Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդամենը 2 տարում անասնագլխաքանակի նման նվազումը իշխանության տնտեսական բլոկի որեւէ պատասխանատուի չանհանգստացրեց. «Ազգ»

Նոյեմբեր 14,2020 07:30

ՀՍՍՀ-ն համարվում էր գերհզոր խորհրդային երկրի կոշիկի արտադրության հզոր կենտրոններից մեկը, ուր 1985-ին թողարվկել է մոտ 20 մլն զույգ մոդայիկ ու նրբագեղ կոշկեղեն, որի էլ 65 տոկոսն արտահանվել է: «Մասիս», «Նաիրի», «Լյուքս» միավորումների արտադրանքը մեծ պահանջարկ ուներ ԽՍՀՄ բոլոր հանրապետություններում, քանզի համապատասխանում էր ժամանակի չափանիշներին: Ավաղ, այն կազմալուծվեց եւ այսօր ոլորտը գոյատեւում է հիմնականում փոքր ու միջին գործարարության շնորհիվ՝ բացառապես ներկրված կաշեհումքի եւ օժանդակ միջոցների հաշվին, որը հիմնականում իրականացվում է անբարյացակամ հարավային երկրից: Եվ հարցը՝ հնարավո՞ր է արդյոք ոլորտը վերակենդանացնել նորովի, հնչում է ինքնաբերաբար:

Պարզ է, որ այն առաջնահերթն առնչվում է կաշվի հետ, որը ժամանակին իրականացվում էր Ստ. Շահումյանի անվան ձեռնարկությունում: Որոշ հաղորդումներից տեղեկանում ենք, որ այն այժմ էլ գործում է, միայն թե՝ տարվա մի քանի շաբաթ. հումքի զգալի պակաս կա, քանզի ցաք ու ցրիվ սպանդի պայմաններում անասնակաշին այդկերպ էլ հավաքվում եւ ուղարկվում է դուրս, այլոց հումք ծառայում, հետո պատրաստի կաշվի տեսքով վերադարձվում ՀՀ: Այս գործընթացում էական է հատկապես խոշոր եղջերավորի գլխաքանակը: Ըստ մի շարք ռազմավարական հռչակված ծրագրերի կանխատեսվում էր տարիներ առաջ ունենալ 800 հազար գլխաքանակ, երբ 2016-ին պահվող 700 հազար խոշորից 2018-ին մնացել է 590 հազարը, որից կովերը՝ 320 հազար եւ 267 հազար: Արդյունքում՝ ՀՀ առեւտրային ցանցում հայտնվեցին կաթ պարունակող արտադրանք անվանմամբ կաթնամթերք, երբ հանրության պահանջն առավելապես առողջ սնունդ ունենալն է:

Ընդամենը երկու տարում անհրաժեշտ անասնագլխաքանակի նման նվազումը իշխանության տնտեսական բլոկի որեւէ պատասխանատուի չանհանգստացրեց: Կաթի ու մսի պակասորդը փակվեց ներկրումներով, նույնը՝ կաշվի պարագայում: Տարօրինակն այստեղ այն է, որ ոլորտի պատասխանատու ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հիմա էլ, բոյկոտի պայմաններում, մարդկանց առաջարկում են… կաշվի նոր շուկաներ փնտրել, երբ հարկ է տեղական արտադրություն կազմակերպել, պատրաստի կաշի արտահանել, շուկաներ գրավել: Թե ո՞ւր մնաց այդ կառույցի աշխատանքի արդյունավետության բարձրացման ակնկալիքը, կապված աշխատավարձերի ու պարգեւավճարների կտրուկ բարձրացման հետ, պարզապես պարզ չէ: Փոխարենը պարզից էլ պարզ է, որ հատկապես գյուղոլորտը ՀՀ էկոնոմիկայի նախարարության կազմում ընդգրկելը հարկ է, որ արտացոլվեր առավել գործնական դրսեւորումներով՝ հումք մատակարարելով վերամշակողներին եւ սնունդ՝ բնակիչներին: Առայժմ փաստ է, որ անգամ շաքարավազի հումքն է ներկրվում, երբ ՀՀ վարելահողերի էական մասը չի մշակվում, ողջ երշիկեղենը պատրաստվում է ներկրված խոր սառեցված մսատեսակներից…

Համաշխարհային զարգացումները հաստատում են, որ տնտեսական արդյունքները գրանցվում են առանձին վերցրած ոլորտների հաջողությունների շնորհիվ, այլ ոչ՝ ընդհանրական ձեւակերպումներով: Լուծված խնդիրը վստահություն է ներշնչում, որ անլուծելի հարցեր չկան, հաջողությունը յոթ սարի ետեւում չէ, այլ՝ հարեւանությամբ: Մնում է այն նկատել, այդկերպ բազմապատկել ՀՀ ՀՆԱ-ն, որից գոյացող միջոցներով էլ մեր չքնաղ Հայաստանն անխոցելի դարձնել:

Գեղամ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30