18-ամյա Արսեն Մարտիկյանի զինվորական ծառայության երկու ամիսը դեռ չէր լրացել, երբ նա նոյեմբերի 1-ին զոհվեց Արցախում: Այսօր լրացավ հերոսի հուղարկավորության 7-րդ օրը:
Արսեն Մարտիկյանը ժամկետային զինծառայող էր, ծնվել է 2002 թվականի ապրիլի 17-ին՝ Շիրակի մարզի Հովունի գյուղում:
Aravot.am-ի հետ զրույցում Արսենի հորաքրոջ աղջիկը, նրա դասընկերուհին՝ Լիլիթ Միրիջանյանն ասաց՝ հպարտ է, որ Արսենի հարազատն է, որ նրա դասընկերուհին է եղել, որ իր մանկությունն անցել է Արսենի հետ: Նա հերոսին այսպես բնութագրեց. «Արսենը մեր փոքրիկ գյուղի ամենամեծ սրտով տղան էր: Մենք բոլորս հիշելու ենք իրեն որպես ժպտերես, բարի ու միշտ հաղթող տղա»:
Արսենն ընդունակ էր, խելացի, համատեղում էր ուսումն ու աշխատանքը ընտանիքին գոնե ինչ-որ բանով օգնելու համար: Նա երեք եղբայրներից միջնեկն էր: Մեծ եղբայրը բանակից եկել էր, երեք օր անց նա էր մեկնել ծառայության:

Արսենը ընտանիքի անդամների հետ խոսելիս միշտ ասել է՝ ապահով են, իրենց վրա հարձակում չկա, ամենօրյա ծառայության մեջ է:
Արսենին գյուղում առանձնահատուկ են սիրում: Լիլիթն ասաց. «Մենք գյուղով Արսենին առհասարակ ուրիշ ձևով էինք սիրում: Իրենք երեք եղբայր էին, բայց Արսենը մեր գյուղի համար ուրիշ էր, գյուղի հպարտությունն էր, նա գնաց, բարձր պահեց մեր անունն ու գյուղի պատիվը, իր ծնողների պատիվը, որ մենք հպարտանանք նրանով: Ինքը զոհվեց հանուն մեզ, բոլոր տղերքը զոհվեցին հանուն մեզ, որ թեկուզ մենք հիմա ապրենք, իսկ այդ հողերը վաղ թե ուշ հետ ենք բերելու»:
Լիլիթն ասում է՝ չկա մի օր, մի վայրկյան, որ չհիշեն Արսենին, նա ամեն տեղ կար. «Շատ դժվար է առանց նրա, կիսատ է ամեն ինչ: Մեր բոլորի ընկեր Արսենը չկա: Չկար մի մարդ, որ չսիրեր նրան: Արսենը նկարվել չէր սիրում, երբ դասարանով ուզում էինք նկարվել, ասում էր՝ ի՞նչ պիտի անենք, ահա՝ ես այստեղ եմ, երբ կարոտենք, իրար կտեսնենք: Բայց գնաց, թողեց մեզ մենակ»:
Լիլիթը խորը վշտով պատմեց, երբ իմացել է, որ Արսենը զոհվել է, հավատը չէր գալիս. «Լաց էի լինում, բայց չէի հավատում, որ զոհվել է: Զանգում էի իր համարներին, ժամերով սպասում էի, որ վերցնի, զանգում էի հիվանդանոցներ, որ գոնե ասեին, որ վիրավոր է…մինչև հիմա էլ չեմ հավատում, գիտեմ, թե մի օր էլի գալու է, ու էլի պիտի գա, կանգնի մեր տան դիմաց ու կանչի՝ Լիլո…»:

Արսենն ապրիլյան պատերազմի օրերին էլ հանգիստ չի մնացել: 14 տարեկանում ուզում էր գնալ պատերազմ, բայց չէին տանում, թիկունքում իր գործը կատարեց. մի խումբ երեխաների հետ գումար ու սնունդ էր ուղարկում սահման:
Լիլիթն ասում է՝ խոստացել է, այնպես է անելու, որ ամբողջ երկիրը, ամբողջ աշխարհը ճանաչի հերոս Արսենին, ինքն էլ միշտ լինելու է Արսենի ընտանիքի կողքին:
Արսենին զինվորական ծառայությունից հետ չպահեց անգամ աչքերի հիվանդությունը: Լիլիթն ասաց՝ նեղանում էր, երբ ասում էին, թե կարող է և չծառայել:
Լիլիթին հարցրինք՝ ի՞նչ են խոսում Արսենի ծնողները, ինչպե՞ս են ընդունել Արցախի հարցով կայացված որոշումը: Նա ասաց. «Այնքան կոտրված են, այնքան մեծ է նրանց վիշտը, որ իրենց աչքին ոչինչ չի երևում՝ Արսենից բացի»:
Զրույցի ավարտին Լիլիթն ասաց՝ հպարտ է, որ Արսենի հարազատն է. «Հպարտ եմ, որ եղել եմ իր դասընկերուհին, որ իմ մանկությունը հերոս Արսենի կողքին է անցել: Ինչքան էլ, ցավոք, հիշենք Արսենին, նա գնաց, բայց պիտի հպարտանանք, որ նա մեր գյուղի պատիվը բարձր պահեց ու մնացածի պես չթողեց դիրքը: Մենք բոլորս պիտի հպարտանանք, որ մենք ենք ճանաչել Արսենին, մենք ենք իր հարազատները, ու աշխարհը պիտի իմանա հերոս Արսենին»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարները տրամադրել է Լիլիթ Միրիջանյանը


















































