Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես կանխել Արցախի հայաթափումը

Նոյեմբեր 19,2020 12:30

Կամ ինչպես տնտեսական ռեսուրսներ եւ խթաններ որոնել Արցախի ակտիվ վերաբնակեցման խնդիրը լուծելու համար

Պատերազմի արհավիրքներով անցած եւ Երեւանում ապաստան գտած արցախցու դիմաց հիմա արդեն դժվար է դնել հետդարձի ճամփան բռնելու պարտադրանքը: Չես կարող մեղադրել Արցախ վերադառնալ հրաժարվող հայ մարդուն, որի երկրորդ սերունդն է արդեն անցնում պատերազմի միջով` դրան զուգահեռ մշտապես ականատեսը լինելով երեւանյան ապահով կյանքին:

Ադրբեջանի փախստականների վերադարձի ռազմավարությունն էլ հենց միտված է դրան, որ պերմանենտ պատերազմի սպառնալիքներով հայերը թողնեն Արցախը, իսկ թուրքալեզու ցեղերն արագորեն հաստատվեն հայաթափված տարածքներում: Նրանք դա անպայման կանեն պետությունից նավթադոլարներով նպաստ եւ ֆինանսական օժանդակություն ստանալով: Անգամ վտանգ եւ ռիսկեր եմ տեսնում, որ ադրբեջանական անձնագրերով այլ աղքատ երկրներից ահաբեկիչները, ինչպես որ նավթադոլարների ուժով կռվում էին մեր դեմ, այնպես էլ նույն ֆինանսական աջակցությամբ կվերաբնակեցվեն Արցախում:

Իսկ ի՞նչ պիտի անենք մենք, որ չունենք նավթային փողեր եւ ունենք ընդամենը հայրենասիրություն եւ մաքառելու կամք: Եկեք անկեղծանանք, որ հայրենասիրական հորդորներով այլեւս չենք կարող կանխել Արցախի հայաթափման ռիսկերը: Այստեղ պետք ենք պետականամետ եւ սոցիալ-տնտեսական նորմոտեցումներ:

Առաջին. ի վերջո, պիտի գիտակցենք, որ միայն արցախցու պարտքը չէ պահելու իր հողը: Եթե Հայաստանից մեկնած հազարավոր հայ զինվորները զոհվում են արցախյան հողում, ուրեմն հարյուր հազարավոր հայեր պետք է հարգեն նրանց պայծառ հիշատակը եւ մասնակիցը դառնան Արցախի դեմոգրաֆիական փրկությանը: Անհրաժեշտ ենք գտնում, որ Հայաստանցի մասնագետների մի մասը տարեկան երկու-երեք ամիս գործուղվի Արցախ, այնտեղ կատարի իր առաքելությունը, եթե անգամ չի ուզում մշտապես հաստատվել Ստեփանակերտում: Այդ մարդը կարող է լինել ուսուցիչ, բանվոր, կամ գյուղատնտես, որի գործունեությունը կարգավորվելու եւ խրախուսվելու է պետական մակարդակով:

Երկրորդ. Արցախում իրականացվող ձեռնարկատիրական գործունեությունը ոչ միայն պետք է ազատվել հարկերից, այլեւ ՀՀ ձեռներեցներին պետք է տալ նաեւ բազում սոցիալ-տնտեսական անձնական, եւ անգամ՝ ընտանեկան արտոնություններ: ՀՀ բնակիչները պետք է համոզված լինեն, որ Ստեփանակերտում իրականացվող գործարարության արդյունքում արդեն իսկ Երեւանում կստանան անվճար սովորելու, վարկեր ստանալու, բիզնես զարգացնելու, հանգիստը կազմակերպելու պետական աջակցություն եւ հանրային օժանդակություն:

Երրորդ. անգամ, եթե հայ մարդը հանգամանքների բերումով հնարավորություն չունի անմիջական մասնակիցը դառնալու արցախյան սոցիալ-տնտեսական կյանքին, ապա նա պարտավոր է համազգային տուրք վճարելով եկամուտներից, իր մասնաբաժինը ունենալ Արցախի տնտեսական հզորացմանը: Այդ մասին արդեն ներկայացրել եմ սեփական մեկնաբանություններ «Առավոտի» «Համազգային տուրքի եւ ապահովագրավճարների մասին» (Հոկտեմբեր 28,2020) հոդվածում:

Ի վերջո, երեսուն տարի արցախյան հարցում ամպագոռգոռ կոչերով հայրենասիրություն քարոզեցինք, բայց այդ հողը շենացնելու շատ քիչ բան արեցինք: Հիմա արդեն մտնում ենք տնտեսական ռեսուրսների պատերազմի փուլ, որտեղ ունենք շատ ավելի ուժեղ հակառակորդ: Ուրեմն ժամանակն է ուշքի գալ, ձգել մեր գոտիները, տնտեսական միջոցներ եւ խթաններ որոնել Արցախի ակտիվ վերաբնակեցման խնդիրը լուծելու համար: Այլապես այն շատ ավելի արագ այն կանեն մեր թշնամիները, որոնք անգամ առանց մի կրակոցի կհասնեն մեր պատմական հայրենիքի հայաթափման իրենց վաղեմի երազանքին:

Արմեն ՃՈՒՂՈՒՐՅԱՆ

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

«Առավոտ» օրաթերթ
18.11.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30