Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունը հրապարակվելուց հետո Երեւանում տարբեր բուհերի ուսանողների մի խումբ նախաձեռնություն է հանդես բերել եւ տարածաշրջանում ստեղծված իրավիճակի մասին իրենց վերլուծություններով նամակ- դիմումներ է փոխանցում մեր տարածաշրջանում հետաքրքրություններ ունեցող երկրների դեսպանություններին: Այսօր ուսանողական խումբը եկել էր Հայաստանում ՌԴ դեսպանատուն:

Մասնավորապես, այսօր ՌԴ դեսպանատանը հանձնելիք երկլեզու (հայերեն եւ ռուսերեն) նամակում մենք մեր մտահոգություններն ենք հայտնում այն հեռանկարային վտանգներին, որոնք կարող է ունենալ ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը, այլեւ տարածաշրջանը եւ հենց Ռուսաստանի դաշնությունը:
Առաջինն անդրադարձել ենք Թուրքիային, որը միակողմանի եւ ագրեսորի աջակցություն ցուցաբերեց Ադրբեջանին ոչ միայն խոսքով, այլեւ գործողություններով: Թուրքիայի ամրապնդումը տարածաշրջանում, նրա դերի մեծացումը վնաս է ինչպես Հայաստանի Հանրապետությանը, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությանը:
Կարդացեք նաև
Անդրադարձել ենք ահաբեկիչների գործոնին, քանի որ բազմաթիվ փաստեր կան, որ հենց Թուրքիայի հովանավորությամբ են Ադրբեջանի զինված ուժերը դրանք կիրառել: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան եւս նշել է, որ ահաբեկիչները տարածաշրջանից չեն վերացել: Հետեւաբար, մենք փաստում ենք, որ այս փաստաթղթով Ադրբեջանի դիրքերի ամրապնդումը չի վերացնում Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից ահաբեկիչների օգտագործումը:
Հաջորդ կետով անդրադարձել ենք այն փաստաթղթին, որով գրեթե երկու անգամ կրճատվում է նախկին ԼՂԻՄ տարածքը, իսկ երեկ էլ հրապարակվեց, որ Մարտակերտի շրջանի եւս յոթ գյուղ անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ: Դա նշանակում է, որ հայ բնակիչների համար կրկնակի կրճատված տարածք հետ վերադառնալը ավելի բարդ է իրականացնել, երբ այդ տարածքը փաստացի նաեւ բոլոր կողմերից ընկնում է ադրբեջանական շրջափակման մեջ: Սրա հետ կապված՝ խաղաղապահների առաքելությունը ավելի իրատեսական կլիներ, եթե ավելի շատ բնակիչների անվտանգություն հնարավոր լիներ ապահովել: Սակայն ներկա փաստաթղթով այս փոքր տարածք շատ հայեր չեն ցանկանալու վերադառնալ: Մենք կարծում ենք, որ հետագա փաստաթղթով, որը վերջնական ձեւակերպում պետք է ստանա, պետք է գոնե ԼՂԻՄ տարածքի ինչ-որ հատվածներ կրկին միանան»:
Դավիթ Զաքարյանը նաեւ նշեց, որ իրենց նպատակն է նաեւ նշված երկրներին ցույց տալ, թե մեր հանրությունը իրենց նկատմամբ ինչպիսի վերաբերմունք եւ ակնկալիք ունի: Նրա խոսքով, վերջերս Ռուսաստանը սոցհարցման միջոցով պարզել էր, որ Հայաստանի քաղաքացիների գերակշիռ մասը որպես գործընկեր տեսնում եւ սատարում է Ռուսաստանին, այնուհետեւ՝ Ֆրանսիային, Իրանին եւ ԱՄՆ-ին: Իրենք նամակ-դիմումներ են հղել բոլոր այդ երկրներին՝ փորձելով ցույց տալ, թե ինչպիսի հասարակական տրամադրություններ կան, որպեսզի իմանան, որ իրենց գործողություններին Հայաստանի հասարակության մի մեծ հատված իրոք սպասում է եւ հետագա երկարաժամկետ խաղաղության համար փաստաթուղթը պետք է ձեւակերպումներում անպայման փոփոխություններ ունենա:
ՌԴ դեսպանությունում ասացին, որ խմբին ոչ ոք հանդիպել կամ ընդունել չի կարող եւ խորհուրդ տվեցին նամակը գցել հատուկ դրա համար նախատեսված փոստարկղ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































