Կապիտան Արսեն Ահանյանը մեկն է այն քաջորդիներից, որ զոհվեց հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում: Նա թշնամու գնդակից ընկավ Ջաբրայիլում՝ հոկտեմբերի 13-ի առավոտյան։
Քույրը՝ Արմինե Ահանյանն Aravot.am-ի հետ զրույցում պատմում է, թե ինչ երազանքներ ուներ եղբայրը, ինչ ընկերասեր էր, կատակասեր էր, ֆուտբոլի մեծ երկրպագու, լավ հրամանատար: Ասում է՝ նախ սովորել էր Չելյաբինսկում, ապա կրթությունը շարունակել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, իսկ 2010 թվականից Արսեն Ահանյանը ծառայում էր Ստեփանակերտի N զորամասում՝ տանկային գումարտակում, վաշտի հրամանատար էր: Արսենն ամուսնացած էր, երկու արու զավակ ունի՝ Արմանը հինգ տարեկան է, Նարեկը՝ երկու։


Կարդացեք նաև
Լույսը բացվեց։ Պատերազմ է։
Ահազանգեց աշխարհն հայոց։
Թուրքը ելել ,եկել-հասել,
Հայոց երկրի շեմն է պատել։
Ելան քաջերն մեր հայկազուն,
Վերցրին զենքերն իրենց խոսուն։
-Պարտք է ,պետք է, որ կատարենք ,
Հայոց աշխարհն ազատ պահենք,-
Ասին նրանք ու գնացին։
Գնացի՛ր դու,ի՛մ հերոս ջան,
Ի՛մ քաջ եղբայր,անմա՛հ եղբայր
Ընկար և դու՛ ,ընկար ինչպես հերոսներն են
Ընկնում դաշտում, երբ պահում են հողը այս սուրբ։
Որը մեզ է հասել Հայկից,մեր պապերից ու հայրերից։
Բայց մեզ թողիր ցավ ու մորմոք։
Չի դիմանում սիրտս ցավող։
Բայց հպարտ եմ նաև քեզնով
Որ պահապան եղար ազգիս։
Ուզում եմ ,որ անվերջ գոչեմ ու բղավեմ,
Հերոս ունենք…,բայց Արսեն ջան,
Պե՞տք էր, արդյոք,այդ հերոսը…
Հերոսը ողջ ,առողջ է պետք…
Ե՛լ , իմ եղբայր,ի՛մ քաջ Արսեն ,
Ե՛լ ,սփոփի՛ր ցավն այս դաժան,
Ե՛լ ու կանգնի՛ր, դու սահմանին,
Վտանգված է հող հայրենին:
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ
Լուսանկարները տրամադրել է Արմինե Ահանյանը


















































