողմը շարունակաբար շեշտադրում է Նախիջեւանի հետ անխափան կապի ապահովման անհրաժեշտությունը՝ այն դիտարկելով որպես նախագծի գլխավոր նպատակներից մեկը։ Հայաստանի համար, մինչդեռ, առաջնային նշանակություն պետք է ունենան ոչ միայն հարեւան երկրի հաղորդակցային շահերը, այլեւ սեփական տնտեսական հնարավորությունները, տարածքային վերահսկողությունը եւ համարժեք տարանցիկ իրավունքների ապահովումը։ Եթե համաձայնեցման գործընթացում ադրբեջանական պահանջները վերածվեն Հայաստանի պարտավորությունների ընդլայնման, իսկ Հայաստանի շահերը մնան ընդհանուր ձեւակերպումների մակարդակում, ապա կստեղծվի շահերի անհամաչափության խնդիր։
Հետեւաբար, Բայրամովի հայտարարությունը պետք է դիտարկել երկու հարթությամբ։ Մի կողմից՝ այն արտացոլում է հաղորդակցությունների ֆիզիկական միացման համար անհրաժեշտ տեխնիկական համագործակցությունը, մյուս կողմից՝ ցույց է տալիս, որ Բաքուն նախագծի իրագործման ընթացքում իր շահերը վերածել է պարտադիր քաղաքական եւ գործնական պայմանների։
ՀՀ ինքնիշխանության եւ անվտանգության հարցերը
TRIPP-ի շուրջ Հայաստանի ներքաղաքական քննարկումների առանցքում հենց ինքնիշխանության հարցն է։ Նախագծի վերաբերյալ հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագիրը խորհրդարանում վավերացվեց հոկտեմբերի 28-ին՝ 63 կողմ եւ 32 դեմ ձայներով, ընդդիմադիր երկու խմբակցությունները դեմ արտահայտվեցին դրա վավերացմանը՝ բարձրացնելով Հայաստանի տնտեսական շահերի, անվտանգության երաշխիքների, իրավական կարգավորումների եւ նախագծի կառավարման կառուցվածքի վերաբերյալ հարցեր։
Համաձայնագրով նախատեսվում է ստեղծել TRIPP Development Company համատեղ ընկերություն, որտեղ ամերիկյան կողմին պատկանելու է բաժնետոմսերի 74 տոկոսը, իսկ Հայաստանին՝ 26 տոկոսը։ Համագործակցության սկզբնական ժամկետը սահմանված է 49 տարի, իսկ փոխադարձ համաձայնությամբ դրա երկարաձգման դեպքում Հայաստանի մասնաբաժինը կարող է հասնել 49 տոկոսի։
Պաշտոնական Երեւանի փաստարկն այն է, որ համաձայնագիրը չի ենթադրում ինքնիշխանության զիջում։ Փաստաթղթով ամրագրված է, որ Հայաստանը պահպանում է լիակատար ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու իրավազորությունը TRIPP-ի իրականացման բոլոր տարածքների նկատմամբ։ ՀՀ իշխանությունները նաեւ ընդգծում են, որ սահմանային վերահսկողությունը, մաքսային գործառույթները, իրավապահ գործունեությունը, արտակարգ իրավիճակներում արձագանքումը եւ ազգային անվտանգության ապահովումը մնալու են Հայաստանի պատասխանատու մարմինների լիազորությունների ներքո։
Սակայն այս դրույթների առկայությունը չի վերացնում համաձայնագրի գործնական կիրառման հետ կապված հարցերը։ Մասնավորապես, կարեւոր է, թե ինչպես են բաշխվելու ընկերության եւ պետական մարմինների լիազորությունները, ինչ մեխանիզմներով են ընդունվելու ռազմավարական որոշումները, ինչպիսի վերահսկողություն է իրականացվելու ենթակառուցվածքների շահագործման նկատմամբ, եւ ինչ իրավական ընթացակարգերով է հնարավոր լինելու լուծել կողմերի միջեւ առաջացող տարաձայնությունները։
Մտահոգությունների պատճառներից մեկն էլ այն է, որ համաձայնագրի համաձայն՝ նախատեսվում է ընկերությանը տրամադրել բացառիկ հողօգտագործման եւ զարգացման իրավունքներ սկզբնական 49 տարվա ժամկետով։ Թեեւ փաստաթուղթը սահմանում է, որ Հայաստանը շարունակում է մնալ համապատասխան տարածքների եւ զիջումների իրավական տրամադրողը, իսկ պետական լիազորությունները պահպանվում են, այդուհանդերձ, երկարաժամկետ կառավարման եւ շահագործման մոդելը պահանջում է հստակ վերահսկողական մեխանիզմներ։ Հատկապես կարեւոր է, որ տնտեսական արդյունավետության նպատակով ստեղծվող կառավարման համակարգը չսահմանափակի պետական մարմինների իրական հնարավորությունները՝ վերահսկելու ենթակառուցվածքների գործունեությունը։
Մյուս խնդիրը փոխադարձության սկզբունքն է։ Հայաստանը պարտավորվում է ապահովել Ադրբեջանի հիմնական տարածքի եւ Նախիջեւանի միջեւ հաղորդակցությունը, սակայն անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչ համարժեք հնարավորություններ է ստանալու Հայաստանը Ադրբեջանի տարածքով անցնող հաղորդակցություններից օգտվելու առումով։ Արդարացիորեն բարձրացվում է նաեւ այն հարցը, թե ինչպիսի երաշխիքներ են նախատեսվում Հայաստանի քաղաքացիների եւ բեռների համար Ադրբեջանի տարածքով անցնելիս։ Եթե մի կողմի հաղորդակցային շահերն ամրագրվում են հստակ գործնական մեխանիզմներով, իսկ մյուս կողմի հնարավորությունները մնում են ապագա քննարկումների առարկա, ապա փոխադարձության սկզբունքը լիարժեքորեն ապահովված չի կարող համարվել։
Հետեւաբար, նախագծի հաջողության հիմնական չափանիշը պետք է լինի ոչ թե միայն ճանապարհների կառուցումը, այլ Հայաստանի պետական վերահսկողության, տնտեսական շահերի եւ անվտանգության երաշխիքների գործնական ապահովումը։ Ինքնիշխանությունը պետք է արտահայտվի ոչ միայն համաձայնագրի սկզբունքային դրույթներում, այլեւ ամենօրյա կառավարման, վերահսկողության եւ իրավական պատասխանատվության մեխանիզմներում։
Շարունակությունը՝ վաղվա համարում։
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
23.11.2026


















































