Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է մեղավոր. Անդրանիկ Քոչարյանը՝ Դավիթ Տոնոյանի «մեղքերի» մասին

Նոյեմբեր 18,2020 15:30

Ըստ նրա՝ Դավիթ Տոնոյանը քավության նոխազ չի, բայց պատասխանատու է:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյան-ՊՆ նախարար Դավիթ Տոնոյան հեռակա բանավեճ է սկսել այն բանից հետո, երբ լրագրողների հետ ճեպազրույցում Քոչարյանը հայտարարեց, թե նախարարը ձկնորսի համազգեստով է, ինչին եղավ Տոնոյանի պատասխանը:

«Առավոտի» հետ զրույցում Անդրանիկ Քոչարյանը, մեր հարցին՝ տպավորություն է, որ քավության նոխազ եք ուզում սարքել Դավիթ Տոնոյանին, ինչո՞վ է մեղավոր Տոնոյանը, պատասխանեց. «Բայց ո՞վ է ասում Դավիթ Տոնոյանն է մեղավոր, մեղավորների տարբեր մակարդակներ կան: Դավիթ Տոնոյանը մեղավոր է, որովհետեւ ինքը պաշտպանության նախարարն է, հիմա ոչ մեկը մեղավոր չի՞, Դավիթ Տոնոյանը մեղավոր չի՞, այլ նախարարներ մեղավոր չե՞ն: Կառավարությունը գնալու է կադրային լուրջ փոփոխությունների, եւ ես կարծում եմ, որ ճիշտ է անելու»:

Դիտարկմանը՝ ստացվում է, որ գլխավորը՝ բուրգի վերեւում կանգնածը, մեղքը բարդում է մյուսների վրա, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Ո՞վ ասեց: Դուք այսօրվա իմ ելույթը լսեցի՞ք, լավ չե՞ք ընկալել, թե ես ինչ շատ կարեւոր դրույթներ եմ ասել»: Հարցին՝ լավ, ըստ ձեզ, գլխավոր գերագույն հրամանատարը մեղավորություն չունե՞ր ստեղծված իրավիճակում, Քոչարյանը պատասխանեց. «Ամեն մեկն իր կառավարման թերությունների համար կստանա ե՛ւ գնահատական, ե՛ւ պատասխաններ, ամեն մեկը՝ իր նախատեսված քաղաքական հարթակում: Հիմա խոսքը վերաբերում է այն իրավասություններին, որը բացառիկ է կառավարության եւ իշխող կուսակցության համար: Եթե կառավարությունը գնում է կադրային փոփոխությունների՝ հաշվի առնելով այն իրողությունները, որը պատերազմը դրել է մեր երկրի առջեւ, ուրեմն պետք է գնալ այդ փոփոխություններին, միաժամանակ ձեր բարձրացրած բոլոր հարցերը պահանջում են լուծումներ, եւ այդ լուծումները պետք է լինեն անպայման քաղաքական հարթության մեջ: Ես ասել եմ, որ պետք է լինի ճանապարհային քարտեզը այդ իրողությունները մեղմելու, եւ պետք է լինի գաղափար: Գաղափար է իմ համար զինված ուժերի այս փշրանքները հավաքել եւ ձեւավորել այն զինված ուժերը, որը շատ արագ պետք է պատրաստ լինի մեկ այլ պատերազմի, որը լինելու է այս պատերազմից ավելի տարողունակ՝ սպառազինության առումով: Մենք դեռ չգիտենք, չէ՞, հակառակորդն ինչպիսի սպառազինություն ունի: Պարզ է, չէ՞, որ գրանատամյոտով հաստատ մենք ԱԹՍ չենք խփելու կամ էլ գրանատամյոտով միշտ չի, որ հասանելի է ռազմատեխնիկան՝ տանկերը, մեքենաները, հրետանին եւ այլն; Պարզ է, չէ՞, որ միայն «Բայրաքթար» անունն էին հնչեցնում, բայց ինչի՞ չեն նշում «սպայկաների» հնարավորությունը, հակահրթիռային կարողությունները: Բա, եթե դրանք գիտեինք, այդ դեպքում գոնե մեր ինժեներական կառույցները այնպիսին լինեին, որ օդից թափող կրակը ինչ-որ չափով մեղմվեր գետնի վրա ծառայություն տանող մեր զինվորականների համար: Հարցեր են, չէ՞, բա ո՞վ է մեղավոր»:

Մեր դիտարկմանը, որ դուք՝ որպես հանձնաժողովի նախագահ, պիտի որ այդ հարցերին տիրապետեիք, իմանայիք, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Դուք հիմա ինձ տալիս եք հարցեր՝ որպես գործադիրի: Ես, որպես հանձնաժողովի նախագահ, այդ հարցերի հնչեցումը, քննարկումները, դրանց պահանջները, քննարկումները, բյուջեի ժամանակ փակ նիստում բարձրացված խնդիրները, դրանք բոլորը դրված են: Ուրիշ բան, որ այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ սպառազինություն գնելուց առաջ չի վերլուծվել, թե Հայաստանին ինչ է պետք՝ հաշվի առնելով հակառակորդի հնարավորությունները»: Հարցին՝ ՍՈՒ-30-ը նկատի ունե՞ք, նա պատասխանեց. «Ես միշտ ասում եմ ՍՈՒ-30-ը, որովհետեւ ես հասկանում եմ, որ ՍՈՒ-30 առնելուց առաջ պետք է ամբողջ համակարգ առնել: Լավ, ՍՈՒ-30 չեմ ասում, ինչո՞ւ մեր ՍՈՒ-25-երի թռիչքներն այդքան սակավ էին, մենք ասում ենք՝ օդը այնտեղ պաշտպանված չէր, դա էլ է խնդիր, ո՞վ է մեղավոր: Մենք ունեցել ենք СПН-30 եւ СПН-40, 19 թվականին դրանք ոչնչացվել են, այսպես ասեմ՝ դրանք հակաէլեկտրոնային պայքարի այն միջոցներն են, որոնք նախապապերն են այն կառույցների, որոնք այսօր ժամանակակից ծառայություն են տանում աշխարհի տարբեր անկյուններում, մենք դրանք, չգիտես ինչու, ոչնչացրել ենք: Հասարակ մի բան՝ մենք ունեցել ենք նաեւ բանակում ծխային, սովորական մեքենա, որ ծուխ է հանում, ծխածածկույթ են ապահովում, այդ մեքենաներն ինչո՞ւ չկային: Ովքե՞ր են մեղավոր»:

Մենք ճշտեցինք՝ դուք դավադիր բա՞ն եք այստեղ տեսնում, նա պատասխանեց. «Ոչ, դավադիր բան չեմ տեսնում, այլ՝ անտարբերություն: Այսինքն, պատերազմի հնարավոր սցենարների բացակայություն՝ ինչպիսի պատերազմ է, ինչպիսի կիրառման բաների, լավ, Թուրքիայի մասնակցությունը նկատեցինք եւ այլ մասնակցություններ նկատեցինք, բայց այսօր ես կարծում եմ, որ գլխավոր շտաբի պետը հունիս թե հուլիս ամիսներին հանդես է եկել Անվտանգության խորհրդում, որ այսպիսի կարողությունների խնդիր կա, ինքը տեսնում է: Բայց մեր գլխավոր շտաբի պետը ինքը բարոյական առումով իմ համար ամենապարկեշտ զինվորականներից մեկն է, որն իր ամբողջ կյանքը դրել է մեր հայրենիքի պաշտպանությանը: Ինքը նոր էր նշանակվել, բայց իրենից առաջ եղել են չէ՞ ԳՇ պետ Դավթյան Արտակը, դրանից առաջ Դավթյան Արտակը պատասխանատու էր նաեւ ապրիլյանի համար, որովհետեւ օպերատիվ վարչության պետն է եղել, բայց այդ մարդիկ այսօր էլ բանակում դերակատարում են ունեցել: Հիմա հարց եմ տալիս՝ մեր ռազմաօդային ուժերի հրամանատարը թռնող չի, խոսքը վերաբերում է նախկին հրամանատարին, որն այսօր ավելի բարձր պաշտոն է զբաղեցնում: Ներկայիս ռազմաօդային ուժերի հրամանատարն իր առողջական վիճակով ի վիճակի է թռնել, բայց ես ճշտել եմ, որ 4-5 թռիչքների ժամանակ մասնակցություն չի ունեցել:

Այդ ուժերի հրամանատարը պետք է թռներ: ՍՈՒ-25-երը պետք է թռնեն, վերջին հաշվով մեր կորուստները ՍՈՒ-25-երի շատ աղետալի էր, ողբերգական: Հիմա պարոն Գասպարյանը նոր էր եկել, ինքը նոր պետք է աշխարհազոր ներկայացներ, բայց մոբ ռեսուրսի այս խայտառակ վիճակի համար ո՞վ է պատասխան տալու՝ պաշտպանության նախարարությունը, շտաբը չի, որովհետեւ զինկոմիսարիատները, մոբիլիզացիոն վարչությունները դրանք պաշտպանության նախարարության…խաղաղ պայմաններում ՊՆ նախարարն է ղեկավարում եւ ԳՇ-ն: Բայց հիմա ճիշտ հասկացեք, այս ամենի համար… դուք հիմա ասում եք՝ Տոնոյանը քավության նոխազ…Ո՛չ, քավության նոխազ չի, պատասխանատվություն է: Եթե ես այստեղ ինչ-որ հարցի պատասխանում եմ, ինձ էլ պետք է գցեք քացու տակ»:

Հարցին՝ հարցը քացու տակ գցելը չի, բայց դուք հանձնաժողովի նախագահն եք,վստահաբար տիրապետել եք, չէ՞, ինչ է կատարվել, նա պատասխանեց. «Վստահաբար, դուք, երևի, նկատել եք, որ մեր հանձնաժողովի ակտիվությունը երբեք պակաս չի եղել, էլ չեմ ասում այն ծավալը միայն ապրիլյան քննիչ հանձնաժողովի մասով, դա աննկարագրելի մեծ ծավալ է՝ հաշվի առնելով փորձագետների սակավաթվությունը»:

Մեր հարցին՝ ձեզ մեղադրում են, որ դուք եկած օրվանից վարկաբեկում եք զինվորականներին, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Ո՞վ է մեղադրում: Իսկ ես հիմա ձեզ մեղադրում եմ, որ Սերժի Արայիկին ներկայացնում եք որպես ահաբեկված: Դուք տպել եք, որ Սերժի Արոն, որը Կորյուն Եղիազարյանն է նաեւ, ինքը Սերժի Արոն է, դա էն խմբերն են, որոնք տարիներ շարունակ մեր հասարակությանն էլ են ահաբեկել, ունեցվածք էլ են ապօրինի դիզել, ամեն ինչ, զենքեր ինչքան ասեք ունեն: Ես հարց տվեցի այդ տղային՝ քանի՞ օրինական զենք ունեք, ասեց՝ վայթեմ 7, երկու ատրճանակ, որից մեկը նվիրել է Սեյրան Օհանյանը, մյուսը՝ չգիտեմ որ բանը, ավտոմատներ…Կներեք, ես պիտի ահաբեկվեմ: Ես եղել եմ, նայեք իմ կենսագրությունը»:

Մեր դիտարկմանը, որ եթե զենքն օրինական է, ի՞նչ անել, դուք էլ կունենաք օրինակ զենք, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Ես օրինական ունեմ «Կարաբին»՝ Քելբաջարի գրավման համար՝ պաշտպանության այն ժամանակվա նախարար Վազգեն Մանուկյանի կողմից՝ հրամանով ճանաչված, օրինական»:

(«Առավոտ». պրն Քոչարյանը մեզ է վերագրել «Հրապարակի» հոդվածը, ըստ որի՝ ինքն օրեր առաջ նվաստացրել է զորամասերից մեկի հրամանատարին, որը զեկուցագիր է ներկայացրել պաշտպանության նախարարին՝ մանրակրկիտ ներկայացնելով Անդրանիկ Քոչարյանի պահվածքը.-խմբ.):

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
18.11.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30